Ոչ միայն այսօր, այլ նաև ԽՍՀՄ տարիներին հայ երիտասարդության զգալի մասը իր ապագան պատկերացրել է Հայաստանից դուրս. այս կարծիքին է սոցիոլոգ, «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի նախագահ Ահարոն Ադիբեկյանը: Նա նշում է, որ եթե այսօր «մեր երկրում տեղ չեն տալիս երիտասարդին, նա օտար ափերում է փնտրում իր երջանկությունը»:
Նշենք, որ օրերս միջազգային հեղինակավոր Gallup կազմակերպության անցկացրած հարցման համաձայն՝ հետխորհրդային երկրներից Հայաստանի բնակչությունն ամենաշատն է հակված արտագաղթելուն: Հարցումները պարզել են, որ Հայաստանի բնակչության 40 տոկոսը պատրաստ է արտագաղթելու:
«Մեզ մոտ այնպիսի ժամանակներ են, որ պոլիտեխնիկն ավարտած տղան չգիտի, թե իր գիտելիքը որտե´ղ կիրառի, որտե´ղ աշխատի: Գնում է Ռուսաստան, Եվրոպա, որ իր մասնագիտությամբ աշխատի, դա բնական վիճակ է»,- «Մեդիալաբին» ասում է Ահարոն Ադիբեկյանը:
Նա նշում է, որ աշխարհի բոլոր երկրներում է այդպես. միլիոնավոր տաղանդավոր երիտասարդներ գնում են այն երկրներ, որտեղ կարողանում են իրենց գիտելիքները կիրառել: Ստեղծված իրավիճակում, ըստ Ահարոն Ադիբեկյանի, դա բնական վիճակ է, երիտասարդին մեղադրել չի կարելի: Ըստ նրա՝ կա´մ պետք է Հայաստանի կրթական համակարգը փոխել, կա´մ ընդունել, որ մենք ուղեղների արտահոսք են ձևավորում, մարդկանց տալիս ենք այն կրթական մակարդակը, որն օտար ափերում պահանջվող որակ է:
Այն հարցին, թե ինչո´ւ է Հայաստանը հետխորհրդային երկրների թվում արտագաղթի առումով առաջատարը, սոցիոլոգը պատասխանեց, որ հայերն ավելի մրցունակ են աշխատաշուկայում, քան տաջիկները, ուզբեկները կամ թեկուզ ադրբեջանցիները:
«Մերոնք տիրապետում են կա´մ անգլերենին, կա´մ ռուսերենին, ունեն բավական հիմնավոր կրթություն, դրա համար բավական վստահ են արտագաղթում՝ իմանալով, որ չեն կորչի: Իսկ այն սերունդը, որը ո´չ կրթություն ունի, ո´չ մասնագիտություն, լավագույն դեպքում գնալու է սևագործ բանվոր աշխատի, հավաքարար կամ սպասավոր: Կրթական մակարդակը մեզ համար դառնում է աղետ: Մի կողմից դա լավ է, որ մենք կրթված ազգ ենք, բայց մյուս կողմից` դա բերում է ուղեղների արտահոսքի»,- ընդգծում է Ահարոն Ադիբեկյանը:
Հայերի կրթական մակարդակը, ըստ նրա, ԽՍՀՄ տարիներին էլ էր բարձր, այսօր կարծես հաջողվում է դա պահպանել:
Այս ամենը բացասաբար է անդրադառնում երկրի ժողովրդագրական վիճակի վրա: Ադիբեկյանը նշում է, որ վերածվում ենք կրճատվող ու ծերացող ազգի: Արդեն որոշ վերլուծությունների համաձայն՝ ոչ հեռավոր ապագայում Հայաստանում կմնա 1,5 մլն մարդ, որոնց մի մասը հայ չի լինի:
«Քանի որ արտագաղթը երիտասարդների շրջանում է մեծ, դա բերում է նրան, որ մենք դառնում ենք ծերացող ազգ»,- նշեց նա:
Հիշեցնենք, որ վերջերս Եվրամիությունը Հայաստանին 1 միլիոն եվրո էր տրամադրել՝ արտագաղթը կանխելուն ուղղված ծրագրերի իրականացման համար:
Սրան զուգահեռ շարունակվում է վերջին տարիներին բուռն հետաքրքրություն առաջացրած Հայաստանից արտագաղթին նպաստող ՌԴ «Համերկրացիներ» ծրագիրը, որն իրականացվում է Ռուսաստանի նախագահի հրամանագրով: Այս ծրագրի շրջանակներում արդեն հազարավոր հայեր են ընտանիքներով տեղափոխվել Ռուսաստան բնակության և ապահովվել աշխատանքով ու բնակարանով:
Մինչ իշխանությունները փորձում են արտագաղթի ծավալները սքողել, իսկ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարում է, թե ՀՀ քաղաքացիները հիմնականում գնում են բարձր աշխատավարձի հետևից, Հայաստանից արտագաղթողների թիվը տարեցտարի ավելանում է:
Միայն պաշտոնական վիճակագրության համաձայն` 2012 թվականին Հայաստանից անվերադարձ հեռացել է 49.660, 2011-ին` 49.126, իսկ 2010-ին` 57.240 ՀՀ քաղաքացի: Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` 2008-2012 թվականների ընթացքում Հայաստանից արտագաղթել է 204 հազար ՀՀ քաղաքացի: Սա պաշտոնական տվյալներով, իսկ իրականում այս ցուցանիշն ավելի բարձր է:
© Medialab.am