ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է ԱԷՄԳ գլխավոր տնօրենին

Հուլիսի 18-ին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Վիեննայում հանդիպել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսսիի հետ: Հանդիպումը կայացել է նախարարի՝ Ավստրիա աշխատանքային այցի շրջանակներում։

Այս մասին հայտնում են Արտաքին գործերի նախարարությունից։

Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են, որ Հայաստանի և ԱԷՄԳ միջև հաստատվել է արդյունավետ և սերտ համագործակցություն՝ ուղղված Հայաստանում միջուկային անվտանգության և էներգետիկայի բնագավառում կարողությունների ամրապնդմանն ու միջուկային էներգիայի խաղաղ և անվտանգ օգտագործմանը:

Հանդիպման ընթացքում քննակվել են Հայաստան-ԱԷՄԳ ընդգրկուն օրակարգի մի շարք հարցեր, մտքեր են փոխանակվել էներգետիկայի, առողջապահության, շրջակա միջավայրի ոլորտներում իրականացվող նախագծերի և փոխգործակցության ընդլայնման հեռանկարների շուրջ: Ռաֆայել Գրոսսին գոհունակություն է հայտնել ԱՄԷԳ նախաձեռնություններում ՀՀ ակտիվ ներգրավածության և աջակցության համար, այդ թվում՝ ՄԱԿ կլիմայական փոփոխությունների համաժողովի շրջանակներում ներկայացվելիք «Ատոմային էներգիայի վերաբերյալ» հայտարարությանը ՀՀ միանալու կապակցությամբ։ Երկուստեք կարևորվել է նաև ԱԷՄԳ «Հույսի ճառագայթներ» (“Rays of Hope”) ծրագրին Հայաստանի ներգրավածությունը՝ ուռուցքաբանության և մասնավորապես ճառագայթային բժշկության ոլորտում առաջընթացի ապահովման նպատակով։

Անդրադառնալով ԱԷՄԳ գործունեությանը և հայկական ատոմային էլեկտրակայանի անվտանգ շահագործման շրջանակներում իրականացվող ծրագրերին ու այս ուղղությամբ առկա երկարամյա հաջողված փորձին՝ երկուստեք ընդգծվել է ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման հարցն անհիմն քաղաքական շահարկումներից զերծ պահելու անհրաժեշտությունը։

Հանդիպման օրակարգում են եղել նաև տարածաշրջում անվտանգային իրավիճակին վերաբերող հարցեր: