«Նեմեց Ռուբո անունով հայտնի մարդը բարբաջանքների չափաբաժինն է շաղ տվել`պնդելով, թե ինչ-որ ժամանակ ինձ փող է տվել». Նիկոլ Փաշինյան

Ռուբեն Հայրապետյանի աղմկահարույց հարցազրույցը շարունակում է հայտարարությունների եւ բուռն քննարկումների տեղիք հանդիսանալ: Այս անգամ հայտարարություն է տարածել ՀԱԿ պատգամավոր, մինչ պատգամավորական մանդատը «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը` որակելով Հայրապետյանի պահվածքը որպես «աննամուսություն»:
Հիշեցնենք, որ հայտնի հարցազրույցում, ըստ «Les Nouvelles d’Armenie»-ի Հայրապետյանը ասել է.
«Օրինակ, երբ Նիկոլ Փաշինյանի թերթը փակել էին, ես մի տարի իրեն փող եմ տվել, որ թերթ պահի, չնայած երբեք չեմ ասել դա:
…Այդ մարդիկ իմ թշնամին դարձան, երբ 2007-2008 թթ հրաժարվեցի աջակցել ԼՏՊ-ին ու ֆինանսավորել նրա ընտրարշավը՝ մի բան, որ ոչ մի դեպքում չէի անի: Նրանք փորձեցին վախեցնել ինձ, բայց ես վախեցողներից չեմ:
Անկասկած դրա համար եմ ես “մեղավոր” ու “հանցագործ”: Եվ անկասկած դա է պատճառը, որ նրանք իրենց իրավունք են վերապահում իրենց էջերում ինձ վրա ամեն տեսակ կեղտ լցնելու: Իսկ հիմա անմեղ դիակ են գցում ինձ վրա, առանց իրենք իրենց հարցնելու՝ արդյո±ք դա արդարացի է: Ես ոչ այդտեղ էի, ոչ էլ տեղյակ էի դրանից, ոչ մի բան: Ինչո՞ւ են անմեղ դիակը գցում ինձ վրա»:

Նիկոլ Փաշինյանի պատասխան-հայտարարությունը` ստորեւ:

«Նեմեց Ռուբո անունով հայտնի մարդը բարբաջանքների հերթական չափաբաժինն է շաղ տվել: «Les Nouvelles d’Armenie» հանդեսին տված հարցազրույցում կրկին անդրադարձել է իմ անձին, պնդելով, թե ինչ-որ ժամանակ ինձ փող է տվել:

Տվյալ անձնավորությունը ակնհայտորեն մազոխիստ է՝ աննամուսության աղաղակող դրսեւորումներով: Ամեն անգամ մի հիմարություն դուրս է տալիս, հետո թե՛ տղայական, թե՛ քաղաքական, թե՛ մարդկային, թե՛ բարոյական իմաստով խայտառակվում Հայաստանով մեկ, հետո նորից կրկնում նույնը:

Լրագրողների ներկայությամբ տուտուցլամիշ էր եղել, թե ինքը ծեծող տղա է, բայց իրավապաշտպան Արման Վեզիրյանի վրա հարձակվելուց հետո հաջորդ օրն իսկ զանգահարել, աղիողորմ ներողություն էր խնդրել, որ գործուն զղջման տակ ընկնի, ինչ է, թե դատարանը 200 հազար դրամ չտուգանի իրեն, կամ եռամսյա կալանք չտա: Երեւի վախենում էր քրեակատարողական հիմնարկներում այդ երեք ամսվա ընթացքում իր հետ վատ արարքներ անեն:

Հայտարարեց, թե պատգամավորի թեկնածու չի առաջադրվելու, հետո վազեց առաջադրվեց: Հետո ասաց, թե ցանկացած ֆորմատով պատրաստ է բանավիճել Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչի հետ, հետո ուղիղ եթերում ճողոպրեց բանավեճից:

Հետո ԱԺ պատգամավորի մանդատը վայր դնելու մասին հայտարարություն արեց, հիմա էլ հայտարարում է, թե ետ է վերցնելու մանդատը վայր դնելու մասին դիմումը, որ հետո նորից մանդատը վայր դնելու մասին դիմում գրի:

«Les Nouvelles d’Armenie»-ի թղթակցի հետ հարցազրույցում ասել է (ի դեպ չեմ կասկածում հանդեսի հայաստանյան թղթակից Սեդա Մավյանի պրոֆեսիոնալիզմին) Դոդի Գագո, հիմա ասում է, թե չի ասել Դոդի Գագո:

Ինչ վերաբերում է իմ մասին արած պնդումներին. հանրությանը ուզում եմ հիշեցնել, որ դեռեւս 2009 թվականին փետրվարին հրավիրած ասուլիսում հայտարարել էր, թե ես՝ Նիկոլ Փաշինյանս, 2 միլիոն դոլարանոց տուն ունեմ: Հրապարակային պնդեցի, որ եթե նա ցույց չտա այդ տունը, կամ գոնե ասածին մոտիկ ինչ-որ բան, այդպիսով ցանկացածին իրավունք է վերապահում իր մասին մտածել եւ ասել ամենածայրահեղ բաները: Ու նախորդ անուղեղ հայտարարությունը որեւէ կերպ չհիմնավորած, ահա այսպիսի նոր կլյաուզայով է հանդես գալիս: Նեմեցը այսպիսով հաստատում է նախկինում իր հասցեին իմ արած բոլոր հայտարարությունները:

Իրականության հետ նույնիսկ հեռավոր աղերս չունեցող բարբաջանքը որպես իրականություն կարող է ներկայացնել միայն գյադան: Գյադա իշխանության գյադա ներկայացուցչից որեւէ այլ բան սպասել չէր էլ կարելի»:

© Medialab.am