Կոմունալ ծառայությունների թանկացումը նպաստելու է նոր գնաճի ու մարդկանց կենսամակարդակի անկմանը. մասնագետները նոր գնաճ են կանխատեսում

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ՝ ապրիլի 1-ից Հայաստանի Հանրապետությունում գազի սակագինը բարձրացել է միջինը 4,1%-ով:

Հիշեցնենք, որ կապույտ վառելիքի սակագնի վերանայման դիմումը ներկայացրել էր «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը, որի հիման վրա էլ կարգավորող հանձնաժողովի որոշմամբ՝ գազի սակագինը անփոփոխ մնաց անապահով խավերի համար՝ 100 դրամ, փոխարենն այն բարձրացավ մյուս բոլոր խմբերի համար։ Ապրիլի 1-ից սովորական սպառողները մեկ խորանարդ մետրի համար կվճարեն 143,7 դրամ՝ 4,7 դրամով ավելի։ Մեծ ծավալի՝ ամսական 10 հազար խորանարդ մետրից ավելի գազ սպառողների, այսինքն՝ բիզնեսի համար կապույտ վառելիքը թանկացել է շուրջ 3,9, ջերմոցային տնտեսությունների համար՝ գրեթե 4,5 տոկոսով։

«Ընդամենը երեք ամսում կոմունալ բոլոր ծառայությունները թանկացան, ու այդ ամբողջ բեռը, բնականաբար, ընկավ սպառողների վրա: Մեր հաշվարկներով՝ սպառողները ամենաքիչը 8000 դրամ ավելի փող են ծախսելու կոմունալ վարձերի վճարման համար»,- «Մեդիալաբին» ասում է «Հայաստանի սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը:

 Հավելենք, որ նույն հանձնաժողովի որոշմամբ՝ 2022 թվականի հունվարի 1-ից ավելացել էր նաև խմելու ջրի սակագինը՝ կազմելով 200,47 դրամ, անապահով ընտանիքների համար ջրի սակագինը կրկին անփոփոխ էր մնացել՝ 180 դրամ:

Փետրվարի 1-ից էլ թանկացել է էլեկտրաէներգիան, սոցիալապես անապահով խավերի համար սակագինը կրկին անփոփոխ է մնացել՝ ցերեկային 45, գիշերային 35 դրամ, իսկ մյուսների համար սպառած յուրաքանչյուր կիլովատ-ժամի համար սակագինն ավելացել է միջինը 4,7 դրամով: Այսինքն՝ ամսական մինչև 200 կիլովատ հոսանք սպառողների համար սակագինը բարձրացել է 1,5 դրամով, 200-400 կիլովատ-ժամ սպառողների համար՝ 3,5, իսկ 400 կիլովատ-ժամից ավելի էլեկտրաէներգիա սպառողների համար՝ 5,5 դրամով:

Արմեն Պողոսյանը համոզված է, որ կոմունալ ծառայությունների սակագների բարձրացումը խորացնելու է Հայաստանում աղքատության մակարդակը և է՛լ ավելի է վատթարացնելու մարդկանց կյանքի որակը:

«Պատկերը մի փոքր մեղմ կլիներ, եթե այս թանկացումները վերաբերեին միայն տվյալ ծառայություններին, բայց քանի որ գործ ունենք փոխկապակցված երևույթի հետ, պարզ է, որ գազի, ջրի ու հոսանքի թանկացումը նպաստելու է նաև այլ ապրանքների գների բարձրացմանը, հետևաբար հետևանքը լինելու է այն, որ առանց այն էլ առկա բարձր գնաճը էլ ավելի է աճելու»,- ասում է «Հայաստանի սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահը:

Պողոսյանի համոզմամբ՝ ամեն առիթով մտնում են սպառողի գրպանը, ինչը նվազեցնում է մարդկանց վճարունակությունը և օր օրի ավելացնում է սպառողի բեռը:

Տնտեսագետ Կարեն Սարգսյանը ևս ընդգծում է, որ այս թանկացումները չեն կարող չազդել մի շարք ապրանքատեսակների գների վրա:

«Բնականաբար, հոսանքը, գազն ու ջուրը արտադրվող ապրանքների ինքնարժեքի բաղկացուցիչ մասն են, և, կախված դրանց սակագների բարձրացումից՝ բարձրանալու են նաև արտադրվող ապրանքների գները, հետևաբար, նոր գնաճի պատճառ է լինելու»,- «Մեդիալաբին» ասում է տնտեսագետն ու ընդգծում, որ խոսքը տեղական արտադրության ապրանքների մասին է, քանի որ ներկրվող ապրանքների գները կախված են նաև այլ հանգամանքներից:

Սարգսյանը նկատում է, որ թեև խոցելի խավերի համար կոմունալ ծառայությունների սակագներն անփոփոխ են մնացել, բայց այս խավը ևս կզգա հնարավոր գնաճը՝ պայմանավորված գազի, հոսանքի ու ջրի սակագների բարձրացմամբ:

«Բնականաբար, սպառողական զամբյուղն ավելի է թանկանալու, և քանի որ եկամուտների ինդեքսավորում տեղի չի ունեցել, դա ազդելու է նաև կենսամակարդակի վրա, այսինքն՝ ավելի քիչ թվով մարդ կօգտվի սպառողական զամբյուղի ծառայություններից»,- ասում է տնտեսագետը:

Կարեն Սարգսյանը վստահ է, որ ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով առաջացած տնտեսական խնդիրներն ու գազի սակագնի բարձրացումը էապես ազդելու են բնակչության սոցիալական վիճակի վրա:

Ընդհանուր գնաճի դեմ պայքարելու համար, ըստ տնտեսագետի, կառավարությունը պետք է համատարած եկամտային ինդեքսացիա անի, ինչի հնարավորությունն այժմ, ըստ Սարգսյանի՝ չկա:

«Իրավիճակը մի փոքր մեղմելու համար պետք է այս պահին սոցիալապես անապահով խավին որոշակի օգնություն ցուցաբերվի՝ նպաստների կամ այլ միջոցով, իսկ, ընդհանուր առմամբ, այս թանկացումների ֆոնին տուժելու է նաև միջին խավը»,- վստահ է Կարեն Սարգսյանը:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am