Սևանա լճում սիգի ձվադրող վտառի պահպանությունը և բնականոն վերարտադրությունը ապահովելու նպատակով 2021 թվականի դեկտեմբերի 20-ից մինչև 2022 թվականի հունվարի 15-ը Սևանա լճում և Հայաստանի ողջ տարածքում իրականացվելու է Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում իրականացվող համատեղ միջոցառումների ծրագիրը:
Այդ մասին հայտնում են Շրջակա միջավայրի նախարարությունից։
Վերահսկողության միջոցառումների շրջանակում պատասխանատու գերատեսչությունների՝ Շրջակա միջավայրի նախարարության, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, ՀՀ Ոստիկանության, Գեղարքունիքի մարզպետարանի, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի և Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչները համատեղ իրականացնելու են հանդիպումներ Սևանա լճի հարակից բնակավայրերի ղեկավարների, ձկնորսների և քաղաքացիների հետ:
Բացատրական աշխատանքներ են տարվելու միջոցառման նպատակի ու իրականացվելիք գործողությունների վերաբերյալ, որն է՝ արգելել Սևանա լճում սիգի որսը՝ ձկնատեսակի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված:
Այս համատեքստում «Սևան» ազգային պարկի տարածքից դուրս են բերվելու լողամիջոցներ, որսագործիքներ և ձկնորսների ժամանակավոր կացարաններ: Արգելվելու է բոլոր տեսակի որսագործիքների և լողամիջոցների մուտքը Սևանա լիճ:
Ոստիկանության Գեղարքունիքի, Կոտայքի, Տավուշի և Վայոց ձորի մարզային վարչության ենթակա բաժինների ծառայողները 24-ժամյա խիստ հսկողություն են սահմանելու Սևանա լիճը գոտևորող բոլոր անտառային ճանապարհների վրա, Գեղարքունիքի մարզից դուրս եկող հիմնական ճանապարհների ելքերի մոտ տեղակայվելու են հսկիչ կետեր:
«Սևան» ազգային պարկի տարածքում սահմանվելու է շուրջօրյա հերթապահություն։ Միջոցառումների շրջանակում կազմակերպվելու են Սևանա լճի սիգ ձկնատեսակի վաճառքի կանխարգելմանն ուղղված ստուգայցեր Երևանի և մարզերի շուկաներում։
Ստուգայցեր են իրականացվելու նաև Սևանա լճի վրա և «Սևան» ազգային պարկի այլ տարածքներում։