«Չեմ կարծում, թե ինչ-որ լավ բանի է հանգեցնելու իշխանությունների 5+6 փաթեթի քաղաքականությունը». Տիգրան Գրիգորյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը

-Պարո՛ն Գրիգորյան, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր ասել է, որ այս պահին հայկական կողմի մոտեցումն այն է, որ Ադրբեջանի առաջարկած 5 ու Հայաստանի առաջարկած 6 կետերը՝ փաթեթները, «պետք է միացնել իրար և սկսել խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները, որպեսզի նաև երկարաժամկետ գտնենք ԼՂ հիմնախնդրի լուծումը»: Որքանո՞վ եք այս մոտեցումը ճիշտ համարում, երբ հայկական կողմը պատրաստվում է արցախյան հակամարտության կարգավորման հարցը քննարկել Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի կնքման համատեքստում:

– Արմեն Գրիգորյանը, մեծ հաշվով, որևէ նորություն չասաց, դա Հայաստանի դիրքորոշումն էր այն պահից, երբ Ադրբեջանը ներկայացրեց այդ հինգ սկզբունքները, որոնք պետք է խաղաղության պայմանագրի կնքման բանակցային գործընթացի հիմքը դառնան: Ես իհարկե կարծում եմ, որ Լեռնային Ղարաբաղի հարցը չպետք է կապել խաղաղության պայմանագրի օրակարգի այլ հարցերի հետ:

Խաղաղության պայմանագիր, միգուցե, կարելի է ստորագրել, բայց այդ պայմանագրում պետք է լուծումներ լինեն մի շարք այլ հարցերի համար, ինչպես, օրինակ՝ ապաշրջափակումն է, դելիմիտացիան ու դեմարկացիան և այլն:

Արցախի կարգավիճակի, քաղաքական ապագայի հարցը ներառելով այս փաստաթղթի մեջ, մեծ հաշվով, սկիզբ է դրվելու Արցախի հայաթափման գործընթացին, ինչի մասին բազմիցս խոսել ենք: Իրականում զարմանալի է, որ Հայաստանի իշխանությունները շարունակում են այդ քաղաքականությունը, որովհետև ակնհայտ է, որ առնվազն Ռուսաստանին Արցախի կարգավիճակի վերաբերյալ փոփոխություններ այս փուլում, համենայնդեպս, ձեռնտու չեն:

Պարզ է նաև, որ Ադրբեջանը դժվար թե ընդունի Հայաստանի այն պայմանները, որոնց մասին արդեն հրապարակայնորեն խոսում են: Այսինքն՝ երբ նրանք խոսում են անվտանգության ինստիտուցիոնալ երաշխիքների մասին, կարծում եմ, պարզ է, որ խոսքը խաղաղապահ անժամկետ առաքելության մասին է, դրա շուրջ համաձայնության գալու, այսինքն՝ որպեսզի ռուս խաղաղապահ առաքելությունն անժամկետ մնա Արցախում, իսկ դրան, չեմ կարծում, թե Ադրբեջանը կհամաձայնի:

Չեմ կարծում, թե Ադրբեջանը կհամաձայնի նաև Արցախի որևէ կարգավիճակի՝ անգամ Ադրբեջանի կազմում, որովհետև պատերազմից հետո նրանք ունեն հստակ դիրքորոշում, որ հակամարտությունն ավարտված է, ու գոյություն չունի ԼՂ տարածքային միավոր: Միգուցե այս ամենը մարտավարական ինչ-որ նպատակներով է արվում, բայց ես չեմ կարծում, թե այս գործընթացը որևէ հեռանկար ունի:

– Այսինքն՝ Ադրբեջանը որևէ պարագայում չի՞ համաձայնելու Հայաստանի առաջարկած այդ 6 կետերին:

– Առնվազն անվտանգության երաշխիքները, որոնց մասին Արմեն Գրիգորյանը խոսելիս ասաց, որ դրանք ինստիտուցիոնալ պետք է լինեն, իսկ այդպիսի երաշխիք ասելով ես մեկը գիտեմ, որը կարող է ինչ-որ չափով անվտանգություն ապահովել ԼՂ-ում, դա մշտական խաղաղապահ առաքելության առկայությունն է:

Ադրբեջանը մինչ օրս ամենօրյա ռեժիմով քայլեր է ձեռնարկում, որպեսզի 2025 թվականին ստեղծվի մի իրավիճակ, երբ իրենք հնարավորություն կունենան պատրաստվելու ԼՂ-ից ռուս խաղաղապահների դուրսբերմանը: Եթե Հայաստանը կարծում է, թե Ադրբեջանն այդ հարցում կարող է ինչ-որ զիջումների գնալ, առավելևս՝ համաձայնել ռուս խաղաղապահների անժամկետ տեղակայմանը, ապա դա իրականությունից կտրված մոտեցում է:

Եթե Հայաստանը կարծում է, թե կարելի է ինչ-որ փաստաթուղթ ստորագրել, որպեսզի ռուս խաղաղապահներն այնտեղ ժամանակավոր մնան, ապա այս մոտեցումը ևս բերելու է Արցախի վերջնական հայաթափմանը, որովհետև եթե դու ճանաչես Ադրբեջանի սուվերենությունը ԼՂ-ի նկատմամբ՝ պարզ է, որ Բաքվի խնդիրը շատ ավելի է հեշտանալու նույն խաղաղապահներին Արցախից դուրս բերելու համար, իսկ առանց խաղաղապահների Արցախում որևէ մեկը չի մնալու:

 – Արմեն Գրիգորյանը նաև ասաց, որ հիմնախնդրի լուծումը տեսնում են «անվտանգության ապահովմամբ՝ ԼՂ-ում ապրող մեր հայրենակիցների անվտանգության, ինչպես նաև իրավունքների ապահովմամբ»: Եթե անգամ ապահովվի այդ անվտանգությունը, դա հիմնախնդրի լուծում կարելի՞ է համարել, պարո՛ն Գրիգորյան:

– Հիմնախնդրի լուծում կարող է լինել, բայց՝ Ադրբեջանի ցանկացած տարբերակով, այսինքն՝ Արցախի հայաթափումն էլ է մեծ հաշվով հիմնախնդրի լուծում, ու Ադրբեջանն այդպես է պատկերացնում հիմնախնդրի լուծումը, բայց, կրկնեմ, կարծում եմ, որ Արմեն Գրիգորյանի հայտարարության մեջ շեշտը դրվում է հենց խաղաղապահ առաքելության մանդատի անժամկետ տրամադրմանը, ինչին վստահաբար Ադրբեջանը չի համաձայնի:

Այլ երաշխիքների մասին խոսելն անլուրջ է, այսինքն՝ հավատալ, որ Ադրբեջանը կարող է ինչ-որ փաստաթուղթ ստորագրել՝ նշելով, որ պարտավորվում է ապահովել ինչ-որ իրավունքներ ու հետո դրանք կատարել, ապա դա միամտության վերին աստիճան կլինի: Չեմ կարծում, թե ինչ-որ լավ բանի է հանգեցնելու իշխանությունների այս քաղաքականությունը:

– Ձեր խոսքի սկզբում ասացիք, որ ճիշտ չէ Արցախի հակամարտության հարցը դիտարկել խաղաղության պայմանագրի համատեքստում: Կասեք, իսկ ինչպե՞ս եք պատկերացնում հակամարտության լուծման վերաբերյալ տարվող քայլերն առնվազն այս փուլում:

– Բազմիցս ասել եմ, որ այսօր միակ իրատեսական տարբերակը Արցախի կարգավիճակի հարցի առկախումն է, այսինքն՝ ստատուս քվոյի ֆիքսում և մյուս հարցերի շուրջ բանակցություններ: Այդ տեսակետին են նաև Ռուսաստանը, Միջազգային ճգնաժամային խումբը, որը բոլորովին վերջերս հակամարտության վերաբերյալ նոր տեղեկագիր է հրապարակել, այսինքն՝ երբ խոսում են միջազգային հանրության դիրքորոշման մասին, միջազգային հանրությունը միայն պետություններն ու վերազգային կազմակերպությունները չեն, դա նաև հեղինակավոր միջազգային փորձագիտական խմբերն են:

Այսինքն՝ հակամարտությամբ զբաղվող ու հակամարտության էությունը հասկացող բոլոր ադեկվատ մարդիկ հասկանում են, որ այս փուլում միակ իրատեսական ու ողջամիտ մոտեցումը կարգավիճակի հարցը սառեցնելն է, փորձել պայմանավորվել այլ հարցերի շուրջ, իսկ այն թողնել ապագային: Այս փուլում կարգավիճակի վերաբերյալ կտրուկ լուծումների գնալը նոր աղետներ է բերելու:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am