«Ճամփորդում եմ առանց COVID-19-ի» նախագիծը կընդլայնվի. Տիգրան Սարգսյանի հարցազրույցը

Եվրասիական զարգացման բանկը, որի բաժնետերերը ԵԱՏՄ անդամ երկրներն են ու Տաջիկստանը, պատրաստում է թվային անձնագրեր անդամ երկրների համար: Դրանց մշակումը թույլ կտա աշխատանքն ավելի նպատակաուղղված դարձնել՝ միության երկրներին օժանդակելու հարցում՝ նրանց առջև ծառացած խնդիրները հաղթահարելու համատեքստում:

«Республика Армения»-ին տված հարցազրույցում Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) վարչության նախագահի տեղակալ Տիգրան Սարգսյանը պատմել է«Թվային նախաձեռնությունների հիմնադրամ»-ի գործունեության ու նոր նախագծերի մասին:

-Պարոն Սարգսյան, կցանկանայի սկսել մեր զրույցը Եվրասիական զարգացման բանկի «Թվային նախաձեռնությունների հիմնադրամ»-ի գործունեությունից, որի աշխատանքը դուք եք համակարգում: Չնայած նրան, որ հիմնադրամը, ըստ էության, երիտասարդ կազմակերպություն է, ստեղծվել է նախորդ տարվա ամռան կեսերին, այն ունի արդեն կոնկրետ մշակումներ՝ ուղղված ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիների կյանքի որակի բարելավմանը: Հատկապես ուղղված է նրանց, որոնք, համավարակով պայմանավորված, փակ սահմանների պայմաններում չէին կարող մեկնել եվրասիական տարածաշրջանի այս կամ այն երկիր: Խոսքը «Ճափորդում եմ առանց COVID-19-ի» նախագծի մասին է, որի փորձնական գործարկումը իրականացվեց նախորդ տարվա վերջին: Ալամթիում կայացած թվային ֆորումի ընթացքում Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը շնորհակալություն է հայտնել Ձեզ հենց այս հավելվածի համար: Իսկ դուք ինչպե՞ս կգնահատեիք այս նախագծի արդյունավետությունը:

-Իրապես, նախագիծը, որը մենք իրականացրել ենք, ստացել է դրական արձագանք, և դա ոչ միայն Ռուսաստանի, այլև այլ երկրների կառավարություններից, որոնք միացել են «Ճամփորդում եմ առանց COVID-19-ի» հավելվածին: Ի սկզբանե, այս նախագծի իմաստն այն էր, որ հեշտացվեր քաղաքացիների կյանքը այն պայմաններում, երբ բազմաթիվ երկրներ գնացին արգելափակման, որպեսզի կառավարեն ռիսկերը՝ կապված կորոնավիրուսի տարածման հետ: Հասկանալի է, որ ազգային կառավարությունները, առաջին հերթին մտահոգված լինելով քաղաքացիների առողջական վիճակով, մտցրեցին սահմանափակումներ տեղաշարժման հետ կապված, որպեսզի առավելագույն ձևով նվազեցնեն վարակի տարածման ռիսկը: Եվ մենք սկսեցինք մտածել այն մասին, թե ինչպիսի ժամանակակից տեխնոլոգիաներ կարելի է կիրառել, որ մի կողմից բացվեն սահմանները, մյուս կողմից՝ կառավարվեն ռիսկերը: Անել դա արագ և արդյունավետ հնարավոր էր թվային տեխնոլոգիաների օգնությամբ, որի օգտագործման համար մեր հիմնադրամը մշակեց «Ճամփորդում եմ առանց COVID-19-ի» հավելվածը, ինչը թույլ տվեց լուծել մի քանի խնդիր:

Նախ և առաջ, համապատասխան մարմինները պետք է վստահ լինեին, որ մարդը, որը հատում է սահմանը, վիրուս կրող չէ: Դա նշանակում է, որ լաբորատորիաները, որոնք  վավերացված են համապատասխան երկրների վերահսկիչ մարմինների կողմից, պետք է անցկացնեն հատուկ գործընթացներ՝ թեստեր, վիրուսի առկայության կամ բացակայության վերաբերյալ: Այդ թեստերի արդյունքները սկսեցին տալ թղթային տարբերակով, որը հանգեցնում էր որոշակի բարդությունների՝ ո՞ւմ կողմից է տրվել թեստի արդյունքների համապատասխան փաստաթուղթը, արդյո՞ք արժե վստահել դրան, կե՞ղծ են, թե ոչ և այլն:  Այդ իսկ պատճառով ազգային սեգմենտներ ձևավորելու հարց առաջացավ, որտեղ ազգային կառավարություններն իրենք են ղեկավարում այս գործընթացը: Խոսքն առաջին հերթին լաբորատորիաների հավատարմագրման մասին է, երկրորդ, այն մասին է, թե ինչ տեղեկանք նրանք պետք է տրամադրեն, և վերջապես հաջորդ հարցն ազգային սեգմենտում անձնական տվյալների հաշվառումն ու պահպանումն է: Արդյունքում, ընդգրկելով ազգային սեգմենտների լաբորատորիաները, մենք կառուցեցինք այս առաջին կարևոր համակարգը, որը կուտակում է տվյալները՝ կարգավորող մարմինների կողմից անհրաժեշտ տեղեկատվություն ստանալու հնարավորություններով:

Երկրորդ կարևոր բաղադրիչն այն է, որ այդ հավելվածը հենց սպառողի մոտ է, ով ներբեռնում է այն իր հեռախոսի մեջ և ամբողջ անձնական տվյալները պահվում են նրա մոտ: Այն, որ անձնական տվյալները անդրսահմանային տեղաշարժերի օբյեկտ չեն, այլ պահվում են ազգային սեգմենտում և չեն փոխանցվում այլ երկրին, շատ կարևոր էր, սկզբունքային քաղաքական հարց էր, որը մենք կարգավորեցինք շնորհիվ հավելվածի համակարգի:

Նախագծի մեկ այլ առանձնահատկությունն այնն է, որ վերահսկող մարմինները հնարավորություն ունեն առցանց  ռեժիմով ստուգելու սահմանը հատող քաղաքացիների տեղեկանքի ճշգրտությունը: Օրինակ, ՌԴ վերահսկող մարմինն առցանց ռեժիմով կապվում է Հայաստանի ազգային սեգմենտի հետ և այդ նույն տարբերակով ստանում է հավաստիացում կանաչ QR կոդերի վերաբերյալ, ինչն ապացույցն է այն բանի, որ սահմանը հատող քաղաքացին հանձնել է թեստ ու նրա մոտ չի հաստատվել վիրուս: Այսօր մենք կարող ենք հայտարարել, որ այդ տեխնոլոգիայի շնորհիվ մեզ հաջողվել է բացել սահմանները Ռուսաստանի ու Հայաստանի միջև, որի արդյունքում արդեն ավելի քան 60 հազար քաղաքացի Հայաստանից օգտվել են այդ ծառայությունից և կարողացել են թռչել Երևանից Մոսկվա ու հակառակ ուղղությամբ: 

-Արդյո՞ք ներկայում աշխատանք է տարվում «Ճամփորդում եմ առանց COVID-19-ի» նախագծի ծավալները մեծացնելու համար:

-Այո, մենք աշխատում ենք այդ ուղղությամբ: Մասնավորապես, մեր ղազախ գործընկերների հետ ստեղծում ենք ազգային սեգմենտ Ղազախստանի համար, որ նրանք նույնպես միանան մեր հավելվածին: Մենք նրանց տրամադրել ենք, բոլոր անհրաժեշտ նյութերը, կոնցեպցիաները: Կարծում եմ, որ ամսվա ընթացքում Ղազախստանի հետ մենք կկարողանանք գալ համաձայնության:  

Դրանից բացի, աշխատում ենք նաև Տաջիկստանի հետ: Ցանկանում ենք նախագիծ գործարկել նաև Ուզբեկստանում, որպեսզի ամբողջ եվրասիական տարածաշրջանում ստեղծենք հարմարավետ պայմաններ քաղաքացիների համար՝ կապված ազատ տեղաշարժի հետ: Միաժամանակ համագործակցում ենք միջազգային կազմակերպությունների հետ, որոնք ցանկանում են կիրառել նման տեխնոլոգիաներ և արդեն կիրառում են: Անցկացնում ենք տեխնիկական քննարկում Եվրամիությունից մեր գործընկերների, և այլ միջազգային կազմակերպությունների հետ:

Մանրամասները՝ այստեղ