Այս պահին Ուկրաինայից հայերին տարհանելու խնդիր դրված չէ. Հրաչյա Հակոբյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Հայաստան-Ուկրաինա բարեկամական խմբի ղեկավար Հրաչյա Հակոբյանը

– Պարո՛ն Հակոբյան, փորձե՞լ եք կապվել Ուկրաինայում հայ համայնքի ներկայացուցիչների հետ, տեղյա՞կ եք՝ ինչ վիճակ է այնտեղ: Ի՞նչ կարող եք փոխանցել:

– Այո՛, կապի մեջ եմ Ուկրաինայում Հայաստանի դեսպանի հետ, խոսել եմ ստեղծված վիճակի մասին: Կարող եմ ասել, որ դեսպանությունը շատ ինտենսիվ զբաղվում է Ուկրաինայում հայերի հետ կապված հարցերով, փորձում է կապվել նրանց հետ, եթե կան խնդիրներ՝ լուծում տալ դրանց: Խոսել եմ նաև ուկրաինացի գործընկերոջս՝ Ուկրաինա-Հայաստան բարեկամական խմբի անդամներից մեկի հետ: Բնականաբար, լարված իրավիճակ է, անհանգիստ են:

Հայ համայնքի ներկայացուցիչների հետ ևս խոսել եմ, կապի մեջ եմ: Նրանք նույնպես փոխանցել են, որ լարված իրավիճակ է, բայց դեսպանատունն ակտիվ աշխատում է, ամեն ինչ անում է, անհատական վերաբերմունք է ցուցաբերում համայնքի ներկայացուցիչներին: Այս պահին տարհանման խնդիր չկա դրված, բայց եթե մարդիկ կան, որ ուզում են լքել Ուկրաինայի տարածքը, դեսպանությունն ամեն ինչ անում է, անհատապես այդ մարդկանց օգնում է:

– Տեղեկություններ են ստացվում, որ շատ երկրներ, նաև անվտանգության նկատառումներից ելնելով, փակում են այնտեղ դեսպանատները, դադարեցնում աշխատանքը: Հնարավո՞ր է Հայաստանն էլ նման որոշում կայացնի, նման հարց քննարկվո՞ւմ է:

– Ո՛չ, այս պահին նման հարց չի քննարկվում: Ինչ խնդիր լինում է, դեսպանատունն արագ արձագանքում է:

– Պարո՛ն Հակոբյան, Կիևից մարդիկ զանգվածաբար հեռանում են, արդյոք անվտա՞նգ է այնտեղ հայերի համար:

– Հասկանում եք, չէ՞, պատերազմ է, բոլորն են վտանգված: Ես արդեն ասացի, որ մեր դեսպանությունը հայտարարություն է տարածել և ամեն ինչով օգնում, աջակցում է մեր հայրենակիցներին՝ անկախ նրանից՝ մարդիկ Կիևում են, թե Ուկրաինայի այլ բնակավայրերում: Անհատապես:

– Իսկ դուք՝ որպես այդ երկրի հետ կապերով խմբի անդամ, քաղաքական առումով ինչպե՞ս եք գնահատում իրավիճակը:

– Այս պահին շատ դժվար է գնահատական տալը, պատերազմական իրավիճակ է: Այս պահին որևէ գնահատական տալ չեմ կարող: Պատերազմ է գնում, կրակում են: Այս պահին պետք է մտածենք մեր հայրենակիցների անվտանգության ապահովման մասին, քաղաքական գնահատականների համար դեռ վաղ է:

– ԵՄ անդամ շատ երկրներ, օրինակ՝ խոսում ու հայտարարում են Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ նախաձեռնելու մասին…

– Այդ հարցի վերաբերյալ ևս այս պահին միանշանակ դիրքորոշում չեմ կարող հայտնել:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am