ՀՀ քաղաքացիները առավել սեղմ ժամկետում կկարողանան փոխել իրենց անունը

ՀՀ քաղաքացիները առավել սեղմ ժամկետում կկարողանան փոխել իրենց անունը
ՀՀ քաղաքացիները առավել սեղմ ժամկետում կկարողանան փոխել իրենց անունը

ՀՀ քաղաքացիները կկարողանան առավել սեղմ ժամկետում կատարել անվան փոխում՝ դրա համար դիմելով ցանկացած ՔԿԱԳ մարմին։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարությունը նոյեմբերի 28-ի նիստում հավանություն տվեց «ՀՀ կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի N 941-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու  մասին» նախագծին, որով  անհրաժեշտություն էր առաջացել այդ որոշման կարգավորումները համապատասխանեցնել ինչպես «Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքի կարգավորումներին, այնպես էլ գործնականում կատարված բարեփոխումներին:

 2019 թվականի հուլիսի 9-ին Ազգային ժողովի կողմից ընդունվել և 2019 թվականի սեպտեմբերի 1-ից ուժի մեջ է մտել «Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը:

«Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքի 58-րդ հոդվածի 2-րդ մասում կատարված փոփոխությունների արդյունքում ուժը կորցրած է ճանաչվել այն դրույթը, համաձայն որի անվան փոխման դիմում կարող էր ներկայացվել միայն անունը փոխել ցանկացող անձի մշտական բնակության վայրի կամ ծննդի պետական գրանցման վայրի քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային մարմիններ: Մասնավորապես, ներկայումս անվան փոխման համար քաղաքացիները կարող են դիմել ցանկացած ՔԿԱԳ մարմին: Բացի այդ, քաղաքացիական կացության ակտերի գրանցման ոլորտում իրականացված բարեփոխումների արդյունքում քաղաքացիներն ազատվել են դիմումներ լրացնելու պարտականությունից. դիմումները նրանց փոխարեն էլեկտրոնային համակարգում լրացնում են ՔԿԱԳ մարմնի աշխատակիցները: ՔԿԱԳ ոլորտում գործող էլեկտրոնային գրանցամատյանը հնարավորություն է ստեղծում արագ և էլեկտրոնային եղանակով ստանալ անվան փոխման համար անհրաժեշտ փաստաթղթերը, ուստի ծառայության տրամադրման ժամկետները ևս վերանայման կարիք ունեն:

Նախագիծը մշակվել է ՀՀ արդարադատության նախարարության կողմից: