Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը հունվարի 8-ին այցելել և շնորհավորել է Աստղաձորցի Սարիբեկ Արշակյանին՝ ծննդյան 100-ամյակի առթիվ: Մարզպետին ուղեկցել է Մարտունի խոշորացված համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանը:
Այս մասին տեղեկացնում է Գեղարքունիքի մարզպետարանը:
Սարիբեկ Արշակյանը տոնական բարձր տրամադրությամբ դիմավորել է հյուրերին։ Մեծ Հայրենականի դաժան ճանապարհով անցած վետերանը խոսել է պատերազմից մինչև վիրավորում իր անցած ճանապարհի մասին, ցուցադրել ստացած և մինչ օրս խնամքով պահպանած խրախուսանքներն ու մեդալները:
Մեծ Հայրենականի առաջին կարգի հաշմանդամության կարգ ունեցող Սարիբեկ պապը մարզպետին հպարտությամբ ներկայացրել է վերջին տարիներին հրատարակված «Մեծ Հայրենականի դեմքեր» գիրքը, որի մեջ առանձին էջով ներկայացված էր նաև տեղեկատվություն իր մասին:
Պատերազմի ավարտից հետո, ինչպես զրույցի ընթացքում նշել է Սարիբեկ Արշակյանը, նա աշխատանքի է անցել հայրենի ծննդավայրում, մեծ ներդրում և աշխատանքային ավանդ ունենալով գյուղատնտեսության բնագավառում:
Սարիբեկ Արշակյանը 8 տարի առաջ կորցրել է 88-ամյա տիկնոջը: Հիացմունքով է խոսում իր 5 զավակների և 65 թոռների ու ծոռների մասին, հպարտանում Աստղաձորում, Հայաստանում և Ռուսաստանի տարբեր քաղաքաներում ունեցած իր հարազատներով:
«Ձեր այցով դուք ինձ կյանք պարգևեցիք: Կկամենամ, որ իմ հասակակիցներից բոլորին բախտ վիճակվի հյուրընկալել Գեղարքունիքի մարզպետին և համայնքի ղեկավարին: Ես երջանիկ մարդ եմ ինձ համարում և ինձ համար փառք ու պատիվ է նման ուշադրության արժանանալը:
Շնորհակալ եմ, որ այսօր այցելել եք ինձ և օրվա առիթով շնորհավորում եք իմ տարեդարձը: Ես իմ երախտագիտությունն եմ հայտնում Հայաստանի ղեկավարներին, ովքեր ձգտում են մեղմել մեր ժողովրդի հոգսն ու ցավը, խաղաղ ու բարեկեցիկ կյանք ապահովել նրանց համար» ,- ասել է Սարիբեկ պապը:
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը և Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանը շնորհավորել են հոբելյարին՝ Ամանորի և 100-ամյա տարեդարձի առթիվ և նվերներ փոխանցել, մաղթելով նրան առողջություն և երկար տարիների կյանք:
Հրաժեշտից առաջ մարզպետ Կարեն Սարգսյանը Սարիբեկ պապին առաջարկել է դադարեցնել ծխախոտ օգտագործել, ապա պայմանավորվել հանդիպել 1 ամիս անց, որպեսզի համատեղ նշեն պապի չծխելու 1 ամսյակը: