«Ադրբեջանի հատկապես սահմանային բնակավայրերում շատ մեծ է խուճապը, դրա հիմնական պատճառը ահաբեկիչներն են». ռազմական փորձագետ

Լուսանկարը՝ «SputnikArmenia»

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը

Պարո՛ն Հովհաննիսյան, չնայած ձեռք բերված պայմանավորվածություններին՝ Ադրբեջանն ու Թուրքիան չեն դադարեցնում ռազմական գործողությունները Արցախի դեմ։ Ո՞րն է թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակը։

– Այստեղ խոսքը ոչ թե Ադրբեջանի մասին է, այլ մենք պետք է հստակ հասկանանք, որ խոսքը Թուրքիայի մասին է։ Այստեղ խաղացողը Թուրքիան է, պարզապես Ադրբեջանի դեմքով։ Եվ, ընդհանրապես, մեկ ճանապարհ են թողել Ադրբեջանն ու Թուրքիան՝ լիակատար պարտություն է լինելու, դա անխուսափելի է։ Եվ դա լինելու է Ադրբեջանի վերջին ջղաձգումը, քանի որ Ադրբեջանը՝ որպես պետություն, գոյություն չունի, ղեկավարվում է Թուրքիայի կողմից։

Միաժամանակ չեմ կարծում, որ Թուրքիան ու Ադրբեջանը կգնան այնպիսի արկածախնդրության, որ հարձակվեն Հայաստանի վրա։ Դա արդեն լրիվ կործանարար կլինի ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև Թուրքիայի ու, ընդհանրապես, տարածաշրջանի համար։

Ի՞նչ իրավիճակ է Ադրբեջանում, կմանրամասնե՞ք։ Դուք ավելի վաղ ասել էիք, որ խուճապ է Ադրբեջանի ժողովրդի շրջանում, հատկապես Գյանջայում։

– Ոչ միայն Գյանջայում, այլ Ադրբեջանի հատկապես սահմանային բնակավայրերում շատ մեծ է խուճապը։ Գրեթե ոչ ոք չկա այդ բնակավայրերում, բոլորը դուրս են եկել։ Իսկ Գյանջայում, իմ ունեցած տեղեկություններով, նույնիսկ ուզել են փակել քաղաքից դուրս եկող ճանապարհները, բայց, միևնույն է, մարդիկ դուրս են եկել ու դեռ շարունակում են դուրս գալ։ Դեպի արևմուտք ընկած հատվածում ևս շատ մեծ է խուճապը, և բոլորը փորձում են դեպի Բաքվի կողմը գնալ։

Այդ խուճապը ոչ միայն այն պատճառով է, որ հայերը հարվածներ են հասցնում, այլև ավելի շատ իրենք իրենց մեջ տարածել են մի այսպիսի թեզ, որ Գյանջայում տեղի ունեցած պայթյուններն Ադրբեջան բերված ահաբեկիչների ձեռքի գործն են։ Սա է իրականում խուճապի հիմնական պատճառը։

– Այդ ահաբեկիչներն ի վերջո կարո՞ղ են չարիք դառնալ Ադրբեջանի համար։

– Միանշանակ, դա անհերքելի փաստ է։ Ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև տարածաշրջանի համար կարող են չարիք դառնալ՝ սահմանակից երկրների՝ Վրաստանի, Ռուսաստանի, Իրանի, այն երկրների համար, որոնք փոքրիշատե ահաբեկչական գործողություններից դուրս էին գտնվում։ Այդ երկրները պաշտպանված էին, բայց Ադրբեջանը դարձավ այն օջախը, որն սկսեց ներմուծել, իսկ այսուհետ արտադրելու է ահաբեկիչներ։

– Տարածաշրջանի երկրների՝ ահաբեկիչների մասին հայտարարությունները կան, բայց կարծես կոշտ քայլեր չեն ձեռնարկվում դրանց դեմ։

– Կարծում եմ՝ սկզբնական շրջանում հենց հայտարարություններ պետք է լինեն։ Այնուհետև, երբ իրենց մաշկի վրա կզգան վտանգը, վստահ եմ, կանցնեն կոշտ գործողությունների։

Ադրբեջանի հասարակության շրջանում այդ երկրի իշխանության նկատմամբ բողոքի ալիք կարո՞ղ է բարձրանալ, հնարավո՞ր են տարբերակներ, որ մարդիկ դուրս գան փողոց ակցիաների, երկրում անկայունություն լինի։

– Պատերազմի առաջին օրերին հակաիշխանական տրամադրվածությունները փոխվել ու դարձել էին իշխանությանը սատարող, իշխանության կողքին կանգնող, քանի որ սկզբնական շրջանում Ադրբեջանի իշխանությունը կարողացավ իր հասարակությանը «կերակրել» իր «հաղթանակներով»։ Հասարակությունն ասում էր՝ սա այն Ալիևը չէ, որին մենք պատկերացնում էինք։

Սակայն հիմա փոխվել է իրավիճակը, որովհետև մի կողմից մեծաքանակ զոհերը, անհետ կորածները, մյուս կողմից՝ ահաբեկիչների կողմից որոշ բնակավայրերի թալանի մասին լուրերը շատ մեծ դժգոհություն են առաջացրել։ Եվ այս օրերին դրանից էլ օգտվում է Ադրբեջանի ընդդիմությունը և փորձում է հակաիշխանական տրամադրություններ ստեղծել, որը հաջողվում է։

Գերտերությունների ջանքերը կարծես արդյունք չեն տալիս դեռ, ինչո՞ւ։ 

– Մեզ պետք է դաս լինի, որ ընդհանրապես գերտերություններից ու միջազգային կազմակերպություններից չպետք է ակնկալենք ոչ մի տեսակի իրական աջակցություն։ Նրանց կողմից ընդամենը լինելու են մտահոգություններ, հայտարարություններ, որոնք, ըստ էության, ոչինչ չեն տալիս սահմանին զոհվող զինվորին կամ թիկունքում զոհվող քաղաքացիական անձանց։ Եվ մենք պարզապես պետք է սրանից նաև դասեր քաղենք և հասկանանք, որ մեզ պետք են ռեալ ռազմավարական դաշնակիցներ, ռեալ բարեկամներ, փաստաթղթավորված համագործակցություն ու գործընկերություն։

Այսինքն՝ ոչ թե օդի մեջ տրված խոստումներ ու բարեհամբույր ժպիտներ պետք է լինեն, այլ՝ փաստաթղթավորված պարտավորություններ։ Մյուս կողմից՝ նաև պետք է գիտակցել, որ մենք պետք է ձգտենք ունենալ հզոր երկիր, որպեսզի այդ գերտերությունները մեզնից շահ ունենան և, գոնե այդ շահից ելնելով՝ որևէ քայլ ձեռնարկեն։

Ռոզա Հովահաննիսյան

MediaLab.am