«Արդեն հերիք է գոյատևենք, պայծառ ապագայի սպասենք, պետք է ունենալ պայծառ ներկա». Հրանտ Թոխատյան

Հրանտ Թոխատյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը։

– Պարո՛ն Թոխատյան, համավարակի հետևանքով առաջացած իրավիճակն ի՞նչ ազդեցություն է թողնում մշակույթի ոլորտի ու գործիչների վրա։

– Այս իրավիճակն ազդում է բոլոր ոլորտների վրա, մասնավորապես, մշակույթի, որովհետև դերասանն ու երգիչը պետք է լինեն բեմում, երաժիշտը՝ իր ստեղնաշարի մոտ, և ստեղծագործեն։ Ի վերջո, մենք ասել ենք՝ դա մենք չենք անում մեզ համար, այլ անում ենք մեր հանդիսատեսի համար։

Այսօր, ցավոք սրտի, երկրում ստեղծված այս իրավիճակում մեր և հանդիսատեսի միջև կապը կտրված է։ Դրա համար էլ երբ խորհուրդ է տրվում փորձել օգտագործել օնլայն հարթակը, ես կարծում եմ՝ դա ոչ միշտ է ճիշտ, որովհետև չմոռանանք, որ եթե կինոն ու էստրադան ինչ-որ տեղ կարող են դա իրենց թույլ տալ, թատրոնի համար շատ դժվար է։ Թատրոնը կենդանի արվեստ է, դերասանը պետք է շփվի հանդիսատեսի հետ, հանդիսատեսի շունչն ու աչքերը զգա։

Եվ սա մեծ պրոբլեմ է։ Թե երբ այս իրավիճակը կվերականգնվի՝ որևէ մեկը տեսլական չունի այդ մասին։ Եթե այս ամենը շատ երկարի, ես կարծում եմ՝ պետք է փորձել օնլայն հարթակը։ Չնայած չեմ կարծում, որ դա բոլորի համար կլինի։

– Կան կանխատեսումներ, որ հնարավոր է՝ այս իրավիճակը մեկ տարի շարունակվի, ոլորտի կրած վնասները մե՞ծ են։

– Այո՛, վնասը բավական մեծ է լինելու, հատկապես կատարողական արվեստի մասին է խոսքը։ Ես չգիտեմ, միգուցե ի վերջո կարողանանք պարետատան կամ պատասխանատու մարդկանց հետ ընդհանուր եզրահանգման գալ, որ գոնե կարողանանք օգտագործել թեկուզ բաց հրապարակները, բացօթյա ներկայացումներ, թեկուզ նաև միջոցառումներ իրականացվեն։

Դրանք հիմա արգելված են, չի կարելի, բայց պետք է ինչ-որ ընդհանուր որոշման գալ։ Մյուս կողմից՝ շատ դժվար է լինելու թատրոններին բացօթյա ներկայացումներ ցուցադրել։ Դրա համար նոր ներկայացումներ պետք է բեմադրվեն՝ բացօթյա բեմերի համար, որովհետև այդքան հեշտ չէ թատրոնների ներկայացումները հանել բացօթյա բեմ։ Իմանալով, որ այս իրավիճակը երկար է տևելու, թատրոնները գոնե կփորձեն ստեղծել այդ ներկայացումները։

Այսինքն՝ անորոշ վիճա՞կ է, այս ուղղությամբ պետական քաղաքականությունն էլ կարծես հստակ չէ։

– Ես կարծում եմ՝ բացի թատրոնի, կինոյի կամ արվեստի որևէ ճյուղի մասնագետներից, պատասխանատու մարմիններն էլ առանձնապես այս ամենին պատրաստ չէին։ Եվ իրենք էլ մինչև վերջ չեն հասկանում, թե ինչ են անում։

– Մշակույթի, շոու բիզնեսի ոլորտի որոշ ներկայացուցիչներ դժգոհում են, որ ստեղծված իրավիճակում այլևս չեն կարողանում գոյատևել՝ ֆինանսական լուրջ խնդիրներ կան։

– Բնականաբար պետք է լինեն բողոքներ։ Մարդիկ անհանգստացած են իրենց վաղվա օրվա համար։ Մարդիկ համարյա 4 ամիս չեն աշխատում։ Ու եթե գոնե պետական թատրոնների կամ նվագախմբերի աշխատակիցներն իրենց աշխատավարձերն ստանում են, ապա այն արվեստագետները, որոնք մասնավոր ոլորտում են, նրանց համար շատ ծանր է այս վիճակը։ Այսինքն՝ ես այդ բողոքներին նորմալ եմ վերաբերվում։ Կան առաջարկներ՝ այսօր չի ստացվում, բեմը փակ է, գնա տաքսի քշիր։ Բայց դա էլ ոչ բոլորին է հասանելի։

Եվ դա մի քիչ փիլիսոփայական հարց է, այդքան էլ ճիշտ չէ նման խորհուրդով վարակել մնացածին։ Ոչ բոլորին էլ դա հասանելի, մեկը կարող է տաքսի վարել, մյուսը չի կարող, մարդ կա՝ մեքենա վարել չգիտի կամ ուրիշ որևէ բան անել չգիտի։ Դա այսօրվա օրով բերելու հանգեցնելու է նրան, որ շատ-շատերը փորձելու են ձեռք բերել մի նոր մասնագիտություն, եթե չկարողանան իրենց մասնագիտությունը կիրառել այս պայմաններում։

Ոմանց դա կհաջողվի, դա կլինի օնլայն հարթակում, թե կգտնեն ինչ-որ նոր ձև՝ իրենց արվեստը ներկայացնելու հանդիսատեսին։ Բայց կլինեն նաև մարդիկ, որոնց դա չի հաջողվի, և այնպես չէ, որ իրենք մեղավոր են կամ անկարող։ Ուղղակի ոչ ամեն ինչն է բոլորին հասանելի։ Եթե իմ երեխան քաղցած լինի, ես իմանամ, որ ուրիշ որևէ հնավորություն չկա, ես տաքսի կվարեմ, որովհետև գոնե մեքենա վարել գիտեմ։

– Պարո՛ն Թոխատյան, արդյոք Հայաստանի բնակչությունը շա՞տ է քաղաքականացված, մշակույթը կարծես հետին պլան է մղվել։

– Մեր բնակչության մեծ մասը քաղաքականացված է, և դա արդեն մինիմում 25 տարի է տևում։ Բայց, միևնույն ժամանակ, մենք միշտ ունեցել ենք և, հուսով եմ՝ ունենք հանդիսատես։ Ես հուսով եմ՝ եթե վաղը թատրոններն ու կինոթատրոններն իրենց դռները բացեն, մենք անպայման կունենանք հանդիսատես։ Միգուցե հոսքը չլինի այնպես, ինչպես մի քանի ամիս առաջ էր, որովհետև պետք է հաշվի առնենք մարդկանց այսօրվա տնտեսական վիճակը։

Բնականաբար, շատ-շատերին այսօր մեր երկրում օրվա հացն է հետաքրքրում։ Բայց ժամանակին, երբ կային ներկայացումներ, և դարձյալ մարդկանց վիճակը հրաշք չէր, մարզերից եկած մարդը մոտենում էր տոմսարկղին ու առաջարկում իր բերքը տոմսի դիմաց։ Դա շատ կարևոր ցուցանիշ է, որովհետև բերքը իր հացն է։

Մարդն իր աճեցրած միրգը, բանջարեղենը կամ այլ բարիքն առաջարկում էր տոմսի դիմաց։ Դա նշանակում է, որ մարդկանց մեջ այդ զգացողությունը դեպի թատրոնը, կինոն, համերգային ծրագրերը բավական մեծ է։

– Իսկ ինչի՞ց է գալիս քաղաքականացվածության մեծ աստիճանը։

– Դա գալիս է նրանից, թե ինչպես իրենց դրսևորեցին բոլոր իշխանությունները, բոլորն անխտիր մոտ 30 տարվա ընթացքում։ Այլապես մարդիկ կզբաղվեին իրենց առօրյայով, կանհանգստանային լրիվ ուրիշ բաների համար, քաղաքականությունը կլիներ երկրորդական։

– Դեռ չի՞ փոխվում այդ վիճակը։ 

– Չէ՛, չի փոխվում։ Եվ հույսեր, որ կփոխվի, ցավոք սրտի, չեն նշմարվում։

– Որպես մտավորական՝ ի՞նչ կասեք՝ ի՞նչ է կատարվում երկրում, սա ա՞յն է, ինչ հեղափոխությունից հետո ակնկալում էին մարդիկ։

– Յուրաքանչյուր փոփոխությունից, մանավանդ իշխանության փոփոխությունից մարդիկ սպասում են շատ ավելին, քան կստանան իրականում։ Նույնն էլ եղավ այս անգամ՝ մարդկանց սպասումներն ավելին էին, քան ներկայիս իշխանությունը կարող էր տալ մարդկանց։

Ես դեռ չեմ հիշում մի իշխանություն, ով ասել է՝ ես եկել եմ քանդելու երկիրը։ Բոլորը գալիս էին կառուցելու, մարդկանց կյանքը բարելավելու, բայց որևէ անգամ մեզ մոտ դա դեռ չի ստացվել։ Շատ հնարավոր է՝ մղումները շատ ազնիվ լինեն, բայց թե այդ մղումներից ի՛նչ է ստացվել, արդյունքը մենք տեսել ենք։

Ասում են՝ կարճ ժամանակահատվածում հնարավոր չէ փոփոխություններ անել, երկու տարին կարճ ժամկետ է։

– Այո՛, այն ժամանակ էլ էր նույնը, եկավ ՀՀՇ-ն, ասաց՝ մենք դեռ նոր ենք, քանդված Միություն, թողե՛ք, թող մարդիկ աշխատեն։ Աշխատեցին, ոչինչ չստացվեց, հետո եկան մյուսները, բոլորի դեպքում ասում են՝ հլը նոր են եկել, հետո կտեսնեք, թե ինչ լավ է ստացվելու։ Հիմա էլ է եկել նոր իշխանություն, երիտասարդներ՝ ոչ փորձառու, ոչ միշտ հասկացող։ Նրանցից շատերը կյանքում քարը քարին դրած չկան։

Բայց նաև կոռումպացված չեն կարծես։ Երբ քննադատվում է, որ անփորձ են, որպես հակադարձում նշվում է, որ նախկինների պես կոռուպցիոն սխեմաների փորձ չունեն։

– Դա արդարացում չէ, չի կարելի այդպես երկիր կառուցել։ Եթե ես բեմ դուրս գամ ու ձրի ներկայացում խաղամ, դա չի արդարացնի այն, որ ես պրոֆեսիոնալ չեմ, բայց զատո ձրի եմ խաղում։ Դու կգնաս այն դերասանի մոտ, ով տոմս է վաճառում, բայց ձեզ մատուցում է նորմալ արվեստ։

– Պրոֆեսիոնալիզմը, անշուշտ, կարևոր է, բայց արդյոք կարևո՞ր չէ, որ երկիրը զերծ լինի կոռուպցիայից։ 

– Երբ եկավ ՀՀՇ-ն, հետո եկավ էն մյուսը, հետո ՀՀԿ-ն, ի՞նչ, վերցրեցին ու միանգամից սկսեցին թալանե՞լ։ Չէ, իրենք էլ եկել իրենց կառուցողական ծրագրերով, մարդիկ էլ հավատում էին։ Հիմա էլ է այդպես։ Հավատն ու քաղաքականացված լինելը հենց դրա հետ են կապված։ Բայց լավ է լինելու, քանի որ պատմության ընթացքում, որքան էլ մարդիկ եղել են կախման մեջ որևէ թագավորից կամ իշխանությունից, միևնույն է, ի վերջո ցանկացած իշխանություն գնացող է, երկիրը մնում ու գոյատևում է։

Դարերի ընթացքում, որքան էլ մեզ փորձել են նեղել, սակավաթիվ սարքել, միևնույն է, մենք գոյատևել ենք։ Երևի Աստված մեր ազգին մի շատ կարևոր հատկություն է տվել՝ յուրաքանչյուր իրավիճակում կարողանալ գոյատևել։ Միակ բանը, որ ես իմ երեխաների ու մտերիմների համար եմ ուզում, որովհետև բոլորի անունից իրավունք չունեմ խոսել, հետևյալն է՝ արդեն հերիք է գոյատևենք։ Մենք պետք է ապրենք, ես ուզում եմ ապրել և չեմ ուզում ուրիշ տեղ դա անել։

Ես երբեք գնացողներից որևէ մեկին չեմ մեղադրում, դա նրանց ընտրությունն է, ամեն մեկը իր ժամանակին գտել է իր ճանապարհը։ Եվ շատերը, ովքեր գնացել են երկրից, այսօր փորձում են օգտակար լինել, և չես կարող շնորհակալ չլինել այդ մարդկանց։ Կոնկրետ ես նախընտրել եմ մնալ ու աշխատել իմ երկրում, որ իմ երեխաները մեծանան իմ երկրում։ Բայց ոչ թե պետք է գոյատևել, պայծառ ապագայի սպասել, այլ պետք է ունենալ պայծառ ներկա։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am