Ֆրանսիայում շոգից փրկվելու փորձերը ողբերգությամբ են ավարտվել․ վերջին օրերին 40 մարդ է ջրահեղձ եղել

Ֆրանսիայում վերջին օրերին 40 մարդ է ջրահեղձ եղել՝ փորձելով ջրում զովանալ ռեկորդային շոգից։ Այս մասին երեքշաբթի հայտարարել է երկրի վարչապետ Սեբաստիեն Լեկորնյուն՝ Եվրոպայի մեծ հատվածը պատած ջերմային ալիքի ֆոնին։

Ինչպես հայտնում է Reuters-ը, ծայրահեղ շոգ է գրանցվել նաև Մեծ Բրիտանիայում, Իտալիայում, Շվեյցարիայում և Իսպանիայում։ Շոգը խաթարել է դպրոցների ու տրանսպորտի աշխատանքը, իսկ Փարիզում բարձր ջերմաստիճանի պատճառով փակվել է նաև Էյֆելյան աշտարակը։

Ֆրանսիայի օդերևութաբանական ծառայության տվյալներով՝ երեքշաբթին երկրում դարձել է երբևէ գրանցված ամենաշոգ օրը։ Հարավ-արևմուտքում գտնվող բնակավայրերից մեկում ջերմաստիճանը հասել է 44.3 աստիճանի։ Ֆրանսիայի 54 դեպարտամենտում հայտարարվել է վտանգի ամենաբարձր՝ կարմիր մակարդակ, իսկ չորեքշաբթի դրանց թիվը կհասնի 58-ի։

Շոգից փրկվելու համար մարդիկ Ֆրանսիայի տարբեր հատվածներում նետվում են ջրանցքներ ու գետեր։ Սպորտի նախարար Մարինա Ֆերարին հայտարարել է, որ հասկանում է մարդկանց ցանկությունը զովանալու, սակայն զգուշացրել է չլողալ չթույլատրված կամ վտանգավոր վայրերում։

Վարչապետ Լեկորնյուն, խոսելով ջերմային ալիքի վերաբերյալ արտակարգ խորհրդակցությունից առաջ, խեղդվելու դեպքերը որակել է «տխուր աղետ» և հայտնել, որ հունիսի 18-ից ի վեր մահացել է 40 մարդ, նրանց մեծ մասը՝ երիտասարդներ։

Ֆրանսիայի հարավ-արևելքում գտնվող Կարպանտրայում երկուշաբթի փրկարարներին չի հաջողվել վերակենդանացնել 2 և 4 տարեկան երկու երեխաների։ Նրանք անգիտակից վիճակում հայտնաբերվել էին իրենց տան մոտ կայանված ընտանեկան մեքենայում։

Եվրոպայում շոգի ալիքը պայմանավորված է «օմեգա բլոկ» կոչվող եղանակային երևույթով․ տաք օդի զանգվածը մնում է ավելի սառը համակարգերի միջև և օր օրի բարձրացնում ջերմաստիճանը։ Մասնագետները նշում են, որ կլիմայի փոփոխությունը ուժեղացնում է ինչպես շոգ ալիքները, այնպես էլ ծայրահեղ եղանակային երևույթները։

Ֆրանսիայի օդերևութաբանական ծառայությունը ներկայիս պայմանները համեմատել է 2003 թվականի օգոստոսի շոգի հետ, որը տևել էր 16 օր և Եվրոպայում հանգեցրել տասնյակ հազարավոր հավելյալ մահերի։ Դեռ պարզ չէ, թե որքան կտևի այս ջերմային ալիքը։

Իտալիայի առողջապահության նախարարությունը վտանգի ամենաբարձր մակարդակ է հայտարարել 15 քաղաքում։ Մեծ Բրիտանիայում օդերևութաբանները հարավային շրջաններում կանխատեսում են մինչև 37 աստիճան շոգ, ինչը կարող է դառնալ հունիս ամսվա նոր ռեկորդ։ Տասնյակ դպրոցներ նախատեսում են օրը շուտ ավարտել։

Իսպանիայի մի շարք շրջաններում նույնպես հայտարարվել է կարմիր տագնապ․ սպասվում է մինչև 44 աստիճան շոգ։ Հյուսիսային Իսպանիայի տասնյակ համայնքներ չեղարկել են ավանդական խարույկները՝ անտառային հրդեհների վտանգի պատճառով։ Մադրիդում բացվել են «կլիմայական ապաստարաններ» անօթևանների և խոցելի խմբերի համար։

Շվեյցարիայի Սանկտ Գալեն կանտոնը սահմանափակել է գետերից ու լճերից ջրի օգտագործումը՝ ցածր մակարդակի և բարձր ջերմաստիճանի պատճառով։ Բելգիայում էլ Բրյուսելի մոտ գտնվող տարրական դպրոցներից մեկը ավարտական քննությունները տեղափոխել է մոտակա եկեղեցի՝ շոգից խուսափելու համար։

Եվրոպական քաղաքներում օդափոխիչներն ու օդորակիչները արագ սպառվում են խանութներում։ Փարիզի բնակիչներից մեկը Reuters-ին պատմել է, որ առավոտյան նույնիսկ սուրճ չխմած շտապել է խանութ՝ օդափոխիչ գնելու, քանի որ դրանք «30 րոպեից էլ քիչ ժամանակում» սպառվել են։

Մինչ Եվրոպայի մի հատվածը այրվում է շոգից, ավելի հյուսիսային երկրները գրավում են զբոսաշրջիկներին, որոնք փորձում են ընտրել ավելի զով ուղղություններ։ Ստոկհոլմում գերմանացի զբոսաշրջիկներից մեկը պատմել է, որ սկզբում մտածում էին մեկնել Խորվաթիա, բայց վերջում ընտրել են Շվեդիան, որովհետև այնտեղ ավելի զով է։