46-ամյա տղամարդուն սպանել է, այնուհետև՝ հրկիզել. գործը դատարանում է

Քննչական կոմիտե

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում ավարտվել է Պուշկինո գյուղում տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Նախաքննության ընթացքում իրականացված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են սպանության մի շարք հանգամանքներ, շարժառիթը:

Քննությամբ մասնավորապես պարզվել է, որ Լոռու մարզի բնակիչ, 21-ամյա երիտասարդը Վանաձոր քաղաքի 46-ամյա բնակչի՝ Պուշկինո գյուղում գտնվող ամառանոցում գումարի դիմաց գյուղատնտեսական աշխատանքներ է կատարել՝ մինչ ժամկետային զինվորական ծառայության անցնելը: Այդ ընթացքում նրանք շփվել են միմյանց հետ, հաճախակի հեռախոսազրույցներ ունեցել, ինչը շարունակվել է նաև երիտասարդի՝ ժամկետային զինվորական ծառայության անցնելու ժամանակ:

2019թ. օգոստոսի 17-ին՝ երիտասարդի զորացրվելուց հետո, Վանաձորի բնակիչը վերջինիս իր ամառանոց հացկերույթի է հրավիրել, որի ընթացքում, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է ծագել նրանց միջև, որի ժամանակ 46-ամյա վանաձորցին հարվածներ է հասցրել երիտասարդին՝ նրա առողջության պատճառելով թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ: Վերջինս, գտնվելով խիստ լարված հոգեվիճակում, ապօրինաբար կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ, սեղանից վերցրել է խոհանոցային դանակը և 17 հարված հասցրել տղամարդու մարմնի տարբեր հատվածներին՝ ապօրինաբար դիտավորությամբ նրան զրկելով կյանքից:

Այնուհետև, հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով, բենզինը լցրել է դիակի վրա և այրել՝ միաժամանակ հրկիզելով նաև առանձնատունը՝ սեփականտիրոջը պատճառելով խոշոր չափերի՝ շուրջ 2.254.000 ՀՀ դրամի գույքային վնաս, ու դիմել փախուստի:

Դեպքի վայրից հեռանալուց հետո լվացվել է մոտակա Չայլաղ գետում, այնուհետև գնացել է տուն, փոխել հագուստը և կրկին վերադառնալով գետի ափ՝ արյունոտ հագուստները նետել է գետը, որից հետո եղբոր հետ վերադարձել է այրվող առանձնատան մոտ՝ հետևելով, թե ինչպես են հրշեջ-փրկարարները մարում հրդեհը:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասով և 185-րդ հոդվածի (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժինը։