Նոյեմբերին Հայաստանը կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից․ որոշումը պետք է ընդունվի կոնսենսուսով

Հայաստանին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մարմիններում ձայնի իրավունքից զրկելու հնարավոր որոշումը պետք է ընդունվի կազմակերպության անդամ բոլոր երկրների համաձայնությամբ։ Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը։

«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նիստը տեղի կունենա նոյեմբերի 11-ին՝ Մոսկվայում։ Վասիլևի խոսքով՝ պետությունների ղեկավարները, հավանաբար, կքննարկեն նաև Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հարցը։

Նա նշել է, որ եթե նման որոշման անհրաժեշտություն առաջանա, այն կընդունվի կոնսենսուսով։

Վասիլևը հիշեցրել է, որ ՀԱՊԿ կանոնադրության 25-րդ հոդվածը նախատեսում է անդամ երկրի՝ կազմակերպության մարմիններում ձայնի իրավունքի և քվոտային պաշտոններում իր քաղաքացիներին առաջադրելու իրավունքի կասեցում, եթե տվյալ պետությունը երկու տարի շարունակ չի կատարում կազմակերպության բյուջեի նկատմամբ ունեցած ֆինանսական պարտավորությունները։

Ռուսաստանցի պաշտոնյայի խոսքով՝ փաստացի նման իրավիճակ արդեն ավելի քան երկու տարի է գործում, քանի որ Հայաստանը ՀԱՊԿ քարտուղարությունում քվոտային պաշտոնների համար թեկնածուներ չի առաջադրում և հետ է կանչել իր ներկայացուցիչներին կազմակերպության Միացյալ շտաբից։

Հայաստանը 2024 թվականին հայտարարել է ՀԱՊԿ-ում իր մասնակցությունը սառեցնելու մասին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դա բացատրել է այն հանգամանքով, որ 2021-2022 թվականներին Հայաստանի նկատմամբ Հավաքական անվտանգության պայմանագրով նախատեսված պարտավորությունները չեն կատարվել։