«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրավապաշտպան, փաստաբան Զառա Հովհաննիսյանը
– Տիկի՛ն Հովհաննիսյան, արդեն երկու օր է, որ Թագուհի Թովմասյան-Արթուր Հովհաննիսյան բանավեճը գտնվում է հանրային ուշադրության կենտրոնում։ Ի՞նչ գնահատական կտաք պատգամավորների վարքին:
– Այն, ինչ կատարվում է հայաստանյան քաղաքական դաշտի խոսույթում, ուղղակի անընդունելի է։ Հատկապես նորմալիզացվել է հանրային գործունեություն ծավալող կանանց նկատմամբ թիրախավորող, վարկաբեկող, սեքսիստական խոսքը, որն ամբողջովին տեղավորվում է հայրիշխանական պատկերացումների դաշտում։
Հատկապես թիրախում հայտնվում են կանանց անձնական կյանքը, սեռականությունը, ներքնազգեստը, վարքը։ Այս միտումները միշտ եղել են ու կան, և այժմ ամենասարսափելին այն է, որ այդ խոսույթը տարածում են հենց ամենաբարձր հարթակներում նստած տղամարդ գործիչները։ Սա ոչ միայն էթիկայի կոպտագույն խախտում է, այլ նաև կնատյացության դրսևորում։
Ի դեպ, ես վերջերս իրականացնում էի մի հետազոտություն՝ «Կանանց թիրախավորումը մեդիայում» վերտառությամբ և դիտարկում էի հանրային գործունեություն ծավալող կանանց նկատմամբ հնչեցվող ատելության խոսքի, ապատեղեկատվության և թիրախավորման գենդերային ասպեկտները, նրանց արտաքին տեսքի, անձնական և ընտանեկան կյանքի վերաբերյալ ատելության խոսքի դրսևորումները, և թե ինչպես են դրանք լրատվական հոսքերից տեղափոխվում առցանց տիրույթ՝ վերածվելով հայհոյանքի, նվաստացման և, ընդհանուր առմամբ՝ կանանց դերի նվազեցման:
Գիտե՞ք որքան տխուր էր պատկերը, երբ հետազոտողի հայացքով դիտարկում ես իրավիճակը, որը բոլորի համար դարձել է սովորական, տարածվում է առանց որևէ քննադատության և էլ ավելի տհաճ դրսևորումներ ստանում սոցիալական ցանցերում։
Դիտարկելով 2022-2025 թթ․ մեդիայում որոշումների մակարդակում ներկայացված կանանց մասին հրապարակումները, պարզվեց, որ դրանց գերակշիռ մասը բացասական է (71.4%), դրական հրապարակումները նվազագույնն են (2.1%)։ Եվ նույնիսկ չեզոք թվացող հրապարակումները սոցիալական մեդիայում դարձյալ դառնում են սեքսիստական, վիրավորական ու ատելության խոսքի համար պարարտ հող։
Այդ խոսույթը հիմնականում տարածում են հենց բարձր դիրք զբաղեցնող տղամարդիկ, իսկ մեդիահարթակներում տեղի է ունենում տղամարդ քաղաքական գործիչների սեքսիստական խայտառակ խոսույթի անխափան տիրաժավորում՝ առանց քննադատության կամ սեքսիզմի անընդունելիության ընդգծման։
Այս միջադեպից մի քանի օր առաջ մեդիադաշտում հայտնվեց ԱԳՆ կին պաշտոնյայի վերաբերյալ աղմկահարույց մի բացահայտում, որը ստացավ աննախադեպ զարգացում՝ դարձյալ սեռով պայմանավորված։ Մինչ այդ բազմաթիվ հրապարակումներ էին եղել պետական դավաճանության վերաբերյալ, որոնց դերակատարները տղամարդիկ էին, և նրանց անունները, շարժառիթները, այսինքն՝ ամբողջ անձնական տեղեկատվությունը գաղտնի էին պահվում, իսկ այս դեպքում կնոջ անունը, լուսանկարը, անձնական կյանքի որոշ մանրամասներ և այլն հանրայնացվեցին ու քննարկվում էին ամենայն մանրամասնությամբ։ Սա համընդհանուր մոտեցում է, որը, ի դեպ, իրենց բացարձակ անընդունելի խոսույթով ամրապնդում, նորմալիզացնում ու տիրաժավորում են քաղաքական դիրք զբաղեցնող տղամարդիկ։
– Շատերի կարծիքով՝ նման պահվածքը տրամաբանական է, քանի որ մինչ այս եղած դեպքերը համապատասխան արձագանք չեն ստացել, ու սա անպատժելիության հետևանք է։ Համաձա՞յն եք։
– Անպատժելիություն, նորմալիզացում, կանխարգելման մեխանիզմների տոտալ բացակայություն։ Կարո՞ղ եք հիշել, թե վերջին անգամ ե՞րբ է ՀՀ ԱԺ-ում էթիկայի հանձնաժողով ձևավորվել, ամեն դեպքում վերջին երկու խորհրդարանների գործունեության ընթացքում նման դեպք չի գրանցվել։ Կարո՞ղ եք հիշել, թե քանի՞ մանդատ է վայր դրվել կանանց նկատմամբ խտրականության, սեքսիզմի, ատելության բառապաշար օգտագործելու համար: Առաջին հերթին հենց ԱԺ նախագահի կողմից դա պետք է արվեր, որն իրեն թույլ է տալիս քաղաքացու վրա ոչ միայն թքել, այլև կանանց դիմել նման արտահայտություններով, ինչպիսիք են՝ «ես հասկանում եմ, որ ձեզ վրա թքող չկա», «…զիբիլի վրայի կատու» և այլ ակնհայտ վիրավորական և սեքսիստական որակումներ: Ինձ շատ հետաքրքիր է, նման խոսույթը նորմալիզացնող քաղաքական ուժը ինչպե՞ս է պատկերացնում քաղաքականության մեջ կանանց ներգրավման գործընթացը, մի կողմից՝ նվաստացման, մյուս կողմից՝ ձևական ներկայությա՞ն տեսքով։
– Տիկի՛ն Հովհաննիսյան, ի՞նչ պետք է արվի, որպեսզի նման դեպքերի կրկնությունը բացառվի։
– Այս ամենն այնքան է խորացել, դարձել մշակույթ, որ անհրաժեշտ է նոր մշակույթի և էթիկայի կրող մարդկանց լրջագույն ջանքը, որպեսզի որևէ բան փոխվի։ Այժմ լկտի խոսույթը ուժի և իշխանության սիմվոլներից մեկն է դարձել, և դա պետք է փոխվի։ Առնվազն անհրաժեշտ է հաստատել զրոյական հանդուրժողականության քաղաքականություն պետական պաշտոնյաների կողմից սեքսիստական և թիրախավորող խոսքի նկատմամբ, պետական պաշտոն զբաղեցնող տղամարդկանց կողմից կանանց նկատմամբ ատելության խոսքի, սեքսիզմի և թիրախավորման յուրաքանչյուր դեպք քննել էթիկայի հանձնաժողովում և տալ գնահատական, աջակցել կին քաղաքական գործիչներին՝ տրամադրելով իրավական և հոգեբանական պաշտպանական մեխանիզմներ։
Սեքսիզմի և թիրախավորման դրսևորումների դեպքում կին քաղաքական գործիչներն առնվազն պետք է լինեն համերաշխ և աջակցեն միմյանց, նույնիսկ եթե քաղաքական հակառակորդներ են, չէ՞ որ նույն Թագուհի Թովմասյանը ոչ վաղ անցյալում հենց իշխող ուժի ներկայացուցիչ էր, և որևէ նոր հանգամանք ի հայտ չի եկել նրա կյանքում, բացի իշխող խմբակցությունում չլինելուց, բայց այժմ որպես կին թիրախավորվում է:
Նաև մեդիադաշտը պետք է առավել զգայուն լինի կանանց վերաբերյալ հնչեցված խոսքի, նրանց գործունեության լուսաբանման, ինչպես նաև մեկնաբանությունների դաշտում հնչեցվող արտահայտությունների նկատմամբ։ Հետևել լրագրողական էթիկայի կանոններին, բացառել սեքսիզմը, խտրականությունը և ատելության խոսքը։ Մեդիան պետք է վերանայի վերնագրերի և հրապարակումների կառուցվածքը՝ բացառելով սենսացիոնիզմը և կարծրատիպային ֆրեյմինգը։ Սենսացիաներով առաջնորդվելը բերում է մի իրավիճակի, երբ հայհոյախոսությունը կազմում է հրապարակումների գերակշիռ մասը, իսկ այդ մթնոլորտում բովանդակային խոսակցություն ծավալել ուղղակի հնարավոր չէ։ Պետք է փոխել համընդհանուր կոմունիկացիոն մշակույթը և անողոք լինել հայհոյախոս, սեքսիստ ու կնատյաց պաշտոն զբաղեցնողների նկատմամբ։
Քրիստինե Աղաբեկյան

















