Գոնե դիմադրեինք, ադրբեջանցիներն առաջ գային՝ հիմք կլիներ ՀԱՊԿ-ից զինված օգնություն խնդրելու համար. Բենիամին Պողոսյան

Լուսանկարը՝ «Սիվիլնեթ»

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ, Քաղաքական և տնտեսական ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Բենիամին Պողոսյանը

– Պարո՛ն Պողոսյան, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին: Ի՞նչ լիազորություններ ունի այս կառույցը, և որո՞նք պետք է լինեն նրա գործողություններն այս դիմումից հետո:

– ՀԱՊԿ-ին դիմել, կարծում եմ՝ ամեն դեպքում պետք էր, որովհետև փաստ է, որ Հայաստանի տարածքում են հայտնվել Ադրբեջանի զինվորականները, թեև եթե կարդում ենք Ադրբեջանի արտգործնախարարության հայտարարությունը, այնտեղ նշված է, որ եթե սահմանների դեմարկացիա և դելիմիտացիա չեն եղել, ապա ինչով կարող է Հայաստանը պնդել, որ ադրբեջանցիները Հայաստանի տարածք են մտել:

Սա, իհարկե, Ադրբեջանին բնորոշ խաղ է, ինչը մեզ համար լրացուցիչ խնդիրներ է առաջացնում: ՀԱՊԿ-ին մենք դիմել ենք 2-րդ հոդվածով, ոչ թե 4-րդ:

4-րդ կետի համաձայն՝ դու հայտարարում ես, որ կա ագրեսիա, և պահանջում ես ռազմական օգնություն, իսկ 2-րդով նշում ես, որ կա անվտանգության հետ կապված սպառնալիք:

Այսինքն՝ մենք դիմել ենք խորհրդակցությունների անցկացման համար, իսկ ՀԱՊԿ-ի կանոնադրության համաձայն՝ անհրաժեշտ է եռօրյա ժամկետ, որպեսզի ՀԱՊԿ-ը պատասխանի դիմումին:

Ենթադրենք՝ ստանում ենք պատասխան, որ ՀԱՊԿ-ը սկսում է խորհրդակցություններ, դա այնքան լղոզված տերմին է, հստակ ժամկետներ չկան, դա գործընթաց է, որը կարող է շարունակվել-շարունակվել, իսկ այդ ընթացքում ադրբեջանցիները կմնան Հայաստանի տարածքում:

Մի բան հստակ է. սովորաբար նման դիմումներն արվում են նախապես, եթե ոչ ՀԱՊԿ անդամ բոլոր երկրների հետ քննարկումից հետո, ապա առնվազն Ռուսաստանի հետ քննարկումից հետո:

Այսինքն՝ գրեթե վստահ եմ, որ այս պաշտոնական դիմումը նախապես քննարկվել է գոնե Ռուսաստանի հետ: Մյուս կողմից՝ երբ կարդում ենք Ռուսաստանի նախագահի և ՀՀ վարչապետի հեռախոսազրույցի մասին հաղորդագրությունը ՌԴ նախագահի կայքում, այն բավականաչափ անորոշ է, քանի որ Սյունիքի դեպքերին ուղիղ վերաբերող մաս չկա այդ զրույցում:

– Գուցե պատճառն այն է, որ, ինչպես ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, Նիկոլ Փաշինյանը Պուտինին օգնությա՞ն համար չի դիմել:

– Հնարավոր տարբերակ է, բայց քանի որ հստակ չէ, թե ինչ են խոսել, չենք կարող միանշանակ հիմք ընդունել Պեսկովի ասածը, բայց այն, որ Կրեմլի կայքում տեղադրված հաղորդագրությունն այնքան էլ համարժեք չէ իրավիճակին, որում գտնվում է Հայաստանը, ինձ համար փաստ է: 

– Պարո՛ն Պողոսյան, եթե ՀԱՊԿ-ը որոշի խորհրդակցություն անցկացնել, վերջնարդյունքը ի՞նչ է լինելու, կրկին կոչե՞ր՝ ուղղված կողմերին:

– Մենք գտնվում ենք մի իրավիճակում, որ եթե ի վիճակի չես քո սահմանները պահել, ով պետք է գա և մեր փոխարեն ռազմական գործողություններ սկսի ադրբեջանական զորքի դեմ:

Պետք է շնորհակալ լինենք Ֆրանսիայի նախագահին՝ կոշտ հայտարարության համար, որը մեծ դեր է խաղում, բայց Ֆրանսիան պատրա՞ստ է այստեղ ուղարկել զինված ուժեր, որ Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահման ներխուժած ադրբեջանական զորքի դեմ ռազմական գործողություն սկսի, ես խիստ կասկածում եմ:

Դու ինքդ պետք է ի վիճակի լինես պաշտպանելու քո սահմանները, ոչ թե հույսդ դնես ՀԱՊԿ-ի կամ ՌԴ-ի վրա: Եթե մենք դիմադրեինք, զոհեր տայինք, ու ադրբեջանցիներն առաջ գային, դա մեծ հիմք էր ՀԱՊԿ-ին դիմելու՝ ռազմական օգնություն խնդրելու համար՝ ասելով, որ տեղի է ունեցել հարձակում, ունենք զոհեր, մարդիկ մեր տարածքներն օկուպացնում են, բայց եթե դու կրակոց չես արձակում, մարդիկ անարգել առաջ են գալիս՝ հարց է առաջանում. եթե դրանք քո տարածքներն են, ինչո՞ւ դրանք պաշտպանելու համար ոչ մի կրակոց չես արձակում:

– Փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն ասել է, որ այս կամ այն կերպ մենք հասնելու ենք հանգուցալուծման, բայց «մենք պետք է նաև պատրաստ լինենք մեր ինքնիշխան տարածքի պաշտպանությանը, իսկ վատ սցենարի դեպքում ակնկալում ենք մեր դաշնակիցների աջակցությունը»: Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը, ու ի՞նչ վատ սցենարի մասին է խոսքը, պարո՛ն Պողոսյան:

– Մեղմ ասած, տարօրինակ հայտարարություն է. ի՞նչ է նշանակում՝ պետք է պատրաստ լինենք պաշտպանության, ոչ թե պետք է պատրաստ լինենք, այլ պետք է պաշտպանենք:

Ինքնին անհեթեթ վիճակ է, երբ X պետության փոխվարչապետը նման բան է ասում, նման որևէ դեպք չեմ հիշում այլ պետության ներկայացուցչի կողմից:

Ինչ վերաբերում է վատ սցենարներին, չգիտեմ՝ ինչ նկատի ունի փոխվարչապետի պաշտոնակատարը, բայց ստացվում է, որ մեր սահմանների մի մասը թափանցիկ է, ու ադրբեջանական զինվորները կարող են անարգել ներս գալ, իսկ ՀՀ-ն չունի իր տարածքները պաշտպանելու հնարավորություն: Բնական է՝ նման իրավիճակում կարող են լինել բացասական զարգացումներ: 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am