«Երեխեքի համար տեղաշոր չունեմ, մահճակալ չկա, որ քնեն, ամեն ինչ կորցրեցինք»․ Հասմիկ Ղուկասյանը՝ Քաշաթաղից Տափերական

lustration by Abbie Milne

28-ամյա Հասմիկ Ղուկասյանը Քաշաթաղի շրջանի Գանձա գյուղից է։ Արցախյան պատերազմի հետևանքով Գանձայում գտնվող տունը, հողամասը մնացել են Ադրբեջանի վերահսկողության ներքո։ Հասմիկը չորս անչափահաս երեխաների և ամուսնու հետ ժամանակավորապես բնակություն է հաստատել բարեկամի տանը՝ Արարատի մարզի Տափերական համայնքում։

Հասմիկը երեխայի առողջական խնդիրների պատճառով հաճախ է Հայաստան եկել՝ բուժօգնություն ստանալու նպատակով, ամուսնու աշխատանքը ևս Հայաստանում է եղել, և գրանցում են ունեցել Արարատի մարզում։ Հասմիկի խոսքով՝ մինչև պատերազմը Հայաստանում գրանցված լինելու պատճառով այսօր աջակցության որոշ ծրագրերից չեն կարողանում օգտվել:

«Մենք հաճախակի եղել ենք էստեղ, գնացել ենք բժշկի, եկել ենք հետազոտման, գնում-գալիս էի։ Գանձայում տուն ունեինք, սկեսուրենքս էլ տուն ունեին, դե, արդեն չունենք, որովհետև մնացել ա իրենց հսկողության տակ, տեգրս էլ վիրավոր ա, սկեսրայրս էլ՝ 3-րդ խմբի հաշմանդամ։

Քանի որ ես էստեղ գրանցված էի, ինձ վերագրանցել չի լինում, որ ես էս պայմաններում եմ եկել, դրա համար չեմ կարողանում սնունդ վերցնել։ Մեր գյուղապետի տեղակալն ասեց՝ չենք կարող, քանի որ դուք արդեն գրանցված եք։ Բայց սննդի կարիք կա, երեխեքս փոքր են, հոգսը շատ է, ես բազմազավակ մայր եմ, զույգերս էլ 1․4 ամսական են, տակդիր են հագնում, բարդ է։ 

Տղաս էլ առողջական խնդիր ունի, երևի իրա պապան գնաց դիրքեր, խնդիրը կրկնվեց մոտը, դեղորայքը գնում եմ ես, անալիզներ կան, որ վճարովի ա լինում»,- նկարագրում է Հասմիկ Ղուկասյանը։

Արարատի մարզպետի խոսնակ Դիանա Դավթյանը «Մեդիալաբին» հաստատում է, որ այս պարագայում ընտանիքը չի կարող օգտվել սննդի և հիգիենայի այն օգնությունից, որը տրամադրվում է մարզպետարանի կամ համայնքապետարանի կողմից Արցախից տեղահանված անձանց, քանի որ ընտանիքը մինչև պատերազմն է Հայաստան եկել, և հաշվառումը ավելի վաղ է կատարվել։ 

Դավթյանի խոսքով՝ այս դեպքում ընտանիքը չի համարվում պատերազմի հետևանքով բռնի տեղահանված, համարվում է ՀՀ բնակիչ և կարող է դիմել օգնության համար՝ որպես ՀՀ կարիքավոր բնակիչ․ «Այս դեպքում մտնում է արդեն ՀՀ բնակիչների կարիքավոր ֆոնդի մեջ։ Մարզպետարանը, Տափերականը ունեն օգնության ֆոնդեր, որոնց կարող է դիմել, և այնտեղ հաշվառեն։ Համայնքապետարանի, մարզպետարանի միջոցով կարող է ստանալ իրեն հասանելիք օգնությունը, աջակցությունը՝ արդեն ՀՀ կարիքավոր բնակիչ»,- ընդգծում է նա։

Հասմիկը պատմում է, որ պատերազմի օրերին եղել է Արարատի մարզում, չի կարողացել տուն գնալ, որ որևէ անհրաժեշտ իր դուրս բերի տնից, այժմ, նրա խոսքով՝ մահճակալի, սպիտակեղենի, զույգ երեխաների համար տակդիրի կարիք ունեն:

«Էնտեղ մեծ տուն ունեինք՝ մեծ հյուրասենյակ էր, երկու ննջասենյակ, ամբողջ տան չափով մառան կար, նաև հողատարածք ունեինք՝ արդեն պոպոքի ծառեր էինք տնկել, ամեն բան ունեինք, սկեսուրենքս էլ տուն ունեին, հիմա ոչինչ չունենք։

էստեղ ամուսնուս բարեկամի տանն ենք, ինչ կա՝ իրանցն ա, փայտից մահճակալ կա, բայց վրան մատրաս չկա, բալիկներս էլ խոլերի վրա են քնում, կպցնում ենք, քնում են վրան։ Երեխեքի համար տեղաշոր չունեմ։ Մահճակալ չկա, որ քնեն։

Մեր բարեկամներն էլ Ռուսաստանում են, կարող ա Ռուսաստանից իրանք գան, չգիտենք՝ ինչ կլինի»,- նշում է Ղուկասյանը։

Հասմիկի ընտանիքը դիմել է տան փոխհատուցման համար, ընտանիքից միայն ինքն է ստացել 300 հազար դրամ, ասում է՝ ծախսերը շատ են, գումարն էլ չի բավականացնում:

«Ես ստացել եմ 300 հազարը նոր տարվանից առաջ, վճարել ենք էլեկտրաէներգիայի գումար, էստեղ գազ չկա, տունը ջեռուցվում ա էլեկտրական եղանակով։ Պատուհանները նորմալ չեն, պատերը բարակ են։ Ունենք վարկեր, էդ գումարից չի էլ մնացել։ Ամուսինս ու բալիկներս էլ չեն ստացել, չգիտեմ՝ կստանա՞ն, թե՞ չէ»,- նշում է Հասմիկ Ղուկասյանը։

Հասմիկն ասում է, որ վարսավիրություն է սովորել, մտադիր է, որ երեխաները մի փոքր էլ մեծանան, աշխատանքի կանցնի: Արցախ վերադառնալ շատ է ցանկանում, բայց վախենում է երեխաների հետ գնալ:
«Ես էս երեխեքին ո՞նց տանեմ, շատ եմ վախենում, շատ կուզեի գնալ, բայց լսում եմ, որ ադրբեջանցիների ազատ ելումուտ կա, վախենում եմ իմ բալիկներին տանեմ էնտեղ։

Երեխեքս մեծանան, կաշխատեմ էստեղ, ամուսինս աշխատում է այստեղ՝ ոստիկանության զորքերում, ես էլ կարողանամ աշխատել, մի բան հիմնեմ, երեխեքիս մեծացնեմ»,- ասում է Ղուկասյանը։

Հասմիկ Ղուկասյանի ընտանիքին օգնելու ցանկության դեպքում՝ խնդրում ենք գրել «Մեդիալաբի» Ֆեյսբուքի էջին։

Արփինե Արզումանյան

MediaLab.am