«Ֆինանսական շուկայում վայրիվերումները կշարունակվեն, քանի որ Հայաստանի ձեռքերը կապված են». ըստ տնտեսագետի, դրամի արժեզրկումը կշարունակվի

«Ֆինանսական շուկայում վայրիվերումները կշարունակվեն, քանի որ Հայաստանի ձեռքերը կապված են». ըստ տնտեսագետի, դրամի արժեզրկումը կշարունակվի
«Ֆինանսական շուկայում վայրիվերումները կշարունակվեն, քանի որ Հայաստանի ձեռքերը կապված են». ըստ տնտեսագետի, դրամի արժեզրկումը կշարունակվի

Դոլարի նկատմամբ հայկական դրամի արժեզրկումն ու ֆինանսական շուկայում տիրող անկայունությունը Հայաստանի՝ ճգնաժամ ապրող Ռուսաստանից  կախյալ զարգացման ուղղակի հետեւանք է:  «Մեդիալաբի» հետ զրույցում  նման կարծիք է հայտնում տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը:

«Այն պատժամիջոցները, որ կիրառվում է Ռուսաստանի նկատմամաբ Արեւմուտքի կողմից, բնականաբար, արտացոլվում է մեր տնտեսության վրա, որը կախյալ, պերիֆերիկ տնտեսություն է Ռուսաստանի համար եւ միշտ շահագործվել է»,-ասում է Աշոտ Եղիազարյանը:

Այն, թե ինչն է ազդում դրամի փոխարժեքի վրա, տնտեսագետի խոսքով հանրահայտ է՝ ռուսական ռուբլու անկմամբ պայմանավորված նվազել են արժութային մուտքերը Հայաստան, կա նաեւ արտարժույթի որոշակի արտահոսք Հայաստանից:

«Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը նույնպես չի բացառում սպեկուլյատիվ գործարքներով Հայաստանից դոլարի արտահոսքը:

«Հաայասատանում ձեւավորված նպաստավոր փոխարժեքն ի նպաստ իրենց, օգտագործելու, չեմ բացառում նաեւ Ռուսաստանի կողմից կապիտալների ինտերվենցիաները Հայաստանի Հանրապետություն ավելացնում են»,-ասում է Մանասերյանը:

Նրա համոզմամբ, ԿԲ-ն ու կառավարությունը պետք է ուժեղացնեն վերահսկողությունը եւ տվյալ իրավիճակում թույլ չտան ֆինանսական շուկայի այսչափ ազատությանը:

Նշենք, որ չնայած կայունություն ապահովելու մասին ԿԲ հայտարարություններին, դրամը այսօրվա դրությամբ մի փոքր բարելավել է իր դիրքերը, սակայն այնուամենայնիվ, վերջին օրերին դրամի արժեզրկումը հասել է առավելագույն սանդղակին` պատմության մեջ: Վերջին օրերին մեկ դոլարի գինը հասել էր մինչեւ աննախադեպ գնի` 630 դրամի:

ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը հայտարարել է, որ բանկային համակարգոմ արտարժույթի խնդիրներ չկան եւ որ ստեղծված իրավիճակը խուճապի եւ սպեկուլյացիայի պատճառ է:

«Մենք վերահսկում ենք իրավիճակը: Մեր գերնպատակը մնում է գների կայունացումը»,-հայտարարել է Արթուր Ջավադյանը: 

Ավելացնենք, որ դոլարի արժեւորումը եւ ռուսական ռուբլու արժեզրկումն ու տնտեսական ճգնաժամը Ռուսաստանում, որի հետեւանքները Հայաստանի տնտեսությունն ուղղակիորեն զգում է, պայմանավորված են համաշխարհային շուկայում նավթի գնանկմամբ:

ԱՄՀ կանխատեսումներով, այս գործընթացը կշարունակվի եւ Ռուսաստանի տնտեսությունը 2015 թվականին բացասական զարգացում կարձանագրի: ԱՄՀ Երեւանյան գրասենյակի ղեկավար Թերեզա Դաբան Սանչեսի ներկայացրած վերլուծության համաձայն, տնտեսական աճի ցուցանիշը Ռուսաստանում կկազմի մինուս 0.8 տոկոս:

«Ռուսատանի տնտեսական ճգնաժամը պայմանավորված է ոչ միայն նավթի գներով, այլեւ աշխարհաքաղաքական զարգացումներով, Ռուսաստանի տնտեսության կառուցվածքային ու կառավարման խնդիրներով»,-նշել է Թերեզա Դաբան Սանչեսը:

Տնտեսական աճի՝ ԱՄՀ-ը կանխատեսումները լավատեսական չեն նաեւ Հայաստանի համար: ԱՄՀ վերլուծության համաձայն, նշված գործոնների ազդեցությամբ պայմանավորված, Հայաստանի տնտեսական աճը ցածր կլինի եւ կկազմի 3 տոկոս:

Տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը ստեղծված իրավիճակում Հայաստանի համար միակ ելքը համարում է  զարգացման կախյալ ճանապարհից դուրս գալն ու այլընտրանքին՝  Եվրաասոցացմանը վերադառնալը:

«Փաստացի մենք կորցրել ենք արտահանումը դեպի Ռուսաստան, տրանսֆերտները նվազագույնի են հասցվել: Այս գործընթացը կշարունակվի ու կխորանա»,-«Մեդիալաբին» ասում է   Աշոտ Եղիազարյանը:

Հայաստանը, ուր պաշտոնապես աղքատ է համարվում ամեն երրորդ բնակիչ, հազարավոր ընտանիքներ տասնամյակներ շարունակ ապրում են արտերկրից ստացվող մասնավոր փոխանցումների շնորհիվ:

Ըստ ԿԲ տվյալների, 2013-ի ընթացքում երկրի ՀՆԱ-ի մոտ 17,3 տոկոսը կազմել են հենց դեպի Հայաստան կատարված դրամական փոխանցումները: Անցյալ տարի տրանսֆերտները կազմել են 1 869,7 մլն դոլար:

Արտերկրից Հայաստան կատարվող տրանսֆերտների մեջ առյուծի բաժնի համախառնը ծավալի 83,6 տոկոսը  բաժին է հասնում Ռուսաստանին, որտեղից մասնավոր փոխանցումները թեեւ  հունվար-հոկտեմբեր ամիսներին ընդհանուր առմամբ  4,4 տոկոսի անկում են գրանցել` կազմելով 1 241,4 մլն դոլար, սակայն հիմնական անկումները շարունակվել են վերջին ամիսներին:

Ռուսաստանից Հայաստան փոխանցումների ծավալը շարունակել է նվազել միջազգային արժութային շուկաներում ռուսական ռուբլու արժեզրկման պայմաններում: Եթե ռուսական տրանսֆերտները հոսքը հունիսին նվազել է 4.6, հուլիսին` 6.6,  օգոստոսին 7.7, սեպտեմբերին  7 տոկոսով, ապա հոկտեմբերին անկումը կազմել է 19 տոկոս:

Անցյալ տարվա հոկտեմբերի նույն ժամանակահատվածի նկատմամբ, այս հոկտեմբերին փոխանցվել է 161,6 մլն դոլար` 17,1 տոկոսով ավելի քիչ գումար քան նախորդ տարի:

Նոյեմբերի տվյալները դեռեւս հասանելի չեն: Համատարած թանակցումների եւ դրամ-դոլար դրամայի հետեւանքով խուճապային վիճակ է ստեղծվել Հայաստանում:

Թանկացել են առաջին անհրաժեշտության ապրանքները, սննդամթերքը, հագուստը, դեղորայքը: Տրանսպորտի համար օգագործվող գազի գների բարձրացման հետեւանքով երկու օր է երթուղայինի վարորդները գործադուլ են անում:

Հարցին, թե ինչ միջոցներ պետք է ձեռնարկի ԿԲ-ն, դոլար-դրամ հարաբերակցությունը եթե ոչ նախկին մակարդակին, ապա գոնե որոշակի կայունության հասցնելու համար,  Աշոտ Եղիազարյանը պատասխանում է.

«ԿԲ-ի կառավարության հարց չկա: Հարցն ավելի ընդգրկուն է՝ պետք է դուրս գալ այդ կախյալ վիճակից, պետք է վերականգնել ԵՄ հետ հարաբերությունները ամբողջ ճակատով,  զարգացնել Իրանի հետ կապերը: Մեր տնտեսության մեջ պետք է  պակասացնել ՌԴ ազդեցությունը»:

Տնտեսագետի գնահատմամբ, ֆինանսական շուկայում վայրիվերումները կշարունակվեն, քանի որ Հայաստանի ձեռքերը կապված են:

«Մենք չունենք այլընտրանքային ընտրության  հնարավորություն: Մինչեւ այս էլ դա կար, բայց այն ֆորմալացվեց սեպտեմբերի երեքին: Մենք ստանձնել ենք պարտավորություններ, որոնք թույլ չեն  տալիս մանեւրել, գործել ազատ եւ ինքնուրույն»,-ասում է նա:

Աշոտ Եղիազարյանի գնահատմամբ, ճգնաժամի հետ զուգահեռ Հայաստանում Ռուսաստանի  ազդեցությունը նվազում է հենց ֆինանսական առումով՝ դրամական փոխանցումների, արտահանումից ստացվող գումարների, ենթակառուցվաքներում ներդրումների  ու ստացվում է, որ մ կողմից մենք հնարավորություն չունենք զարգացնել տնտեսությունը, ներդրումներ անել, քանի որ պակասում են այդ հնարավորությունները, մյուս կողմից՝ սահմանափակված ենք այլընտրանքային լուծումներ գտնելու հարցում:

«Հայաստանն այսօր այս վիճակում է»,-արձանագրում է Աշոտ Եղիազարյանը:

Իսկ տնտեսագետ, Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը այս ամենի հետեւանքով կենսամակարդակի իջեցում է կանխատեսում:

«Մի բան պարզ է։ Կունենանք կենսամակարդակի 30%-ոց անկում և աղքատության ցուցանիշի բարձրացում մինչև 46-50»,- «Ֆեյսբուքի» իր էջում ներկայացնելով իր վերլուծությունը եզրափակում է նախկին վարչապետը:

Էմմա Քալաշյան

© Medialab.am