Սահմանադրության փոփոխության հարցը Ադրբեջանը ներկայացնում է ոչ թե որպես պահանջ, այլ՝ նախապայման. Միրզոյան

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը կարևորել է նոր Սահմանադրության շուրջ համազգային քննարկումների անցկացումը՝ ընդգծելով, որ իշխանությունը պատրաստ է բովանդակային բանավեճի։

Այս մասին նա հայտարարել է Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում։

«Նախապայմանը պահանջ բառից էականորեն տարբեր է»,- ընդգծեց ԱԳ նախարարը՝ հավելելով, որ իրավիճակն ունի նրբություններ, որոնք պետք է հաշվի առնել։

«Մեծ հույս ունեմ, և սա, կարծում եմ, մեր քաղաքական թիմի մոտեցումն ու հանձնառությունն է, որ առաջիկայում՝ հնարավորինս մոտ ապագայում, այս հարցի շուրջ կունենանք լուրջ, բովանդակային քննարկումներ»,- ասել է Միրզոյանը։

Նախարարն առաջարկել է քննարկումներում ներգրավել հասարակության ավելի լայն շրջանակների։

«Այդ խոսակցությունն ազգովի ունենանք, ի՞նչ խնդիր կա։ Որևէ բանավեճից չենք խուսափում»,- ընդգծել է նա։

Միրզոյանը միաժամանակ շեշտել է, որ Սահմանադրության փոփոխությունը Հայաստանի ներքին գործն է և Ադրբեջանի հետ բանակցությունների առարկա չէ։