«Ես կուզենայի մեր նախարարին առաքինի տեսնել, բայց ինքը սկսեց ուղղակի չանա-չանա պայքարել ու խեղաթյուրել իրականություն». Տեր Ղազար քահանա Պետրոսյան

«Ես կուզենայի մեր նախարարին առաքինի տեսնել, բայց ինքը սկսեց ուղղակի չանա-չանա պայքարել ու խեղաթյուրել իրականություն». Տեր Ղազար քահանա Պետրոսյան
«Ես կուզենայի մեր նախարարին առաքինի տեսնել, բայց ինքը սկսեց ուղղակի չանա-չանա պայքարել ու խեղաթյուրել իրականություն». Տեր Ղազար քահանա Պետրոսյան

Հայ Առաքելական Եկեղեցու Արարատյան հայրապետական թեմի Բյուրավանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ տեր Ղազար քահանա Պետրոսյանի հետ «Մեդիալաբը» զրուցել է վերջին օրերին քննարկվող դեպքի շուրջ: Արարատի մարզի Այգեստան գյուղի դպրոցի շենքում կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, պատահաբար տեսնելով գյուղի հոգևոր հովվին, հարցրել էր՝ դուք այստեղ ի՞նչ եք անում: Այնուհետև նախարարը քահանային ասել էր, որ դպրոցը աշխարհիկ կառույց է, և որ «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան վիճահարույց առարկա է, անհրաժեշտություն կա քննարկել դրա հետագա դասավանդման նպատակահարմարության հարցը: Դեպքից հետո տեր Ղազար քահանան «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրառում էր արել՝ «Կրթության անկիրթ նախարարին» վերնագրով: Նրա խոսքով՝ հոգևորականներն սպասում էին, որ նախարար Արայիկ Հարությունյանը պետք է ներողություն խնդրեր կատարվածի համար: Սակայն նախարարը լրագրողների հետ զրույցում նման պատասխան է տվել. «Անհավասարակշիռ արձագանքը հոգևորականների կողմից ցույց է տալիս, որ անկիրթները նրանց մեջ քիչ չեն»: Նախարարը նաև ասել է, որ իրավիճակը խեղաթյուրված է ներկայացվել, ինքն ու հոգևորականը ձեռքսեղմումով են հեռացել:

Տեր Ղազար քահանա Պետրոսյանի հետ հարցազրույցը ներկայացնում ենք ստորև:

– Տե՛ր Ղազար, միջադեպի մասնակից հոգևորական տեր Դավիթը մեզ պատմել է, որ դեպքն այսկերպ է եղել. դպրոցում նախարարն իրեն տեսել է ու հարցրել՝ դուք ի՞նչ գործ ունեք այստեղ: Այնուհետև խոսակցության ընթացքում նախարարն ասել է, որ «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդումը խնդրահարույց է, պետք է վերանայվի: Նույն բովանդակությամբ պատմություն դուք եք ներկայացրել «Ֆեյսբուքում»: Նախարարը փաստացի հոգևորականներին մեղադրում է իրավիճակը խեղաթյուրված ներկայացնելու մեջ: Ինչպե՞ս կարձագանքեք:

– Տեր Դավիթը վիրավորված էր նախարարի պահվածքից, այսինքն՝ վիրավորանքի տոն եղել է իրականում: Նախարարն այսօր փորձում է ցույց տալ, որ իբր թե խեղաթյուրվել է իրավիճակը, ասում է՝ մենք ձեռքսեղմումով ենք բաժանվել: Ի՞նչ է, մի հատ էլ պետք է խփեին իրար գլո՞ւխ ջարդեին, պարզ էր, որ պետք է ձեռքսեղմումով բաժանվեին: Հիմա էլ մշակույթի փոխնախարարն է գրառում կատարել, ասում է՝ պատկերացրեք, դպրոցում տեսնում եք զինվորական համազգեստով զինված ֆիդայի: «Ասում է՝ հարցնեք, թե ինչո՞ւ է դպրոցում, իսկ նա սկսի ձեզ նախատել՝ պատմելով հայդուկյան շարժման հայապահպան լինելու կարևորության մասին»:
Այսինքն՝ իրենց համար ֆիդայիները հեղինակություն չեն, էլի: Երևի ԼԳԲՏ-ներն են հեղինակություն, որ իր մոտից բավարարված են դուրս գալիս, մեղա Աստծո:

– Փաստորեն նախարարը ձեզ մեղադրում է, որ փաստերը խեղաթյուրել եք, բայց դուք պնդում եք, որ իրականությունն այնպես է, ինչպես ներկայացրե՞լ եք:

– Ոչինչ չի խեղաթյուրվել, մենք ճշտել ենք, որ գրել ենք: Այնպես չէ, որ մենք օդից ստեղծագործեցինք: Իրականում քահանան մտել է դպրոց, և նախարարը նրան ասել է՝ դուք այստեղ ի՞նչ եք անում: Եվ փաստորեն անհաջող իրադրություն է ստեղծվել, բանավեճի պես, որը հարիր չէր: Նախարարը չպետք է բանավեճ աներ հոգևորականի հետ:

– Ի՞նչ էիք սպասում, որ ինքը պետք է այդ դեպքից հետո ներողությո՞ւն խնդրեր:

– Ես նույնիսկ իմ ֆեյսբուքյան էջում գրեցի, որովհետև բազմահազար արտահայտվող մեր հայ ժողովուրդը, հավատացյալ ու քրիստոնյա մեր ժողովուրդը, եկեղեցու զավակները բուռն արձագանքեցին և նախարարին բազմաթիվ խրատներ տվեցին կամ ուղղակի առաջարկեցին, որ կարելի է ներողություն խնդրել: Հիմա՝ եթե չեք պատկերացնում, որ հոգևորականն ի՛նչ գործ ունի դպրոցում, կամ արդյոք կարելի՞ է, որ առաջին անգամ հոգևորականին տեսնեք ու իր հետ քննարկեք աշխարհիկ դպրոցի կամ հոգևորականների՝ այնտեղ լինել-չլինելու հարցը: Եվ հոգևորականն էլ այնտեղ մեջբերել է խորհրդային դպրոցները, որտեղ հալածեցին հայ հոգևորականներին: Այսինքն՝ եթե միջավայրն այդպիսին չլիներ, ի՞նչ կարիք կար նման զրույց ծավալելու:

-Այսինքն՝ հիմա միտում է նկատվում, որ նորից ուզում են հալածե՞լ հոգևորականներին:

– Այո՛, այո՛: Տեր հայրն ասել է՝ այն ժամանակ հալածում էին, հիմա՞ էլ եք ուզում հալածել:

– Ըստ Սահմանադրության՝ Հայաստանն աշխարհիկ պետություն է, եկեղեցին անջատ է պետությունից: Նորմա՞լ է, երբ հոգևորականն իր հանդերձանքով գնում է դպրոց, աղոթքներ է անում: Նախարարի մեջ չպե՞տք է հարցեր ծագեին:

– Ես զարմանում եմ, այն մարդիկ, ովքեր օրենքից մեջբերում են անում, ինչո՞ւ են թերի մեջբերում անում: Ինչո՞ւ են հղում անում, որ ՀՀ-ն աշխարհիկ պետություն է, եկեղեցին անջատ է պետությունից, բայց անդրադարձ չեն կատարում հետևյալին: Բա Սահմանադրության մեջ գրված է, որ մենք մեր ազգային եկեղեցին ճանաչում ենք՝ որպես բացառիկ առաքելություն կատարած եկեղեցի: Սահմանադրության կետ է սա: Բա ո՞նց է, մի կետը կարդում են, մյուսը չեն կարդում: Ախր չէ՞ որ այդ հոգևորականը, ով ներկայանում է դպրոց, ինքը պատահական մի խմբակի կրոնավոր չէ: Ինքն այդ երկրի Սահմանադրության մեջ ամրագրված բացառիկ առաքելություն կատարած եկեղեցու սպասավորն է: Ուրեմն բացառիկ առաքելությունը, որն ամրագրված է Սահմանադրությամբ, ոչինչ չի՞ ասում նախարարին: Դուք որ ասում եք՝ քահանաներն անընդհատ դպրոցում են, նախարարն այդ նույն օրը քանի՞ դպրոցում է շրջել: Եվ թող կանգնի ասի, որ ուրիշ դպրոցում էլ տեսավ հոգևորական: Իհարկե, չի տեսել, եթե տեսներ, ինձ թվում է՝ միջադեպ եղած կլիներ: Եկեղեցու պատմության ուսուցչուհին պետք է գնար վերապատրաստման, տեր հայրն էլ նրան իրազեկելու ուրիշ տարբերակ չի ունեցել, հեռախոսահամարը չի ունեցել, անձամբ է գնացել դպրոց, որ մարդուն տեղեկացնի: Սա ի՞նչ քննարկման հարց է:

– Վերջին տարիներին անընդհատ քննարկվում է այն հարցը, որ եկեղեցին մտել է պետական հաստատություններ, մասնավորապես, դպրոց ու բանակ: Աշխարհիկ այս կառույցներում ի՞նչ գործ ունի եկեղեցին: Եկեղեցու պատմության դասավանդումը ևս միանշանակ չի ընդունվում հանրության մոտ:

– Նախ ասեմ, որ մայր եկեղեցին երբեք չի պարտադրում իր սրբազան հավատքը: Պարտադրել են մուսուլմանները, եթե չդառնաս մահմեդական՝ կսպանեն: Երբեք նման դեպք չի եղել, որ մայր եկեղեցին զինի ինչ-որ մարդկանց ու ասի՝ եթե չդառնաս հայ քրիստոնյա, կսպանեմ քեզ, որովհետև մերը հավատք է: Մեր սրբազան հավատքի համաձայն՝ երբ երեխան ծնված է լինում հայ քրիստոնյա ընտանիքում, այսինքն՝ եթե երեխայի հայրն ու մայրը կնքված են, եկեղեցու զավակներ են, նմանատիպ ընտանիքի երեխային մայր եկեղեցին կնքում է 8 օրականում: Սա քրիստոնեական մեր դրվածքն է արդեն 1700 տարի: Հետևաբար, մեր զավակների հոգևոր խնամքը սկսվում է 8 օրականից:

– Բայց այդ նույն մարդկանց թվում, ովքեր սովորում են դպրոցում կամ ծառայում են բանակում, կարող են լինել աթեիստներ, այլ կրոնական կազմակերպությունների հետևորդներ: Ստիպել մարդկանց աղոթել բանակում՝ դա նորմա՞լ է:

– Ես հարցին հարցով պատասխանեմ. ես ֆիզիկա ու մաթեմատիկա առարկաները դպրոցում ամենալավն եմ սովորել: Ռուսաց լեզուն էլ տանել չեմ կարողացել, որովհետև օտար լեզուները չեմ կարողացել սովորել, և միշտ ցածր գնահատականներ եմ ստացել ռուսերենից: Հիմա ի՞նչ, ռուսերենն իմ իրավունքը խախտո՞ւմ էր: Միգուցե ես չէի ուզում, որ ռուսերեն դասավանդվեր: Այդ ո՞նց է, որ կրթության նախարարությունը նման հարցերին չի պատասխանում, դասագրքերում տերմինները գնալով բարդանում են: Եթե դպրոցը գտնվում է մայր հայրենիքում՝ Հայաստանում, ուրեմն նշանակում է, որ միջավայրը հայ քրիստոնեական միջավայր է 92 տոկոսով, ինչպես վերջին մարդահամարի տվյալները ցույց տվեցին:

– Բայց մնացած 8 տոկոսն էլ են մարդիկ ու ունեն իրավունքներ:

– Չէ բայց, մենք նրանց իրավունքները չենք խախտում: Իրենք մեր միջավայրում ապրելով՝ պետք է տեղյակ լինեն մեր կենցաղի օրենքներին: Դա իրենց ավելի ուժ կտա, ոչ թե իրենց իրավունքը կոտնահարի: Իրաքից եկած մի երիտասարդ տարիներ առաջ ասում էր՝ եթե այդ միջավայրի մեջ ես Ղուրանից անտեղյակ լինեի, շատ մեծ խնդիրներ կունենայի: Եվ մարդը մուսուլման չէր դարձել, հայ քրիստոնյա էր, բայց քանի որ ապրում էր նման միջավայրի մեջ, դպրոցում ուսումնասիրում էր Ղուրան:
Իսկ եթե ամբողջ դպրոցում ոչ մի աթեիստի երեխա չկա, ոչ մի աղանդավոր չկա, մենք օդի մեջ հորինենք նման կերպար և մտածենք՝ գիտեք, հնարավոր է, որ լինի մի հատ աղանդավորի երեխա, այդ դեպքում իր իրավունքը կխախտենք, քանի որ Ամերիկայում այդպես է: Է, հետո՞: Դա կստացվի, որ մեր իրականությունից կտրված, չգործող օրենքներ են, անհեթեթություն:

– Եթե նախարարը կամ կառավարությունը որոշի, որ Եկեղեցու պատմություն առարկան պետք է հանել դպրոցական ծրագրից, ո՞րը կլինի ձեր արձագանքը:

– Ուրեմն այդ դեպքում այդ կառավարությունն էլ պետք է կառավարության շենքից հանել: Մենք դա ենք մաղթում: Եվ քանի որ աշխարհիկ պետություն եզրույթին անդրադարձանք, այստեղ ասելիք ունեմ: Սա Հայաստանի համար կեղծ կատեգորիա է: Բա մենք ամբողջ աշխարհի առաջ ներկայանում ենք որպես առաջին պետականորեն քրիստոնյա ժողովուրդ:

Բա մեր հիմնական պարծանքը, հոգևոր մեր ձեռքբերումը, քրիստոնեության մեջ առաջատար լինելու մեր հանգամանքը կայանում է հենց նրանով, որ մենք ազգովի պետականորեն ուխտ ենք կնքել Աստծո հետ: Մենք պետականապես նաև քրիստոնյա ժողովուրդ ենք, սա շատ կարևոր է:

Ուստի այսօր կեղծ օրակարգեր պետք չէ մեր պարանոցին փաթաթել: Ընդհակառակը, ես առաջարկում եմ՝ Հայաստանի Հանրապետությունը պետք է լինի Հայաստանի քրիստոնյա Հանրապետություն: Եվ կարծում եմ, որ սա շատ կարևոր առաջընթաց կապահովի, որովհետև հայ ժողովրդի ներքին ամբողջ ներուժը կարտահայտվի, քանի որ ինքը կքայլի իր բնական ճանապարհով: Եվ ես ափսոսում եմ, որ նախարարը գոնե կեսբերան ներողություն չխնդրեց: Ես կուզենայի մեր նախարարին այդպիսի առաքինի տեսնել, բայց ափսոս, ինքն սկսեց ուղղակի չանա-չանա պայքարել ու խեղաթյուրել իրականությունը:

Լուսանկարը` Տեր Ղազար քահանա Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am