Ազատել բոլոր քաղբանտարկյալներին․ Հայաստանի քաղհասարակությունը համերաշխություն է հայտնել և ողջունել Բելառուսի ժողովրդի ազատ կամքը

People protest at the Main Square in Krakow, Poland, during a rally of solidarity with political prisoners in Belarus on July 3. Beata Zawrzel/NurPhoto via Getty Images

Հայաստանի քաղաքացիական հասարակության մի խումբ ներկայացուցիչներ Բելառուսում կատարվող իրադարձությունների վերաբերյալ հայտարարություն են տարածել, որում նշվում է հետևյալը․

«Մենք՝ Հայաստանի քաղաքացիական հասարակության ներքոստորագրյալ ներկայացուցիչներս, վստահ ենք, որ Բելառուսի քաղաքացիները պետք է կարողանան ազատորեն իրացնել իրենց իրավունքները․  

փոխել կառավարությունը ԵԱՀԿ չափանիշների վրա հիմնված ազատ և ժողովրդավարական ընտրությունների միջոցով,

խաղաղ ցույցեր և ազատ հավաքներ  իրականացնել իրենց ընտրական և մարդու իրավունքների պաշտպանության համար և դրանց խախտումների դեմ, 

չենթարկվել բռնությունների և կամայական ազատազրկումների, 

ունենալ տեղեկատվության և մամուլի լիակատար ազատություն:  

Մենք դատապարտում ենք քաղաքական ընդդիմադիրների և նրանց աջակիցների նկատմամբ նախընտրական հետապնդումները, վաղ քվեարկության ընթացքում և ընտրությունների օրը դիտորդների կողմից արձանագրված խախտումները, այդ թվում՝ դիտորդների կամայական ազատազրկումը և նրանց աշխատանքի խոչընդոտումը, քվեարկության արդյունքների կեղծումը, հետընտրական ձերբակալությունները, ինչպես նաև ոստիկանության կողմից անհամաչափ և չարդարացված ուժի կիրառումը, որի հետևանքով առնվազն մեկ մարդ է մահացել և հարյուրավոր մարդիկ վիրավորվել են։   

Հայաստանի ժողովրդավարությունը և զարգացումը բռնի կերպով կասեցվել են բազմաթիվ կեղծված ընտրություններով։ 2008 թ․ ժողովրդի քվեարկության նմանատիպ կեղծման և հանրային դժգոհության բռնի լռեցման արդյունք էր պետության լայնածավալ զավթումը, անպատժելիության, կոռուպցիայի և մարդու իրավունքների համակարգային խախտումների խորացումը։ Միայն 2018 թ․ տեղի ունեցած հեղափոխության միջոցով Հայաստանի ժողովուրդը կարողացավ վերականգնել արդարությունը, սակայն մինչ օրս՝ երկու տարի անց, դեռ պայքարում է բռնության և կոռուպցիայի մնացորդների դեմ։  

Լիարժեք համերաշխություն հայտնելով Բելառուսի ժողովրդին` մենք ողջունում ենք նրանց ուժեղ կամքը, ոգին և պատրաստակամությունը՝ պաշտպանելու սեփական իշխանություն ընտրելու իրենց լեգիտիմ իրավունքը, վերականգնելու իրենց արժանապատվությունը, իրավունքներն ու արդարությունը։   

Մենք պահանջում ենք Բելառուսի գործող նախագահից.  

ապահովել ընտրական գործընթացի անկախ վերանայումը և ձայների վերահաշվարկը,

անհապաղ դադարեցնել քաղաքական ընդդիմադիրների և խաղաղ ցուցարարների հետապնդումը,

ազատել բոլոր քաղբանտարկյալներին»։ 

Հայտարարության տակ ստորագրել են հետևյալ կազմակերպությունները՝

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ
Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն
Հանրային լրագրության ակումբ
«Խաղաղության Երկխոսություն» ՀԿ
Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն
«Իրազեկ քաղաքացիների միավորում»
Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիա
Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ
Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ