Լիտվայի կառավարությունը որոշում է կայացրել մեկ ամսով փակել Բելառուսի հետ սահմանային անցակետերը՝ սկսած հոկտեմբերի 29-ից մինչև նոյեմբերի 30-ի կեսգիշեր՝ հնարավոր երկարացման պայմանով, հաղորդում է LRT-ն։
Շալչինինկայի անցակետը (բելառուսական կողմից՝ Բենյակոնի) ամբողջությամբ փակվելու է։ Միևնույն ժամանակ Մյադինինկայի (Քամենի Լոգ) անցակետը կգործի սահմանափակումներով․ այն կարող են օգտագործել միայն դիվանագետները, Կալինինգրադ մեկնող տարանցիկ ուղևորները, Լիտվայի քաղաքացիներն ու բնակության իրավունք ունեցողները, ինչպես նաև Եվրամիության և ՆԱՏՕ-ի երկրների քաղաքացիներն ու նրանց ընտանիքի անդամները։ Կպահպանվի նաև հումանիտար անցագրերի տրամադրման հնարավորությունը։
Լիտվայի ներքին գործերի նախարար Վլադիսլավ Կոնդրատովիչյուսը նշել է, որ այս որոշումը կայացվել է՝ վերջին շրջանում Բելառուսի տարածքից Լիտվա ներթափանցող մետեոզոնդերի միջոցով ծխախոտի մաքսանենգության դեպքերի պատճառով։



















