Կարճված գործեր, սպանված կանայք, ընթացք չստացած դիմումներ. Ինչու՞ են իրավապահները շարունակում տուն ուղարկել բռնության ենթարկված կանանց

Հայաստանում ընտանեկան բռնության դեպքերը չեն նվազում, քանի որ իրավապահները շարունակում են նախկին գործելաոճը՝ բռնության ենթարկված անձանց դիմումներին հաճախ ընթացք չեն տալիս։

«Եթե բռնության ենթարկված կինը չի բողոքում կամ հետ է վերցնում դիմումը, կարելի է և կարճել այդ գործը, այդպիսի մոտեցումը դեռևս շարունակվում է  իրավապահ համակարգում»,- «Մեդիալաբին» ասում է իրավապաշտպան, «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի համակարգող Զառա Հովհաննիսյանը։

2017 թվականին «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի ընդունումից հետո շարունակում են մնալ նախկին խնդիրները։

«Այսինքն՝ շատ անելիք կա դեռ։ Բացի նրանից, որ օրենքները կատարյալ չեն, դրանցում դեռևս կան լրջագույն բացեր, նաև իրավակիրառ պրակտիկան է բավական հեռու ցանկալիից։ Եվ պատկերացումները, որոնք հասարակության մեջ առկա են, այդ կարծրատիպերը շատ հանգիստ ներթափանցում են նաև դատաիրավական համակարգ»,- հավելում է Զառա Հովհաննիսյանը։

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է, որ նախորդ տարի իրավապահները ընթացք չեն տվել ընտանեկան բռնության դեպքերի շուրջ 74 տոկոսին, իսկ ավարտված վարույթների շուրջ 69 տոկոսը կարճվել է։

Այս վիճակագրությունը փաստում է, որ բռնության ենթարկված կանանց ոստիկանները նախորդ ոճով համոզում են գնալ տուն ու հաշտվել ամուսնու հետ։ Եվ այս ամենի հետևանքով որոշ դեպքեր ավարտվում են ողբերգությամբ։

2020 թվականին արդեն Հայաստանում արձանագրվել է չորրորդ կնասպանության դեպքը։ Մասնագետների հավաստմամբ, Հայաստանում ամեն տարի առնվազն 10 կին ընտանեկան բռնության զոհ է դառնում։ Վերջին ողբերգական դեպքը տեղի ունեցավ մարտի 7-ին՝ Գյումրիում։ 43-ամյա կինը զուգընկերոջ դաժան վերաբերմունքի հետեւանքով զոհվեց, վերջինիս 13-ամյա աղջկա կյանքի համար առ այսօր բժիշկները պայքարում են։

Այս եւ նմանատիպ դեպքերը հնարավոր է կանխվեին, եթե Հայաստանում իրավապահ համակարգը արագ արձագանքեր, հարակից կառույցները եւս արդյունավետ աշխատեին։

Coalition to Stop Violence against Women

Նախորդ տարվա դեկտեմբերին Արթիկում կնոջ առևանգման դեպք էր գրանցվել։ Ամուսնու կողմից պարբերաբար բռնության ենթարկված կինը գտնվում էր Կանանց աջակցման կենտրոնի ապաստարանում, նրան ուղեկցել էին Արթիկ, որպեսզի մասնակցեր քննչական գոծողությունների։ Զառա Հովհաննիսյանի խոսքով՝ կնոջն առևանգել էին ամուսինն ու իր չափահաս որդին։ Եվ միայն իրավապաշտպանների բարձրաձայնումից հետո էր ոստիկանությունը հայտնաբերել նրան։

«Այդ դեպքը հենց վերաբերում էր իրավապահ մարմինների զգայնությանն ընտանեկան բռնության դեպքին և առանձնահատկությանը։ Այս դեպքում հենց ընտանեկան բռնության փաստով քննություն էր ընթանում, կինը գտնվում էր Կանանց աջակցման կենտրոնի ապաստարանում։

Եվ չնայած դեպքի ծանրությանը՝ քննիչը նշանակել էր հարցաքննություն, իսկ հարցաքննության ժամանակ նաև տեղեկացրել էր, որ պատրաստվում է առերեսում իրականացնել, ինչը նմանօրինակ խոցելի իրավիճակում գտնվող անձի համար հավելյալ սթրես ու ծանրություն է։ Եվ երբ կինը դուրս էր եկել քննիչների սենյակից, նրան առևանգել էին»,- ասում է Զառա Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ երբ իրավապաշտպաններն ահազանգել են այս դեպքի մասին, Քննչական կոմիտեից անմիջապես արձագանք է եղել, թե կինն իր սեփական կամքով գնացել է չափահաս որդուն տեսնելու։

«Այսինքն՝ մի կողմից ոստիկանները հայտնաբերեցին կնոջը, նյութեր էին նախապատրաստվում, անգամ ուղեգիր էր տրվում, որպեսզի նա հաջորդ օրը գնար դատական բժշկի մոտ՝ հաշվի առնելով այն վնասվածքները, որոնք նա ստացել էր առևանգման ժամանակ, մյուս կողմից՝ քննչական մարմինն իր մեղքը ծածկելու համար նման հայտարարություն արեց։

Նաև, ինչու ոչ, Քրեադատավարական օրենսգրքի պահանջը չկատարելու համար նման հայտարարություն արվեց, որովհետև նման դեպքերում օրենսգիրքը նախատեսում է դիմել համապատասխան մարմնին, այդ թվում՝ ոստիկանությանը, որպեսզի անհրաժեշտ պաշտպանիչ միջոցառումներ տրամադրվեն կնոջը»,- հավելում է Զառա Հովհաննիսյանը։

Դատարանի վարույթում գտնվող ընտանեկան բռնության գործերով ուսումնասիրությունը ցույց է տալիս, դատական գործերը կարող են արագացված կարգով լինել, բայց կանայք հիմնականում կրկնազոհայնացվում են դատական նիստերի ժամանակ։ Եվ դատական համակարգը նույնպես ամենևին զգայուն չէ ընտանեկան բռնության առանձնահատկությունների նկատմամբ՝ նշում է Զառա Հովհաննիսյանը։

Կանանց աջակցման կենտրոնի փաստաբան Նոնա Գալստյանն ասում է, որ այս իրավիճակի պատճառն առաջին հերթին օրենսդրական բացն է։

«Այսինքն՝ եթե մենք մի կողմ թողնենք այդ ոստիկանի սուբյեկտիվիզմը, ոստիկանի իրավագիտակցության շատ ցածր մակարդակը և կարծրատիպերը, այստեղ խնդիրը հետևյալն է՝ ընտանեկան բռնության դեպքերը նաև քրեականացված չեն։

Այսինքն՝ դրանք որակվում են այնպես, ինչպես մնացած հանցակազմերը՝ ծեծ, առողջությանը թեթև վնասվածք պատճառել և այլն։ Եվ եթե այդ գործերով տուժողը բողոքեց՝ ոստիկանը շարունակում է վարույթը, եթե չբողոքեց՝ չի շարունակում։ Դրան գումարվում են մեր ոստիկանների իրավագիտակցությունն ու մոտեցումները»,- «Մեդիալաբին» ասում է Նոնա Գալստյանը։

Նրա խոսքով՝ ոստիկանները համոզում ու ճնշում են տուժողին, նա էլ բողոքը հետ է վերցնում, և, հետևաբար, գործերն ընթացք չեն ունենում։

«Դրա համար էինք մենք ասում, որ ընտանեկան բռնության գործերը պետք է առանձին հանցակազմերով նախատեսվեն, և անգամ ծեծը, առողջությանը թեթև վնասվածք պատճառելը չպետք է լինեն մասնավոր մեղադրանքի գործ, այսինքն՝ տուժողի բողոքից չպետք է կախված լինի։ Ոստիկանն ի պաշտոնե պետք է հարուցի քրեական գործ, ի պաշտոնե պարտավոր լինի քննել մինչև վերջ ու գործը դատարան ուղարկել։ Այդ դեպքում Մարդու իրավունքների պաշտպանի նշած վիճակագրությունը չէինք ունենա»,- հավելում է փաստաբանը։

Նոնա Գալստյանի խոսքով՝ նախորդ տարվա ընթացքում գրանցված ողբերգական դեպքերը փաստում են, որ օրենսդրական բաց կա։

«Նախորդ տարի Արտաշատում զուգընկերոջ կողմից սպանված կինը նախքան այդ բազմիցս բողոք էր ներկայացրել ոստիկանություն, որ զուգընկերն իրեն խոշտանգում է, ծեծում և այլն, բայց հետո բողոքները հետ էր վերցրել։ Եվ այս գործի ելքը եղավ սպանությունը։ Եթե օրենքն այդ հնարավորությունը չտար ոչ տուժողին, ոչ ոստիկանին հետ վերցնել գործը, հաստատ այս դեպքը սպանությամբ չէր ավարտվի»,- ասում է նա։

Փաստաբանի խոսքով՝ Կանանց աջակցման կենտրոն դիմող շահառուների գրեթե կեսը, նախքան կենտրոն դիմելը, ընտանեկան բռնության դեպքերով դիմել են ոստիկանություն։ Եվ միշտ կամ ոստիկանների հորդորով, կամ իրենց ցանկությամբ հետ են վերցրել դիմումները։ 

«Վերջերս գրանցված գործ ունենք. կինը դիմել է ոստիկաններին, ոստիկանները պարտավորվել են դիմումի հիման վրա գործ հարուցել, գործը հիմա գտնվում է քննչական վարույթում, բայց քննիչի կողմից շատ ուժեղ հոգեբանական ճնշումներ, ծաղրական վերաբերմունք է դրսևորվում այդ կնոջ նկատմամբ։ Եվ ամեն անգամ մեր կենտրոն գալիս նա ասում է՝ ավելի լավ է իմ բողոքը հետ վերցնեմ, այդ վերաբերմունքը, որ ես քննիչի կողմից եմ տեսնում, շատ ավելի վատն է, քան այն նպատակը, որի համար պայքարում եմ»,- պատմում է փաստաբանը։

Նրա խոսքով՝ մյուս կողմից էլ իրավապահ համակարգում կա ռեսուրսի խնդիր։

«Երբ օրենքն ընդունվեց, դրա տրամաբանությունն այնպիսին էր, որ պետք է լինեին առանձին աշխատողներ՝ և ոստիկան, և քննիչ։ Բայց վերցրեցին այդ հին մտածելակերպով աշխատող մարդկանց, մեկ ամիս վերապատրաստեցին։ Եվ այդ վերապատրաստումները կատարեցին այդ համակարգի մեջ գտնվող մարդիկ, որոնք ընտանեկան բռնությունից գաղափար չունեն, երբեք դեպքերի հետ չեն աշխատել։

Դրա արդյունքում իրավապահներն սկսեցին աշխատել այնպես, ինչպես աշխատել էին նախքան օրենքը։ Դրա համար էլ օրենքը չի գործում։ Եթե մենք համակարգը չփոխենք, չբերենք լավ պատրաստված նոր կադր, ոչինչ չի փոխվի»,- նշում է փաստաբանը։

Ընտանեկան բռնության դեպքերով գործերի ձգձգում կա նաև դատական համակարգում։ Նախկին ամուսնու կողմից կացնահարված Թագուհի Մանսուրյանի դատական գործը ձգձգվում է տարիներ շարունակ։

«Կինն անընդհատ սպասում է, որ պետք է լինի դատավճիռ, բայց այն չկա։ Եվ այստեղ մենք վաղեմության ժամկետների հետ կապված էլ շատ մեծ խնդիրներ ունենք, այսինքն՝ ընտանեկան բռնության դեպքերի 10 տոկոսը եթե հասնում է դատարան, գործի քննությունն այնքան է ձգձգվում, մինչև անձին պատժելու վաղեմության ժամկետներն անցնում են։ Եվ անձը վաղեմության ժամկետի հիմքով ազատվում է պատժի կրումից»,- ասում է Նոնա Գալստյանը։

Ռոզա Հովհաննիսյան

Նկարազարդումը՝ Վահե Ներսեսյան

MediaLab.am

Մի Լռի՛ր

Դափնեի առաջին հոլովակը #միլռիր:Daphne's 1st film with an important message – #doNOTbeSilent ֆիլմի հեղինակ / film by Marianna Grigoryan գլխավոր դերում/actress Emma Grigoryanwww.DaphneArmenia.com #daphne #դափնե

Gepostet von Դափնե/Daphne am Samstag, 8. Juni 2019