ԳՇ պետի տեղակալ Ստեփան Գալստյանը և կինը՝ տասնյակ հողամասերի սեփականատեր․ FIP.am

Ազգային անվտանգության ծառայությունը հոկտեմբերի 2-ին տեղեկացրեց, որ ձերբակալվել է Գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանը՝ ՀՀ զինված ուժերի կարիքների համար ռազմամթերքի մատակարարման գործընթացում չարաշահումներ և առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ կատարելու դեպքերի առթիվ քննվող քրեական գործի շրջանակում:

«Փաստերի ստուգման հարթակը» որոշեց ուսումնասիրել Ստեփան Գալստյանի և նրա ընտանիքի անդամների գույքի և եկամուտների հայտարարագրերը։

Ստեփան Գալստյանի գույքն ու եկամուտները

Ստեփան Գալստյանը Զինված ուժերում է 1992 թվականից։ ԳՇ պետի տեղակալը նախկինում զբաղեցրել է Պաշտպանության նախարարության ավիացիայի պետի, ավիացիոն ջոկատի, զորամասի, ապա բազայի հրամանատարի պաշտոնները։ Իսկ Գլխավոր շտաբի պետի տեղակալ է նշանակվել 2009 թ. հունվարին:

Գալստյանը գույքի և եկամուտների հայտարարագիր ներկայացրել է սկսած 2014 թվականից։ 2014-ից մինչև 2019 թվականը Ստեփան Գալստյանի ներկայացրած դրամական միջոցներն ու եկամուտները բավականին համեստ են, չկան տեղեկություններ անշարժ և շարժական գույքի վերաբերյալ։ 2014 թվականից մինչև 2017 թվականի տարեկան հայտարարագրերում Գալստյանի եկամուտները չեն փոխվել՝ կազմելով 6 միլիոն 427 հազար դրամ՝ ստացված աշխատանքի վարձատրությունից։ 2017 և 2018 թվականերին եկամուտներն աճել են՝ կազմելով 9 միլիոն 385 հազարական դրամ, որոնք նույնպես ձևավորվել են աշխատավարձից։ 

2019 թվականից փոխվեց պաշտոնատար անձանց գույքի և եկամուտների հայտարարագրման կարգը։ Նոր կարգով յուրաքանչյուր տարի պարտավոր են ներկայացնել ինչպես տարվա ընթացքում իրականացրած գործարքները, այնպես էլ իրենց կողմից տնօրինվող գույքի վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը։

Այդպիսով, այս փոփոխությունից հետո ԳՇ պետի տեղակալի հայտարարագրում հայտնվեց մեծ թվով անշարժ գույք, որը նա նախկինում չէր նշել։ 2019 թ. տարեկան հայտարարագրից տեղեկանում ենք, որ Գալստյանը 2008 թվականին Շիրակի մարզի Մարալիկ համայնքում ձեռք է բերել 8 հողամաս, բոլոր 8 հողամասերը գնվել են նույն օրը՝ նոյեմբերի 17-ին։ Հողամասերից բացի, Մարալիկում Գալստյանն ունի 2005 թվականին ձեռք բերած ինքնակամ կառույց։ Գալստյանն ունի երկու հողամասեր նաև Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղում, որոնցից մեկը ձեռք է բերել 1998 թվականին, իսկ մյուսը՝ 2007-ին։

2019 թվականին Ստեփան Գալստյանի դրամական միջոցները կազմել են 670 հազար դրամ, եկամուտների վերաբերյալ տվյալներ չկան։

2020 թվականի տարեկան հայտարարագրում արդեն Մարալիկում գտնվող 8 հողամասերը դարձել են 7-ը, փոխարենը ԳՇ պետը բնակարան է գնել Երևանի Արաբկիր համայնքում։

2020 թվականին Գալստյանն «Արդշինբանկից» վերցրել է 33 միլիոն 19 հազար դրամի վարկ։ Նրա դրամական միջոցները տարեսկզբին եղել են 500 հազար դրամ, որոնք տարեվերջին աճել են՝ կազմելով 640 հազար դրամ։ Գալստյանը 2020-ին ունեցել է 736 հազար դրամի եկամուտ՝ աշխատավարձից։ Տարեսկզբին նա ունեցել է 700 հազար դրամ կանխիկ գումար, որը տարեվերջին աճել է՝ կազմելով 1 միլիոն 500 հազար դրամ։

Նշենք, որ դեռևս 2012 թվականին Hetq.am կայքը գրել էր, որ Ստեփան Գալստյանը սեփական ավիաընկերություն ունի։ 2012 թվականին Կոնգոյի մայրաքաղաք Բրազավիլի «Մայա-Մայա» օդանավակայանի մոտ ինքնաթիռ էր ընկել։ Արդյունքում զոհվել էին անձնակազմի 7 անդամները, որոնցից 5-ը հայեր էին։ Պարզվեց, որ ինքնաթիռը պատկանում էր հայկական «Ռիջ Էյրվեյս» («Ridge Airways») ընկերությանը: Պետռեգիստրի կայքում ընկերության սեփականատեր է նշված Սերգեյ Քոչարովը: Ինքնաթիռը, սակայն, ըստ «Հետքին» նամակ գրած օդաչուի, պատկանում էր ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանին, բայց գրանցված էր նրա կնոջ՝ Նատալյայի անունով: Ավելին, չունենալով շահագործման թույլտվություն, ամիսներ շարունակ ինքնաթիռը ապօրինի է շահագործվել։6 մլն 427 հզ6 մլն 427 հզ6 մլն 427 հզ6 մլն 427 հզ6 մլն 427 հզ6 մլն 427 հզ6 մլն 427 հզ6 մլն 427 հզ9 մլն 385 հզ9 մլն 385 հզ00736 հզ736 հզեկամուտները դրամով201420152016201720182019202002.5k5k7.5k

Ստեփան Գալստյանի անշարժ գույքը

հողամաս Մարալիկում

հողամաս Ջրվեժում

1 ինքնակամ կառույց

Ստեփան Գալստյանի եկամուտները

1 բնակարան Արաբկիրում

Կնոջ՝ Նատալյա Գալստյանի գույքն ու եկամուտները

Գլխավոր շտաբի պետի տեղակալի կնոջ՝ Նատալյա Գալստյանի ունեցվածքն ավելի տպավորիչ է։ Ինչպես Ստեփան Գալստյանի, այնպես էլ կնոջ եկամուտները 2014-ից մինչև 2017 թվականները առանց որևէ շեղման նույնքան են՝ 1 միլիոն 24 հազար դրամ, որը նա ստացել է աշխատանքի վարձատրության դիմաց։ 2017-ին Գալստյանը հասցրել է ձեռք բերել նաև 3 միլիոն արժողությամբ հողամաս։ 2018-ին Գալստյանի եկամուտները նվազել են՝ կազմելով 766 հազար դրամ՝ դարձյալ ստացված աշխատավարձից։ 2019 թվականի փոփոխություններից հետո զգալիորեն փոխվել է նաև Նատալյա Գալստյանի ունեցվածքը։ Տարեկան 1 միլիոն 24 հազար դրամ աշխատավարձ ստացող կինը 16 հողամասի, 3 առանձնատան և 1 հողին ամրակցված անշարժ գույքի սեփականատեր է։ Նատալյա Գալստյանի հողամասերից 11-ը գտնվում են Վայոց ձորի Զառիթափ գյուղում, 3-ը՝ Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում, 2-ը՝ Վայոց ձորի մարզի Գոմք գյուղում։ Հողին ամրակցված անշարժ գույքը գտնվում է Մարալիկում։ Ստեփան Գալստյանի կինը ունի երկու առանձնատուն Մարալիկ քաղաքում, ևս մեկը Արարատի մարզի Խաչփառ գյուղում։ 2019 թվականի հայտարարագրից տեղեկանում ենք նաև, որ 2016 թվականին նա գնել է նույն տարվա արտադրության Մերսեդես-Բենս (MERCEDES-BENZ) մակնիշի մեքենա, որը չի եղել տիկնոջ 2016 թվականին ներկայացրած տարեկան հայտարարագրում։ Դրամական միջոցները տարեսկզբին կազմել են 500 հազար դրամ, որոնք տարեվերջին աճել են՝ կազմելով 800 հազար դրամ։ Նա ունեցել է նաև 400 հազար դրամ կանխիկ գումար։ Նշենք, որ 2019 թվականին Նատալյա Գալստյանի եկամուտները կազմել են 77 հազար դրամ, որը նա ստացել է իրեն պատկանող  «Նատէներգո 68» ՍՊԸ-ից։

2020 թվականի տարեկան հայտարարագրում փոփոխություններ չկան, միայն Նատալյա Գալստյանի աշխատավարձից ստացված եկամուտն է աճել՝ 77 հազարից դառնալով 431 հազար դրամ։ Ինչպես նաև աճել են կանխիկ միջոցները՝ 400 հազար դրամից դառնալով 500 հազար դրամ։

Նատալյա Գալստյանի անշարժ և շարժական գույքը

16 հողամաս

3 առանձնատուն

հողին ամրակցված անշարժ գույք

1 մեքենա

Նատալյա Գալստյանի եկամուտները1 մլն 24 հզ1 մլն 24 հզ1 մլն 24 հզ1 մլն 24 հզ1 մլն 24 հզ1 մլն 24 հզ1 մլն 24 հզ1 մլն 24 հզ766 հզ766 հզ77 հզ77 հզ431 հզ431 հզեկամուտները դրամով20142015201620172018201920200200400600800

Նատալյա Գալստյանի բիզնես գործունեությունը

Չնայած հայտարարագրած համեստ եկամուտներին, Նատալյա Գալստյանն ակտիվ բիզնես գործունեություն է ծավալում։ Նա զբաղեցնում է ղեկավար մարմնի պաշտոններ, ունի բաժնեմասեր մի շարք ընկերություններում։ Այսպես, Նատալյա Գալստյանը Գոմքի փոքր հիդրոէլեկտրակայանը (ՓՀԷԿ) շահագործող  «ՆԱՏԷՆԵՐԳՈ 68» ՍՊԸ-ի սեփականատերն է։ ՓՀԷԿ-ը գտնվում է Վայոց ձորի մարզում՝ Զառիթափ համայնքի Գոմք գյուղի վարչական տարածքում: Այն կառուցված է Արփա գետի Կապույտ վտակի վրա։

ՊՆ ավիացիայի նախկին պետի կինը «ՌԻՋ ԷՅՐՎԵՅՍ» ՍՊԸ-ի հիմնադրման օրվանից՝ 2011 թվականից, զբաղեցնում է ընկերության տնօրենի պաշտոնը։ Հենց այս ընկերության օդանավն էր, հիշեցնենք, ընկել Կոնգոյում: 

Ստեփան Գալստյանի կինը շուրջ մեկ տարի՝ 2011-2012 թվականներին, տնօրեն ու բաժնետեր է եղել նաև «ԷՆԵՐՋԻ ԿՈԿ» ՍՊԸ-ում։ Նշենք, որ «ԷՆԵՐՋԻ ԿՈԿ» ՍՊԸ-ն շահագործում է Տավուշի մարզի Գետահովիտ գյուղում գտնվող «Խաչաղբյուր» փոքր հիդրոէլեկտրակայանը։ 

Գլխավոր շտաբի պետի տեղակալի կինը 50% բաժնեմաս ունի 2014 թվականին հիմնադրված «ՋԻ ԷՄ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ում։ Գալստյանն այս ՍՊԸ-ում զբաղեցնում է նաև տնօրենի պաշտոնը։ «ՋԻ ԷՄ ԳՐՈՒՊ»-ը հիմնադրման օրվանից մինչ օրս Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին է վճարել ամսական ընդամենը 1000 դրամ, այսինքն ունեցել է ընդամենը մեկ աշխատակից։

Փաստացի, Ստեփան Գալստյանն ու կինը տիրապետում են ուշագրավ ունեցվածքի: Հատկապես հետաքրքրական է Նատալյա Գալստյանի բիզնես գործունեությունը, որն արտացոլված չէ նրա հայտարարագրերում: 

Փաստերի ստուգման հարթակ