Covid-ի դեպքերն ավելանում են, նախարարը կոչ է անում խստորեն պահել կանոնները

«Երեկվա դրությամբ կորոնավիրուսային 2922 հետազոտությունից մենք ունենք 491 դրական դեպք, ինչը հետազոտվածների 16 տոկոսն է։ Մեր կանխատեսումներով՝ հաջորդ շաբաթ այս թիվը կավելանա»,- կառավարության այսօրվա նիստում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նրա խոսքով՝ պետք է վերադառնալ դիմակների և այլ կանխարգելիչ միջոցառումների խիստ պահպանմանը։

Այսօրվանից նախարարությունը վերսկսում է երկու հիվանդանոցների ծավալման աշխատանքները։ «Ներկայումս ունենք 865 ծավալված մահճակալ, որից զբաղված է 808-ը։ Հընթացս կավելացնենք մահճակալների թիվը։ Բայց անգամ եթե մենք ի վիճակի լինենք բոլորին պատշաճ բժշկական օգնություն տրամադրելու, գիտեք, որ հիվանդացությունը մոտ 20 տոկոսի մոտ ծանր ընթացք ունի, իսկ 5 տոկոսի մոտ՝ ծայրահեղ ծանր ընթացք»,- ասաց նախարարը՝ հանրությանը կոչ անելով զգոնություն դրսևորել և պահպանել հակահամաճարակային կանոնները։