«Պար առանց սահմանների» ծրագրի զարգացման հետագա ուղիները

«Պար առանց սահմանների» ծրագրի զարգացման հետագա ուղիները
«Պար առանց սահմանների» ծրագրի զարգացման հետագա ուղիները

Երևանի Փոքր թատրոնում սեպտեմբերի 15-ին տեղի ունեցավ «Պար` առանց սահմանների» ներառական խմբի նոր բեմադրության առաջնախաղը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, Հայաստանում ՄԹ դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը, ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Նազենի Ղարիբյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Զարուհի Բաթոյանը, արվեստի ու մշակույթի գործիչներ։

Միջազգային շրջագայությունից հետո խումբը երևանյան հանդիսատեսին ներկայացրեց «LaVieEnRose/ՈւրիշՊարեր» ներկայացումը, որում հաշմանդամություն ունեցող և չունեցող անդամները պարի միջոցով ներկայացնում են մերօրյա իրականության իրենց ընկալումներն ու ապրումները։

Բեմադրությունից առաջ ողջույնի խոսքով հանդես եկան Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանն ու Փոքր թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահան Բադալյանը, ովքեր ներկայացրեցին խմբի ստեղծման նախապատմությունն ու անցած ճանապարհը։ Իր ելույթում Արևիկ Սարիբեկյանն առանձնահատուկ շնորհակալություն հայտնեց վարչապետի տիկնոջը հրավերն ընդունելու և ներառական արվեստի զարգացման նախաձեռնությունների նկատմամբ ցուցաբերած հետաքրքրության համար։

«Հինգ տարի առաջ սկսվեց Հայաստանում առաջին ներառական մասնագիտական խմբի ստեղծման գործընթացը: Այսօր հանձինս մեր գործընկերներ Փոքր թատրոնի և Մեծ Բրիտանիայի Կանդուկո ներառական խմբրի, մենք ունենք մասնագիտական ներառական խումբ Հայաստանում, որն արդեն ելույթներ է ունեցել Մեծ Բրիտանիայում, Վրաստանում և Ղասախստանում: Շատ կերևորում ենք պետական կառույցների հետ համագործակցությունը՝ այս փորձի հետագա զարգացման ու տարածման հարցում», – նշեց Արևիկ Սարիբեկյանը։

Ներկայացումից հետո վարչապետի տիկինը ծանոթացավ ու զրուցեց պարային խմբի անդամների հետ, մաղթելով ստեղծագործական հաջողություններ։

Նշենք, «Պար` առանց սահմանների» ծրագիրը նախաձեռնվել է 2013 թվականին Միացյալ Թագավորության «Կանդուկո» ներառական պարային խմբի օրինակով, նպատակ ունենալով հաշմանդամություն ունեցողներին պարի ու թատրոնի միջոցով լիարժեք ինտեգրել հասարակությանը:

Ծրագրին տարիներ շարունակ աջակցություն են ցուցաբերել Երևանում Բրիտանական դեսպանատունը, ՀՀ Մշակույթի նախարարությունը, Սուրբ Սարգիս բարեգործական հիմնադրամը և ՄԹ-ում հայկական համայնքը: Այսօր Բրիտանական խորհուրդը շարունակում է համագործակցել Փոքր թատրոնի հետ և աջակցել լավագույն փորձի տարածման գործում:

Ծրագրի գործընկերն է Գեղագիտության ազգային կենտրոնի Փոքր թատրոնը:

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի մարկետինգի համակարգող Արտյոմ Մկրտչյանին`044 291131, 010 55 29 45 (ներքին համարը՝ 5104), կամ այցելեք www.britishcouncil.am կայքը: