«Չեմ տեսնում, որ մենք դասեր քաղած լինենք 44-օրյա պատերազմից կամ, ընդհանրապես, մեր վերջին շրջանի պատմությունից». Տաթևիկ Հայրապետյան

Լուսանկարը՝ «Ֆակտոր»

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է 7-րդ գումարման ԱԺ պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը

Տիկի՛ն Հայրապետյան, այսօր լրանում է 44-օրյա պատերազմի տարելիցը։ Դավաճանների մասին շրջառվող լուրերը կարծեք թե մնացին օդում։ Որևէ մեկը պատասխանատվության չկանչվեց։ Խնդի՞ր չէարդյոք։ 

– Թեև դավաճանության մասին «օդում կախված» լուրերի պակաս մենք չենք ունեցել ոչ պատերազմի օրերին, ոչ էլ դրան հաջորդող շրջանում, ընդ որում՝ դա հնչում էր և՛ ընդդիմադիր, և՛ իշխանական թևերից, սակայն, փաստացի, եթե չեմ սխալվում, պատերազմի ընթացքում և դրանից հետո հարուցվել է պետական դավաճանության հատկանիշներով 1 գործ և 1 գործ՝ լրտեսության հատկանիշներով։ 

Հիշեցնեմ նաև, որ դեռևս նախորդ՝ 7-րդ գումարման Ազգային ժողովը մարտ ամսին ընդունեց Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծը, որով էապես խստացվեցին պետական դավաճանության և լրտեսության պատիժները։ Ըստ այդ փոփոխության՝ պետական դավաճանության համար նախատեսվում է 20 տարուց մինչև ցմահ ազատազրկում՝ նախկին 10-15 տարվա ազատազրկման փոխարեն, իսկ լրտեսության դեպքում՝ 15-20 տարվա ազատազրկում՝ նախկին 8-15 տարվա փոխարեն: 

Կարծում եմ՝ մեր ամենամեծ խնդիրներից մեկը հենց պատասխանատվության ինստիտուտի բացակայությունն է, խոսքը ոչ վաղ անցյալի պատմության տարբեր ժամանակահատվածներում այնպիսի գործողությունների կամ կայացրած որոշումների մասին է, որոնք պետության համար ունենում են աղետալի հետևանքներ: 

Պատերազմի հետ կապված հանրության շրջանում շատ հարցեր կան, բայց դրանք պետք է ուսումնասիրվեն մանրամասն, հանգամանալից և մաքսիմալ օբյեկտիվ, ոչ թե քաղաքական այս կամ այն ուժի նպատակահարմարության համար: Եթե մենք մեր սխալները չուսումնասիրենք, չենք կարողանա մշակել դրանք չկրկնելու և նորերը չանելու անհրաժեշտ մեխանիզմներ: 

– Մեկ տարի անց ի՞նչ է փոխվել Ադրբեջանի հռետորաբանության մեջ, Ալիևի, Էրդողանի վերջին ելույթները ի՞նչ են ցույց տալիս:

– Ալիևը էյֆորիայի մեջ է: Նա շարունակում է հանդես գալ Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներով և հակահայկական ելույթներով, ավելին՝ դրանք նոր թափ են ստացել և մատուցվում են «խաղաղության պայմանագիր» կոչվող առաջարկության ներքո:

Հենց այս օրերին՝ պատերազմից մի տարի անց, Նախիջևանում թուրք-ադրբեջանական հերթական համատեղ զորավարժություններն են անցկացվում: Նոյեմբերի 9-ի հրադադարի մասին հայտնի եռակողմ հայտարարությունից հետո տեղի են ունեցել ավելի քան 50 համատեղ զորավարժություններ Ադրբեջանի և Թուրքիայի մասնակցությամբ:

Անցած տարվա պատերազմում ձեռք բերած ռազմական հաջողությունը էլ ավելի ագրեսիվ է դարձրել Ադրբեջանին, որը ստանում է Թուրքիայի ակնհայտ աջակցությունը: Վերջերս էլ Ալիևը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարեց, որ իրենք են տարածաշրջանում իրավիճակի տերը: Այս հռետորաբանությունը հաստատ չի տանում տևական ու կայուն խաղաղության կառուցման: 

– Մինսկի խմբի երկու երկրները՝ Ֆրանսիան և ԱՄՆ-ն, ակտիվացել են վերջին շրջանում: Խմբի գործունեության վերսկսման ի՞նչ հեռանկար եք տեսնում:

– Օրեր առաջ Նյու Յորքում տեղի ունեցավ հետպատերազմյան շրջանում Հայաստանի և Ադրբեջան արտաքին գերատեսչությունների ղեկավարների առաջին հանդիպումը: Դրանից հետո Մինսկի խմբի համանախագահների տարածած հայտարարությունը համառոտ էր և ընդհանրական, սակայն հանդիպման փաստն իսկ դրական ազդակ է, հուսամ՝ գործընթացը շարունակական կլինի: 

Համանախագահող պետությունները թե՛ իրենց առանձին և թե՛ համատեղ հայտարարություններում շեշտում են կարգավիճակի և համապարփակ լուծման անհրաժեշտության մասին: Կարծում եմ՝ դիվանագիտական ճիշտ և համառ աշխատանքը կարող է տալ ցանկալի արդյունքներ՝ վերադարձնելով Բաքվին բանակցային սեղանի շուրջ ԵԱԿՀ ՄԽ համանախագահության ներքո: 

Արցախը չի կարող որևէ կարգավիճակով լինել Ադրբեջանի կազմում, որովհետև դա նշանակում է Արցախ՝ առանց հայ բնակչության: Դա կանխելու համար պետք է աշխատենք տարբեր ուղղություններով, այդ թվում՝ կիրառելով միջազգային իրավական գործիքակազմը: Ադրբեջանի դեմ Արդարադատության միջազգային դատարան ներկայացված հայտը այդ ուղղությամբ արված կարևոր քայլերից է: 

– Խաղաղության դարաշրջանի բացման մասին է անընդհատ խոսում Հայաստանի ղեկավարությունը: Ո՞րն է լինելու այդ խաղաղության գինը:

– Տևական և կայուն խաղաղության մասին երազում ենք բոլորս: Սակայն չեմ կարծում, որ մեր տարածաշրջանում, որտեղ բազմաթիվ անվտանգային մարտահրավերներ կան, իրատեսական է խոսել խաղաղության դարաշրջան բացելու մասին: Դժվար է անգամ հստակ կանխատեսում անել, թե ինչ իրավիճակ կունենանք, օրինակ՝ 4 կամ 5 տարի անց, քանի որ իրադարձությունները շատ արագ են զարգանում, իսկ ուժերի փոխադասավորությունն էլ կարող է փոխվել: 

Ադրբեջանն ու Թուրքիան էլ են խոսում «խաղաղության» մասին և հրապարակային հայտնում, թե ինչ են պատկերացնում դրա ներքո: Օրինակ՝ վերջերս Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարեց. «Ադրբեջանը Հայաստանին առաջարկել է կնքել խաղաղության պայմանագիր։ Կարծում եմ, որ օգտակար կլիներ բանակցություններ սկսել այդ ուղղությամբ…»: 

Դա հայ-թուրքական հնարավոր երկխոսության համար առաջ քաշվող նախապայմաններից մեկն է միայն: Իսկ «խաղաղության պայմանագիր» ասվածի տակ դրված է Արցախը Ադրբեջանին կազմում ընդունելու և մեր միջպետական ճանապարհները Ադրբեջանի և Թուրքիայի վերահսկողության տակ հանձնելու առաջարկ: Սա ոչ թե խաղաղության, այլ մեր պետականության ավարտի մասին առաջարկ է, ինչը չի կարող ընդունելի լինել: 

Իսկ թե ի՛նչ է պատկերացնում ՀՀ վերընտրված իշխանությունը խաղաղության դարաշրջան բացելու խոստման ներքո, հստակ ձևակերպված չէ, այսօր հրապարակային խոսվում է միայն կոմունիկացիաների բացման մասին:

Հիշեցնեմ նաև, որ ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանը Մոսկվայում հայտարարեց, որ «խաղաղության պայմանագիր» չի կարող քննարկվել, և եթե մի օր անգամ քննարկվի՝ ապա միայն Արցախի հստակ կարգավիճակի սահմանմամբ: Կարծում եմ՝ պետք է հստակեցնել խաղաղության մասին մեր տեսլականը, սահմանել կարմիր գծերը, ճիշտ գնահատել մարտահրավերները, որպեսզի դրանք կարողանանք ժամանակին կանխել: 

– Ի վերջո, որքա՞ն ենք դաս քաղել 44-օրյա պատերազմից, արդյոք մթնոլորտ փոխվե՞լ է։

– Ցավոք, ես չեմ տեսնում, որ մենք դասեր քաղած լինենք 44-օրյա պատերազմից կամ, ընդհանրապես, մեր վերջին շրջանի պատմությունից: Մենք շատ թանկ ենք վճարել մեր անկախության և մեր ապրելու իրավունքը պաշտպանելու համար: Այսօր մենք ունենք անվտանգային նոր մարտահրավերներ և եթե դրանց համարժեք չպատրաստվենք, կարող ենք կորցնել մեր պետականությունը:

Մանե Հարությունյան

MediaLab.am