Սոթքում մեկնարկել են թշնամու ագրեսիայի հետեւանքով քանդված 4 բնակարանների կառուցման աշխատանքները

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Սոթք գյուղում արդեն շուրջ 1 ամիս է, ինչ մեկնարկել եւ ընթանում են 2022 թվականի սեպտեմբերին ադրբեջանական զինուժի հրետակոծության հետեւանքով հիմնովին ավերված, վերականգնման համար ոչ ենթական 4 անհատական բնակարանների կառուցման աշխատանքները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց շինարարական աշխատանքների մշտադիտարկման նպատակով Սոթք այցելած Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը,  4 բնակարանների կառուցման նպատակով ՀՀ կառավարության կողմից հատկացվել է 120 միլիոն դրամ։ 1 բնակարան կառուցվում է 150, 3 բնակարան՝ 100 քառակուսի մետր մակերեսով, նկուղային հարկերով։

2023 թվականի դեկտեմբերի 4-ի դրությամբ արդեն կառուցված են նկուղային հարկերը, հիմքերը, բարձրանում են բնակարանների քարե պատերը։ Հատկացված միջոցներից այս տարի կծախսվի 45 միլիոն դրամը, մնացած գումարները կծախսվեն 2024 թվականի ընթացքում, որի արդյունքում էլ կլուծվի թշնամու հրետակոծությունից տուժած 4 ընտանիքներին բնակարաններով ապահովելու խնդիրը։

Այցի ընթացքում Կարեն Սարգսյանը զրուցեց շինարարների հետ, նկատված թերությունների եւ բացթողումների շուրջ արեց դիտողություններ եւ առաջարկություններ, մարզպետարանի քաղաքաշինության, հողաշինության եւ ենթակառուցվածքների վարչությանը տվեց համապատասխան հանձնարարականներ։

«Պետական հոգածությամբ ամբողջանում է Սոթք գյուղի 2022 թվականի սեպտեմբերյան  հրետակոծության հետեւանքների վերացման ծրագիրը, որն ընթանում էր դեռեւս անցած տարվա նոյեմբեր ամսից։ Պետական միջոցներով վերականգնվել են հրետակոծության հետեւանքով վնասված ու մեր կողմից հաշվառված 142 բնակարաններն ամբողջությամբ, իսկ «Տաշիր» հիմնադրամի միջոցներով կառուցվել է 147 բնակարանի նոր տանիքներ։

Եկող տարվա ընթացքում կկառուցվեն եւ պատրաստի վիճակում հրետակոծությունից տուժած ընտանիքներին կհանձնվեն նաեւ նորակառույց այս բնակարանները։ Հայրենի կառավարության կողմից կարվի հնարավորը, որպեսզի սահմանամերձ Սոթքում ու մյուս բնակավայրերում հաղթահարվեն բոլոր դժվարությունները, ու մարդիկ ոչ թե հեռանալու, այլ իրենց հայրենի եզերքում միայն ապրելու եւ արարելու մասին մտածեն»,-ներկայացրեց մարզպետ Կարեն Սարգսյանը։