Ստեփանակերտ․ Հարազատ, բայց վախերով լի քաղաքը

Լուսանկարը՝ France24

Ստեփանակերտցի 50-ամյա Միքայելը հեռախոսի մեջ պահած տեսագրություններն է նայում, որոնք հիշեցնում են որդու շքեղ հարսանիքը Շուշիում։

«Փաստորեն, վերջին սալյուտն էր Շուշիում, կես ժամ տևեց, ջահելներն ահագին ուրախացան։ Պատերազմից մի քանի օր առաջ էր։ Է՜խ»,- հեռախոսից հնչող հայկական պարային երաժշտության ուղեկցությամբ հոգոց հանելով հիշում է Միքայելը, որի սև, փոս ընկած աչքերը սկսում են խոնավանալ։

Սմարթֆոնում թերթում է հիշողությունները և կանգ առնում Քարվաճառի հայտնի «Տաք ջրերում», որն այսօրվանից արդեն հայերի համար զբոսավայր չէ։ Լուսանկարում գետնից ցայտող ջրերի շիթերի տակ մի քանի տղամարդիկ են՝ լողազգեստով, միմյանց թիկնած։

«Էս այցն էլ էր վերջին անգամ, նայեք՝ ինչ հրաշք ա, ախր ո՞նց սա թողնես թուրքին»,- ասում է Միքայելը։

Նշում է՝ դեռ սեպտեմբերի սկզբին գործարար ընկերների հետ ծրագրում էին տարածքում հարմարավետ հանգստավայր հիմնել, որպեսզի զբոսաշրջիկներին ավելի հետաքրքիր լինի «Տաք ջուր» այցելելը։ Հիմա նա ստիպված է մութն ընկնելուն պես վերադառնալ տանը միայնակ կնոջ մոտ, քանի որ «թուրքը մոտ է, 200 մետր էն կողմ»։

Արցախցի գործարար Հայկը Աղդամում, որի հայերեն համարժեքը Ակնան էր, նռան հսկայական այգիներ է թողել, հարավային հատվածում՝ մեծ հողատարածքներ։ Փորձում է ցավը խեղդել մի բաժակ օղու մեջ ու խմելուց հետո թեթև ժպիտով ասում՝ ոչինչ, ուշքի կգանք։

44-օրյա պատերազմից անցել է 13 օր, Ստեփանակերտի փողոցներում ցուրտ է, հատուկենտ հանդիպող մարդիկ մտազբաղ են, թափառող հայացքներով։

Զինվորականի համազգեստով տղամարդիկ, որոնց ստվերն անգամ ակնածանք է առաջացնում, շատ են։ 

Վերածննդի հրապարակը, որտեղ պետական հիմնական կառույցներն են, հրթիռակոծություններից չի վնասվել, քիչ այն կողմ՝ շատրվանների մոտ, «Շնորհավոր տոնդ, իմ սիրուն քաղաք» գրությամբ պաստառն է կանգնած։

Մաքուր ու կոկիկ այգում ոսկեհեր վարսերով գեղեցիկ աղջիկն է լուսանկարվում՝ տարբեր դիրքեր ընդունելով։ Լուսանկարիչ տղան համբերատար է։

Կենտրոնական փողոցների բնակելի շենքերի պատշգամբներից գույնզգույն հագուստով լվացքի պարանները ծանրացել, կախվել են, հատուկենտ կանայք պատշգամբներից թափ են տալիս լաթերի փոշին։

Բրենդային խանութների նոր-նոր դասավորվող ցուցափեղկերը հրավիրում են 50 տոկոս զեղչով գնումներ կատարելու։ 

«Չէ, ինչ ես ասում, հենց էդ թուղթը ստորագրեցին, ամսի 11-ին եկել եմ, որոշեցի ու եկա։ Էս ա մեր տունը, ո՞ւր մնայի»,- ասում է 24-ամյա Արմինեն՝ աշխուժորեն մաքրելով մթերային խանութի ապրանքների վրայի փոշին։

Նշում է՝ դեռ չեն պատկերացնում՝ ինչ է կատարվել, կարևորը «կռիվը կանգնել է», ամուսինը դիրքերից կվերադառնա, և մի քանի ամսից կդիմավորեն առաջնեկին։

«Դե, մտածում ենք՝ լավ կըլնի, ի՞նչ ասեմ»,- ապագայի մասին հարցին երիտասարդ կնոջ պատասխանն է։ 

Հարևան մթերային մյուս խանութը այցելուներին առանց գաղտնաբառի WiFi է խոստանում։ Մտնողին դիմավորում են խանութի կիսադատարկ ցուցափեղկերը, փոխարենը թարմ հացի բույրը ստիպում է գնել մատնաքաշը։

«Իրանց կաբինետներում որոշեցին հողերը տան թորքին, հիմա թորքը մեր կողքին ա, վախով պիտի ապրենք, ի՞նչ ասեմ»,- ապագայի մասին ճշտող հարցին պատասխանում է տարեց կինը և փոխանցում թարմ մատնաքաշը։

«Եկ, պապեն գրկի քեզ»,- փոքրիկին կանչում է հայրը ու ամուր գրկում Հայաստանից ավտոբուսով Արցախ եկած գանգրահեր աղջնակին։

Ստեփանակերտի կենտրոնում օրական երկու անգամ ավտոբուսները Հայաստանի տարբեր բնակավայրերից արցախցիներին վերադարձնում են տուն․ ոմանք գնում են իրենց բնակարաններ, ոմանք ժամանակավոր կացարան՝ հույսով, որ տուն կունենան։ 

50-ամյա Գայանեն փորձում է ուշքի գալ կատարվածից, պատերազմում վիրավորված ու այժմ վերականգնվող ամուսնուն թողնում է տանը, իսկ ինքն ամեն առավոտ մի քանի ժամով շտապում աշխատանքի։ Վարսավիրանոցում մաքրուհի է։

«Որ դուրս չգամ, չաշխատեմ, կգժվեմ։ Էն օրը վատ էի, շտապօգնություն կանչեցինք, բժիշկն ասեց՝ սթրես է, կանցնի։ Բայց ո՞նց կանցնի, ամեն օր մի հարազատի, մի հարևանի կամ ծանոթի խոխի մահի կամ կորելու մասին եմ լսում, ո՞նց կարամ ցավ չզգամ, ո՞նց կանցնի»,- հուզվում է Գայանեն։

Պատմում է՝ քրոջ դստեր ընտանիքը Շուշիում տներն է կորցրել, մնացել են Ստեփանակերտում մի քանի օր, բայց նույնիսկ վարձակալությամբ բնակարան չեն կարողացել գտնել, այժմ տեղափոխվել ու ապրում են Գորիսում։

«Մնացինք էս մի փոքր անկյունում, թորքն էլ՝ մեր կողքը, բայց, դե, ի՞նչ արած, պետք ա ապրենք, ո՞ւր գնամ, չեմ կարա, ո՞նց գնամ, էս իմ տունն ա, իմ քաղաքն ա»,- ասում է 50-ամյա կինը։ 

Քաղաքի բնակիչներից շատերի համար կատարվածը երազ է թվում է՝ կարթնանան, ու կյանքը կշարունակվի նախկինի նման՝ հարաբերականորեն անվտանգ, վախերից հեռու, առօրեական հոգսերի տակ կքած։

25-ամյա Հայկը Հադրութի գյուղերից մեկում մեղվի փեթակներ է թողել ադրբեջանցիներին, ապագան Ստեփանակերտի հետ չի կապում։

«Գնամ Ռուսաստան, մի գործ գտնեմ, աշխատեմ, խախանդ ապրեմ, որ իմանամ՝ 20 տարի աշխատելու եմ ու վայելեմ, ոչ թե թուրքը գա, տիրանա»,- ասում է Հայկը, որ պատերազմի օրերին բեռնափոխադրումներ է իրականացրել հրետակոծության տակ։

Պատերազմի 44 օրերը արցախցիների համար 44 տարի են թվացել՝ ամեն օրը մի տարի՝ մութ ու խոնավ ապաստարաններում, ռումբի պայթյունների ու կրակոցների տակ։ Այդքանով հանդերձ նրանք չեն կորցնում իրենց հումորը․

«Էդ օրերին քիչ էր մնում միջազգային հանրությանը հորդորեինք, որ Ադրբեջանին կոչ անի ոչ թե «Սմերչով» կրակեն, այլ «Լոռով», քանի որ «Սմերչով» աղմուկը շատ ա»։

Հասմիկ Համբարձումյան

Ստեփանակերտ

MediaLab.am