««Մոդեռնան» ապացուցել է իր անվտանգությունն ու արդյունավետությունը 12-ից բարձր տարիքի անձանց շրջանում»․ մանկաբույժ

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի իմունականխարգելման բաժնի մանկաբույժ Պիրիջիտա Սիմոնյանը

– Տիկի՛ն Սիմոնյան, Հայաստանում արդեն ցուցում կա, որ 1-ից բարձր տարիքի երեխաները ևս, կամավորության սկզբունքով, կարող են պատվաստվել քովիդի դեմ։ Կխնդրեմ՝ մի փոքր մանրամասնեք պատվաստանյութի կլինիկայի մասին, որը ցուցված է երեխաներին։

– Ամերիկյան մայրցամաքում ու Եվրոպայում երկու պատվաստանյութ՝ «Ֆայզեր» և «Մոդեռնա», կիրառվում են 12 տարեկանից բարձր տարիքային խմբերում։ Օրինակ՝ «Ֆայզերի» մոտ 8,9 մլն դեղաչափ, հուլիս ամսվա տվյալներով՝ կիրառվել է 12-ից մինչև 18 տարեկանների շրջանում։ «Մոդեռնան» ավելի շատ կիրառվել է եվրոպական երկրներում։ Այս պատվաստանյութի կիրառման թույլտվությունը Եվրոպական դեղերի գործակալության կողմից է տրվել, այսինքն՝ այս պատվաստանյութը ապացուցել է իր անվտանգությունն ու արդյունավետությունը 12-ից բարձր տարիքի անձանց շրջանում։

«Ֆայզերի» կիրառման թուլյտվությունն ավելի վաղ է սկսվել տարիքային այս խմբի անձանց համար, հիմնականում ԱՄՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի կողմից։ Աշխարհում պատվաստվում են նաև ավելի վաղ տարիքի՝ 3 տարեկանից բարձր երեխաները, օրինակ՝ Չինաստանում, չինական արտադրության պատվաստանյութով։

Այնպես որ, այս մոտեցումն ու կիրառումը կան աշխարհում, բոլոր պատվաստանյութերն ապացուցել են իրենց անվտանգությունը, իսկ արդյունավետությունը կիրառումից հետո արդեն իսկ պարզ է դառնում, որովհետև այսօր՝ համավարակի շրջանում, այս ողջ գործընթացը ցույց տվեց, որ մինչև 18 տարեկանները մեծ մասամբ չեն պատվաստվում, բայց վիրուսի ակտիվ փոխանցողները իրենք են համարվում: 

Եթե մինչև դելտա շտամի շրջանառությունը կարծես թե այդ տարիքային խումբը կլինիկորեն զերծ էր կորոնավիրուսի լուրջ խնդիրներից, այսօր արդեն հակառակ պատկերն ունենք։ Ելնելով սրանից՝ Հայաստանը ևս միանում է աշխարհում տիրող դիրքորոշմանը, քանի որ մեզ մոտ այսօր միայն «Մոդեռնա» պատվաստանյութն է, «Ֆայզերը» դեռ չկա, ուղեցույցում նշված է, որ, ըստ դիմելիության՝ 12-ից բարձր տարիքային խմբի երեխաները, կամավորության սկզբունքով, ծնողների կամ խնամակալների համաձայնությամբ, գրավոր եղանակով ներկայացնում են իրենց համաձայնությունը և պատվաստվում։

– Փաստորեն, երեխաներին պատվաստելու գործընթացը սկսելիս հաշվի եք առել միջազգային փո՞րձը։

– Միանշանակ այո՛, որովհետև, օրինակ՝ Ֆրանսիայում, ԱՄՆ-ում դեռ մեզանից էլ ավելի վաղ էին սկսել երեխաների ու դեռահասների պատվաստման գործընթացը։ Նույնիսկ երկրներ կան, որ արդեն պատվաստումներ են ուզում կատարել 5 տարեկանից սկսած։ Պատվաստումներից հետո փորձը ցույց է տալիս, որ տարիքային այդ խմբերում՝ տոկոսային հարաբերակցությամբ, հիվանդացության նվազման միտում կա, ու այն անվտանգ է։

– Տիկի՛ն Սիմոնյան, ձեր խոսքում նշեցիք, որ աշխարհում դեռ հուլիս ամսից էլ շուտ են սկսել պատվաստել դեռահասներին ու երեխաներին։ Հայաստանում ինչո՞ւ հիմա որոշվեց պատվաստել նաև տարիքային այս խմբի ներկայացուցիչներին։

– Քանի որ «Մոդեռնա» պատվաստանյութը վերջերս է կիրառվում մեր երկրում, և վերջերս է նաև Եվրոպական դեղերի գործակալությունը իր դիրքորոշումը հաստատել այս պատվաստանյութի պարագայում,  և քանի որ եվրոպական երկրներում կիրառումն արդեն կա, մենք էլ, ելնելով այդ դիրքորոշումներից, մեր երկրում ևս հորդորում ենք պատվաստվել, բայց դա արդեն ծնողի կամ խնամակալի որոշումն է։

– Այս պահի դրությամբ առկա տվյալներ կարո՞ղ եք տրամադրել, թե քանի երեխա է պատվաստվել։

– Պետք է նշեմ, որ ծնողները վաղուց էին դիմում, որպեսզի իրենց 15-16 տարեկան երեխաներին պատվաստեին, բայց քանի որ դեռ ցուցում չունեինք, չէինք կարող դա անել, բայց այսօր արդեն հրամանը կա, աշխարհի օրինակը կա։ Գործընթացն արդեն սկսվել է Հայաստանում, երկու օր առաջվա տվյալ կարող եմ ասել, որ արդեն 12-ից մինչև 18 տարեկան 20-22 երեխա է պատվաստվել։ Դիմողների աշխուժություն միանշանակ կա։

– Իսկ պատվաստումից հետո երեխաների մոտ բարդություններ արձանագրվե՞լ են, տիկի՛ն Սիմոնյան։

– Բացի 48 ժամվա ընթացքում ունեցած ջերմությունից ու տեղային ցավից, դեռ որևէ խնդիր չի եղել։ Հորդորում եմ ծնողներին, որ երեխաներին ևս պատվաստեն, որովհետև պատվաստանյութն իսկապես անվտանգ է ու բարդություններ չի առաջացնում։ 

– Մեծահասակների պատվաստման գործընթացի նկատմամբ ունեցած անվստահությունը, դավադրապաշտական թեզերին ականջալուր լինելը, գաղտնիք չէ, որ բարդացրել են Հայաստանում համավարակի դեմ պատվաստման գործընթացը։ Այս հանգամանքը հաշվի առնելով՝ նախարարությունը երեխաների պատվաստման գործընթացի վերաբերյալ հատուկ կանոնակարգումներ մշակո՞ւմ է, որպեսզի չունենա նույն արդյունքը, ինչ մեծահասակների պատվաստման պարագայում է։

– Կարծում եմ՝ կապ չունի տարիքային ցենզը, եթե հակապատվաստումային քարոզ իրականացվի, բոլոր ժամանակներում, տարիքում ու սեռում լինելու է այդ խնդիրը։ Իհարկե, իրազեկման գործընթացներ իրականացվում են, որ բնակչությունը տեղեկացված լինի, և առողջության առաջնային օղակի հիմնական դերակատարումը իրազեկումն է, բազմաթիվ հաղորդումներ կան նաև։ Հակապատվաստումային արշավը, միևնույն է՝ կլինի, իսկ թե ի՛նչ արձագանք կգտնի՝ չեմ կարող ասել։ 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am