Գևորգ Պետրոսյանը խեղաթյուրում է Վենետիկի հանձնաժողովի նախագահի հայտարարությունը. Fip.am

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը հոկտեմբերի 30-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, թե Վենետիկի հանձնաժողովն ընդունել է, որ Հայաստանում «Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակում կա քաղաքական հետապնդման տարր»:

Գևորգ Պետրոսյանը, մասնավորապես, նշել է, որ հայտարարությունում կար կոպիտ գնահատական. «Մենք այստեղ ավելի շատ պետք է փորձենք հասկանալ ենթատեքստը: Քանի որ այնտեղ իսկապես կար կոպիտ գնահատական, ինչը չի բխում Հայաստանի հեղինակության շահերից, ինչն ակներև է»:

Լրագրողի ճշգրտող հարցին, թե հատկապես ո՞ր տեքստը նկատի ունի, Պետրոսյանը նշել է՝ Վենետիկի հանձնաժողովի «վերջին՝ երեկ, թե երեկ չէ առաջին օրն արված հայտարարությունը»։

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի՝ հոկտեմբերի 29-ին տարածած հայտարարությունը՝ հասկանալու, թե արդյո՞ք այնտեղ խոսք կա քաղաքական հետապնդման մասին: 

Ջիանի Բուքիքիոն «Հայաստան. բոլոր կողմերը պետք է ցուցաբերեն զսպվածություն, փոխադարձ հարգանք և կառուցողական ինստիտուցիոնալ համագործակցություն. նախագահ Բուքիքիոյի հայտարարությունը» վերնագրով հայտարարությունում անդրադարձել է ՀՀ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակին: Նա հայտնել է, որ մի քանի ամիս արդեն ուշի-ուշով հետևում է Հայաստանում ստեղծված իրավիճակին և խորապես մտահոգված է «մի կողմից Կառավարության և Ազգային ժողովի, մյուս կողմից՝ Սահմանադրական դատարանի միջև առկա բաց կոնֆլիկտով»: Նրա խոսքով՝ իրադարձությունների արագ հաջորդականությունը չի նպաստում խնդրի կարգավորմանը:

«Ժողովրդավարության պայմաններում խորհրդարանը ժողովրդական ինքնիշխանության մարմինն է և այդպիսով վայելում է ժողովրդավարական բարձրագույն լեգիտիմությունը: Իսկ Սահմանադրական դատարանը պաշտպանող հաստատություն է, որին վստահված է պահպանել սահմանադրական արժեքները:

Ժողովրդավարական երկրում պետական բոլոր հաստատությունները և գերատեսչությունների ղեկավարները պետք է հարգեն իրենց իրավասությունները, պարտականությունները և լիազորությունները, ընդունեն և հարգեն մյուս հաստատությունների իրավունքները: Նրանք պետք է օգտագործեն համապատասխան ինստիտուցիոնալ զսպվածություն, բարեխղճորեն պահպանեն համապատասխան ընթացակարգերը և հարգանք ցուցաբերեն միմյանց նկատմամբ:

Եթե դա չի կատարվում, եթե չկա ժողովրդավարական մշակույթ և հասունություն, պետական ինստիտուտների գործառույթները խաթարված են, վտանգվում է հասարակության ժողովրդավարական, քաղաքացիական և տնտեսական առաջընթացը: 

Կոչ եմ անում բոլոր կողմերին ցուցաբերել զսպվածություն, փոխադարձ հարգանք և կառուցողական ինստիտուցիոնալ համագործակցություն՝ այս անհանգստացնող իրավիճակը հանդարտեցնելու և ապահովելու Հայաստանի Սահմանադրության նորմալ աշխատանքը»,- մասնավորապես, գրված է Բուքիքիոյի հայտարարությունում:

Մեջբերված տեքստից ակնհայտ է դառնում, որ Վենետիկի հանձնաժողովի նախագահը չի օգտագործել «քաղաքական հետապնդում» եզրույթը՝ ներկայացնելով օրենսդիր մարմնի և Սահմանադրական դատարանի դերերը։ Եվ նա, փաստացի, կոչ է անում լինել առավել զուսպ և ապահովել Սահմանադրության դրույթների պատշաճ կերպով կատարումը:

Այսպիսով, պատգամավոր Գևորգ Պետրոսյանի հայտարարությունն այն մասին, որ Վենետիկի հանձնաժողովն ընդունել է, որ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակում կա քաղաքական հետապնդման տարր, սխալ է:

Լուսինե Ոսկանյան

www.Fip.am