Դատահոգեբուժական կեղծ եզրակացության շնորհիվ դատարանը չի հարցաքննի Խուդյանի շենքից թալանված բնակարանի գործով գլխավոր վկային

Դատահոգեբուժական կեղծ եզրակացության շնորհիվ դատարանը չի հարցաքննի Խուդյանի շենքից թալանված բնակարանի գործով  գլխավոր վկային
Դատահոգեբուժական կեղծ եզրակացության շնորհիվ դատարանը չի հարցաքննի Խուդյանի շենքից թալանված բնակարանի գործով գլխավոր վկային

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջաննների դատարանը Սփյուռքահայ գործարար Էդմոնդ Խուդյանի շենքից բնակարան գնած և խաբված գնորդ Լուսինե Գյուլխասյանի գործով գլխավոր վկային չի լսի:

Խոսքը վերաբերում է ներկայումս կալանավորված շինարար Վլադիսլավ Մանգասարյանի եղբայր Ռուբեն Մանգասարյանին, ով թերևս դատաքննական փուլում արդեն բացահայտված փաստերից հետո հայտնի չէ ինչ եղանակներով փաստորեն խուսափեց դատարանում հարցաքննվելուց: 

Բանն այն է, որ հունիսի 7-ին դատարան էր ստացվել Ռուբեն Մանգասարյանի վերաբերյալ դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությունը` խիստ կասկածելի բովանդակությամբ: Իսկ ամենակարևորն այն է, որ ըստ այդմ` դատարանում պետք է հրապարակվեն մինչդատական վարույթի ընթացքում Մանգասարյանի կողմից տրված ցուցմունքները, քանի որ հիմա նա, այսպես ասած, «ունակ չէ ճիշտ վերարտադրելու իրականությունը»:

Սփյուռքահայ գործարար Էդմոնդ Խուդյանի փաստաբան Լեռնիկ Հովհաննիսյանը այսպիսի մի փորձագիտական եզրակացություն կանխատեսելի էր համարում, քանի որ  դատարանում արդեն լիովին պարզ է դարձել, որ մինչդատական վարույթի ընթացքում տրված ցուցմունքների հիմնական մասը կեղծ է եղել: Ինչ վերաբերում է կոնկրետ Ռուբեն Մանգասարյանի նախաքննական կեղծ ցուցմունքներին` դատարանում արդեն ամբողջությամբ պարզվել է, որ նրա ցուցմունքները լիովին կեղծ են և վաղուց բացահայտվել է, որ տուժած քաղաքացի Լուսինե Գյուլխասյանի բնակարանը իրականում տնօրինել է ոչ թե Ռուբեն Մանգասարյանը, այլ նրա եղբայր Վլադիսլավ Մանգասարյանը: Իսկ Ռուբեն Մանգասարյանի և Արթուր Գալստյանի միջև բնակարանի կեղծ առուվաճառք է տեղի ունեցել, իրականում այդ գործարքը տեղի է ունեցել մի կողմից` բնակարանի իրական սեփականատեր Վլադիսլավ Մանգասարյանի, մյուս կողմից` Հարթունյան ընտանիքին պատկանող «Ջի Էյջ Սթորիջ Էնթրփրայզես» ընկերությունից հայտնի Սևակ Արզարունու միջև` Վլադիսլավ Մանգասարյանի պարտքերի դիմաց:

Խուդյանի փաստաբանի խոսքով` այս ամենից հետո ակնհայտ է, որ որ ամեն բան արվելու էր, որպեսզի Մանգասարյանը դատարանում ցուցմունք չտար: Իսկ ինչ վերաբերում է դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությանը` դրա բովանդակությունն առնվազն ծիծաղելի է:

Սկսենք նրանից, որ Մանգասարյանի հոգեկան և մտավոր վիճակի վերաբերյալ փորձաքննություն նշանակելու հարցն առաջացավ դատարանում և այն բանից հետո, երբ Ռուբեն Մանգասարյանը վկայության գալով հայտարարեց, որ գտնվում է հոգեմետ դեղերի ազդեցության տակ ու հետևաբար դրանք ազդում են նրա ինտելեկտուալ և մտավոր կարողությունների, ինչպես նաև հիշողության վրա: Սակայն դատահոգեբուժական փորձաքննությամբ սրա վերաբերյալ զարմանալիորեն նշվում է հետևյալը.

«Մանագասարյանի կողմից հոգեմետ դեղերի օգտագործումը չի ազդում նրա ինտելեկտուալ և մտավոր կարողությունների, հիշողության վրա և նախկինում և ներկայումս  չի խոչընդոտել դեպքերի և քրեական գործով բացահայտման ենթակա հանգամանքների ընկալմանը, հիշողությանը և վերարտադրմանը»:

Եվ որքան էլ զարմանալի է, այսքանից հետո եզրակացությամբ պնդվում է, թե Մանգասարյանը չի կարող ցուցմունքներ տալ դատարանի դահլիճում:

Իսկ ամենահետաքրքիրն այն է, որ պարզվում է, որ Մանգասարյանը դատարանի դահլիճում չի կարող ցուցմունքներ տալ, քանի որ ինքն է այդպես խնդրել փորձաքննող հանձնաժողովին: Այս մասին բառացիորեն նշվում է եզրակացության տեքստում, որն էլ մեջբերում ենք.

«Մանգասարյանը ներկայումս մտահոգ է, կասկածամիտ, փոքր ինչ տագնապած: Ճիշտ հասկանում է անց կացվող փորձաքննության իմաստը և նպատակը: Միաժամանակ խնդրում է, որ փորձագետները գրեն, թե ինքն ի վիճակի չէ ցուցմունք տալու, քանի որ իր հոգեկան վիճակը վատացել է, զառանցաբար է մեկնաբանում շրջապատի իրադարձությունները, համարում է, որ այս ցուցմունքներով իր դեմ ինչ որ բան է սարքվում, այս ամենը տանում է նրան, որ բոլորի մեղքն իր վրա են կոտրելու, խնդրում է, որ այնպես գրեն, որ իրեն այլևս չհարցաքննեն, որ ինքը որևէ ցուցմունք չտա»:

«Ստացվում է, որ իրականում այս գործով գլխավոր վկան հրաժարվում է ցուցմունք տալուց, ինչը քրեորեն հետապնդելի արարք է, իսկ փորձաքննություն իրականացրած հանձնաժողովը փաստորեն փորձաքննություն իրականացնելու փոխարեն ընդառաջ է գնացել փորձաքննվողի խնդրանքին, ինչի համար որևէ իրավական հիմք չկա, և դեռ մի բան էլ արժանահավատ համարել նրա կողմից նախաքննության ընթացքում տրված կեղծ ցուցմունքները»,- ասում է ամերիկահայ գործարարի փաստաբան Լեռնիկ Հովհաննիսյանը:

Եվ իսկապես, փորձաքննությունը իրականացրած հանձնաժողովը որքան էլ կասկածի տակ է առնում այս պահին դատարանում Մասնագասարյանի կողմից ցուցմունք տալու հարցը, այնքան էլ վստահաբար հայտարարում է, թե նախկինում Մանգասարյանը ունակ է եղել ճիշտ վերարտադրելու իրականությունը:

«Մանգասարյանը տառապում է «Շիզոֆրենիա, պարանոիդ ձև» խրոնիկակակն  հոգեկան հիվանդությամբ: Հիվանդությունը սակայն ընթացել է ընդմիջումներով և չի ուղեկցվում հիշողության և ինտելեկտի կոպիտ խանգարումներով, քննադատական ունակությունների բացակայությամբ և մինչդատական վարույթի ընթացքում  փորձաքննվող ունակ է եղել ճիշտ ընկալել և վերարտադրել քրեական գործով բացահայտման ենթակա հանգամանքները և տալ ճշմարիտ ցուցմունքներ:

Մանգասարյանի տված ցուցմունքները և նախկինում և ներկայումս արժանահավատ են, սակայն ներկա պահին, կապված ստեղծված դատաքննչական իրավիճակում նրա հոգեկան վիճակի վատացման հետ, որն արտահայտվում է վախի և տագնապի զգացումներով, կասկածամտությամբ, շրջապատի իրադարձությունների զառանցական մեկնաբանությամբ, որոնք հատկապես ավելի արտահայտված են դառնում դատարանում նրա ելույթ ունենալուց, նա չի կարող տալ ցուցմունքներ դատարաի դահլիճում»,- նշված է եզրակացության մեջ:

Խուդյանի փաստաբան Լեռնիկ Հովհաննիսյանը գտնում է, որ Ռուբեն Մանգասարյանին պարզապես չեն բացատրել, որ եթե այժմ նա դատարանում գա և ճիշտ ցուցմունքներ տա, քրեական պատասխանատվություն չի կրելու նախաքննության ընթացքում իր կողմից տրված կեղծ ցուցմունքների համար:

Նշենք, որ եզրակացությունը տված փորձագետները նախազգուշացված են եղել եզրակացություն տալուց հրաժարվելու և ակնհայտ կեղծ եզրակացություն տալու համար ՀՀ քր. Օր 338, 339 հոդվածներով նախատեսված քրեական պատասխանատվության մասին: Իսկ փորձաքննությունն իրականացրել է ԱՆ կից միջգերատեսչական ամբուլատոր դատահոգեբուժական փորձագիտական հանձնաժողովը:

Ի դեպ` ամբաստանյալ Էդուարդ Եսայանի պաշտպանը խնդրել է դատարանին Մանգասարյանի ցուցմունքները չդնել մեղադրանքի հիմքում, քանի որ դրանք անթույլատրելի ապացույցներ են, սակայն այդ հարցին դատարանը կանդրադառնա վճռի կայացման փուլում:

 Սփյուռքահայ ներդրողների շահերի պաշտպանության նախաձեռնող խումբ

Լուսանկարում` Էդմոնդ Խուդյանը