Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի հետախուզության վարչության նախկին պետ Արշակ Կարապետյանը երկրորդ անգամ հրավիրվել է Ազգային ժողովի ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստին, պատասխանել անդամների հարցերին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ փակ նիստից հետո Կարապետյանը զրուցեց նաև լրագրողների հետ:
Հարցին, թե ինչ է հայտնել հանձնաժողովի նիստում նա մասնավորապես ասաց, որ իրեն վերաբերող բոլոր հարցերը հիմնականում գաղտնի են, հետևաբար չի կարող շատ բան ասել:
Թե ինչու է երկրորդ անգամ հրավիրվել, Կարապետյանն ասաց . «Դե ճշտելու հարցեր ունեին, հարցերը տվեցին, նորից պատասխանեցի: Մարդկանց մոտ լրացուցիչ հարցեր են առաջանում»:
Անդրադառնալով հարցերին՝ արդյոք իրեն երկրորդ անգամ հրավիրելը որևէ կապ ուներ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ հանձնաժողովի նիստին մասնակցելու հետ՝ նա պատասխանեց՝ չի կարող նման բան ասել:
Անդրադառնալով իր ունեցած տեղեկություններին նա ասաց. «Գաղտնիության խնդիր ունենք այստեղ, քանի որ Ադրբեջանի համար կարևոր է իմանալ՝ հետախուզությունն իմացել է, թե ոչ: Երկու պատասխանն էլ կարևոր է: Եթե չենք իմացել դա էլ է իրենց համար կարևոր, եթե իմացել ենք, դա էլ է կարևոր: Ոչ թե ես չեմ ուզում խոսեմ, այլ հարցն այն է, որ մենք չենք կարող դա նրանց ասել»:
Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն էլ լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Կարապետյանին երկրորդ անգամ կանչելու պատճառներին, ասաց. «Բնականար, եթե մենք կանչում ենք, դա նշանակում է, որ մեզ մոտ վերլուծությունների արդյունքում առաջացել են հարցեր, որոնք պետք է կարողանանք ճշտել: Եվ ոնց որ մեզ հաջողվեց ճշտել շատ հանգամանորեն»: