Քաղաքացու՝ տուգանքի «մատերիալ» չլինելուց չի կարող բխել, որ Հայաստանի փողոցներն ու մայրուղիները պիտի դառնան երթևեկելի ջունգլիներ․ Ալեքսանյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ճանապարհային երթևեկության կանոնների պահպանման, անվտանգության ու պատասխանատվության մեխանիզմների մասով, այո, մեր մոտեցումը եղել ու մնում է այն, որ քաղաքացին տուգանքի «մատերիալ» չէ։ Ու սա լավագույնս արտացոլվել է բալային համակարգի ներդրմամբ, որովհետև քաղաքացու տուգանքի «մատերիալ» չլինելուց չի կարող բխել, որ Հայաստանի փողոցներն ու մայրուղիները պիտի դառնան երթևեկելի ջունգլիներ՝ բոլոր հարիր օրենքներով։

Իմաստն այն է, որ տուգանքը չպետք է լինի ինքնանպատակ։ Նպատակը պիտի լինի և կա ճանապարհային երթևեկության անխափան լինելը և դրա անվտանգությունը։ Սրա համար անհրաժեշտ է երկու բան․ որակյալ, կահավորված ճանապարհներ և կարգապահություն։ Վստահ եմ՝ ամենաարմատական ընդդիմադիրն անգամ կխոստովանի, որ առաջինի համար մենք ջանք չենք խնայում և որ դա վառ տեսանելի է, երկրորդի մասով բնականաբար պետք են կարգապահական տույժերի տեսակներ։ Ինչպե՞ս էր նախկինում․ ով ինչքան ուզում կամ հասցնում խախտում էր, ՃՈ-ն էլ ինչքան հասցնում ՝ տուգանում։ Արդյունքում ֆինանսապես ապահովվածներն ընդհանրապես մտածելու բան չունենալով խախտում ու խախտում էին, չապահովվածներն էլ ընկնում էին ամբողջ սեփականությունից զրկվելու վտանգի տակ, իսկ չապահովված բայց թեկուզ քիչ քանակով խախտումներ անողներն էլ իրենց համար բավականին շոշափելի ֆինանսական բեռի տակ էին մնում։

Իսկ սրան ի՞նչ է հակադրում բալային համակարգը, կամ ո՞րն է դրա փիլիսոփայությունը։
Տեսեք՝ բալային համակարգի ներդրման հետ զուգահեռ կտրուկ նվազեցվեցին տուգանքների չափերը, բայց նաև ստեղծվեց հնարավորությունը հաճախակի խախտող վարորդին վարորդական իրավունքից զրկելու։ Այսինքն՝ քաղաքացուն ասում ենք՝ իհարկե, սխալներ բոլորն էլ անում են, տարեկան երկու-երեք սխալի համար պետք չէ, որ դու ընկնես ծանր ֆինանսական բեռի տակ, բայց եթե դու պարբերաբար ես խախտում, վտանգում քո ու մյուսների անվտանգությունը, արգելակում երթևեկությունը, ապա լավ կլինի, որ դու մի որոշ ժամանակ առհասարակ չվարես ու դա կօգնի թե՛ քեզ, թե՛ երթևեկության մյուս մասնակիցներին։

Եթե էլ ավելի պարզեցնեմ միտքը, կստացվի հետևյալը՝ բալային համակարգը հանում է ուռճացված ֆինանսական բեռը տարեկան շատ քիչ խախտումներ անող քաղաքացիների վրայից, շատ խախտումներ անողներին դիտարկում ոչ թե որպես փողի քսակ, որը պետք է պարբերաբար դատարկել, այլ նրան տալիս է ժամանակ՝ գիտակցելու ու համակերպվելու մյուսների կյանքն ու անվտանգությունը չվտանգելու հրամայականին։


Ուրիշ բան, որ բալային համակարգը, իհարկե բացեր, ունի, որոնցից օգտվում են որոշ անկարգապահ քաղաքացիներ, բայց այս բացերը ևս հնարավոր է և պետք է լրացնել»։