«Փաշինյանը պետք է հրաժարական ներկայացներ երեկ, որովհետև ասաց՝ խաղաղության դարաշրջան բացելու ծրագիրը ձախողվել է». Արմեն Բաղդասարյան

Լուսանկարը՝ media.am

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը

– Պարո՛ն Բաղդասարյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա ասուլիսից հետո ձեզ համար պարզ դարձա՞վ, թե առաջիկա ինչ զարգացումներ են սպասվում Հայաստանում ու Արցախում:

– Ընդհանուր առմամբ պարզ էր ու պարզ, որ Հայաստանի իշխանություններն այդ զարգացումները կանխելու որևէ շանս չունեն և ոչ էլ պահեստային տարբերակ ունեն, որովհետև վարչապետը բաց տեքստով հայտարարեց, որ Լաչինի միջանցքի հայկական երեք բնակավայր անցնելու է Ադրբեջանին, բայց անգամ այդ դեպքում որևէ երաշխիք չկա, որ խաղաղություն կլինի, ավելին՝ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, ու այդտեղ պատրանքներ չպետք է ունենալ:

Ինքը դա ասում է, բայց, միաժամանակ, իր գործողություններից չի զգացվում, որ Հայաստանը պատրաստվում է պատերազմի, որովհետև մենք գլխավոր շտաբ չունենք, շտաբի պետ չունենք, մեր բանակում անընդհատ ինչ-որ լրտեսներ են բացահայտվում, այդպիսով ընկնում է բանակի հեղինակությունը, հասարակության վստահությունն է բանակի նկատմամբ ընկնում:

– Իշխանությունը կարո՞ղ էր այնպես անել, որ պետությունը չհասներ այս իրավիճակին, թե՞ նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթից հետո այդ զարգացումներն անխուսափելի էին:

– Իշխանությունը եթե այս մեկուկես տարին կարողանար նորմալ օգտագործել, այդ դեպքում Լաչինից հարավ կառուցվող այդ նոր ճանապարհով, տրամաբանորեն, պետք է անցնեին նաև Հայաստանն Արցախին կապող բոլոր կոմունիկացիաները, բայց այդ ուղղությամբ ոչ մի աշխատանք չի արվում, բնական է՝ չի էլ արվելու, որովհետև կառուցողն Ադրբեջանն է: Այսինքն՝ այդ ճանապարհը երբ փոխվի, Ղարաբաղը բոլոր առումներով ամբողջությամբ կախված է լինելու Ադրբեջանից:

Իսկ հայկական երեք բնակավայրի հանձնումն Ադրբեջանին հնարավոր ի՞նչ զարգացումների կբերի, եթե հաշվի առնենք, որ տեղի բնակիչներն ասում են, թե չեն պատրաստվում դուրս գալ իրենց տներից, պարո՛ն Բաղդասարյան:

– Բնականաբար, այդ ահավոր էմոցիոնալ ֆոնին անգամ բախումներ են հնարավոր, այդ դեպքում այստեղ, իհարկե, շատ մեծ բողոքի ալիք կբարձրանա, այսինքն՝ ներքաղաքական լարումը կավելանա, բայց ես չեմ կարծում, թե այս իշխանությունների օրոք դա հնարավոր է լինելու կանխել ու ինչ-որ արդյունքի հասնել:

Կարո՞ղ ենք արձանագրել, որ գործող իշխանության կողմից անընդհատ հայտարարվող խաղաղության դարաշրջան բացելու գործընթացը տապալված է, որովհետև Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Ադրբեջանը խոչընդոտում է դա:

– Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարեց, որ անգամ հնարավոր ամենամեծ զոհողությունների գնով մեզ չի հաջողվել խաղաղության դարաշրջան բացել, ու այդ ծրագիրը ձախողվել է: Տրամաբանորեն՝ հաջորդ նախադասությունը պետք է լիներ, որ ինքը հրաժարական է տալիս, որովհետև մինչև հիմա ինչ փորձանք բերել է Հայաստանի գլխին՝ պատճառաբանում էր նրանով, թե խաղաղության դարաշրջան կբացվի, ու հանկարծ երեկ հայտարարում է, որ չի բացվելու, պատրանքներ չպետք է ունենալ, իսկ եթե պատրանքներ պետք չէր ունենալ՝ ի՞նչ կարիք կար սուսուփուս կատարել հակառակորդի բոլոր պահանջները, եթե ասում ես՝ միևնույն է, պատերազմ է լինելու:

Այս իշխանության պաշտոնավարման պարագայում, աշխարհաքաղաքական զարգացումների այս ֆոնին Հայաստանին ի՞նչ է սպասում, եթե Նիկոլ Փաշինյանն ասում է, որ պատերազմ է լինելու, դուք էլ ասում եք՝ այս իշխանությունը պատերազմի չի պատրաստվում:

– Հայաստանը պետք է լրջորեն պատրաստվի պատերազմի, որովհետև անգամ պետության ղեկավարն է այդ մասին ասում: Պետք է մի կողմ դրվեն ներքաղաքական բոլոր տարաձայնությունները, սև ու սպիտակները, դատարկ, անիմաստ կոռուպցիայի դեմ պայքարը, ընդ որում՝ թղթի վրա: Պետք է պատրաստվենք պատերազմի ու հասկանանք, որ այս գերագույն գլխավոր ղեկավարի հրամանատարությամբ հազիվ թե հաջողություն ունենանք, որովհետև տեսել ենք, թե նա ինչպես է պատերազմ ղեկավարում:

Իսկ եթե այդ գերագույն գլխավոր հրամանատարը չի պատրաստվում հրաժարական ներկայացնել, այդ պարագայում ի՞նչ անել: Քաղաքական ուժերի դերը ո՞րն է:

– Իհարկե, իմ խորին համոզմամբ, նա երբեք ինքնակամ հրաժարական չի տա: Քաղաքական ուժերը պետք է ներկայացնեն հստակ ծրագրեր, իրենց անելիքները և ոչ թե ինչ-որ դատարկ, անիմաստ լաո զարթնացնեն կամ այլ բան:

Կոնկրետ ծրագրեր, գաղափարներ եթե լինեն, վստահ եմ, որ մի քանի հարյուր հազար մարդ դուրս կգա փողոց, որովհետև Նիկոլ Փաշինյանին ձայն է տվել 680000 մարդ, այսինքն՝ ավելի քան 2 միլիոն մարդ նրան ձայն չի տվել, ու այսօր այդ մարդիկ չեն վստահում նաև խորհրդարանական ընդդիմությանը: Նոր ասելիք է պետք, հստակ ծրագիր:

Այսինքն՝ Հայաստանի առջև ծառացած նոր պատերազմն ավելի քան հնարավո՞ր եք համարում, պարո՛ն Բաղդասարյան:

– Իհարկե, չէ՞ որ այդ մասին բոլորն են ասում. և՛ Ադրբեջանն է ասում այդ մասին, և՛ Հայաստանի վարչապետը, ի վերջո, ունենք խնդիր, որը կարգավորված չէ, ընդ որում՝ Ադրբեջանը ցանկացած զիջում այլևս մերժում է՝ պահանջելով ավելին: Այս ամենը վաղ թե ուշ պետք է ավարտվի նոր պատերազմով:

Իսկ այդ պարագայում Հայաստանի դաշնակից Ռուսաստանի դիրքորոշումն ինչպիսի՞ն կլինի:

– Եթե Նիկոլ Փաշինյանը շարունակի անիմաստ ինչ-որ մեղադրանքներ հնչեցնել Ռուսաստանի հասցեին, ինչպես երեկ արեց ռազմագերիների մասով, անկախ նրանից՝ այդ մեղադրանքները ճի՞շտ են, թե՞ չէ, ապա ի հետևանք հայ-ռուսական հարաբերություններն ավելի են վատանալու, և ոչ մի երաշխիք չկա, որ Ռուսաստանը կփորձի միջամտել հաջորդ պատերազմին կամ եթե միջամտի՝ կանի հանուն սեփական շահերի, բնականաբար՝ մեր շահերի հաշվին:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am