Կառավարությունը որդեգրում է պետական կառավարման համակարգի արդիականացման քաղաքականությունը և բարեփոխումների ճանապարհային քարտեզը նախանշող համապարփակ օրակարգ․ Ավինյան

Փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

E-draft.am իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում արդեն հասանելի է «Հանրային կառավարման բարեփոխումների մինչև 2030թ. ռազմավարության» նախագիծը:

Այսպիսով, ՀՀ կառավարությունը որդեգրում է պետական կառավարման համակարգի արդիականացման քաղաքականությունը և բարեփոխումների ճանապարհային քարտեզը նախանշող համապարփակ օրակարգ: Այս համատեքստում ամենակարևոր հարցն այն է, թե ինչպիսի պետություն և պետական կառավարման համակարգ է ձևավորվելու բարեփոխումների արդյունքում՝ հիմքում ունենալով հետևյալ չորս առանցքային բաղադրիչները.

պետական քաղաքականությունը՝ ռազմավարապես պլանավորված, իրականացման տեսանկյունից՝ իրատեսական, արդյունքամետ, կանխատեսելի և հաշվետու,

քաղաքացուն մատուցվող պետական և համայնքային ծառայությունները՝ հասանելի, թվայնացված և արդիական տեխնոլոգիական հենքով,

արժանապատիվ վարձատրությամբ, արհեստավարժ հանրային ծառայող,

արդյունավետ և կայացած պետական ինստիտուտներ:

Որակապես նոր պետական կառավարման համակարգի հաջողության գրավականը բարեփոխումների շուրջ հանրային լայն համախոհությունն է՝ «պետությունը երջանիկ անհատի ու բարեկեցիկ հասարակության երաշխավորն է» բանաձևով: Խիստ կարևոր է, որ բարեփոխումները կրեն շարունակական բնույթ՝ Հայաստանի՝ որպես բարեկեցիկ, ինստիտուցիոնալ և մրցունակ պետության կերտումը վերածելով մեր հանրային-պետական առաջնահերթության: