Ղարաբաղը, սիրահայերը, հայ-ֆրանսիական ջերմ հարաբերություններն ու ավելին. Օլանդի ու Սարգսյանի հանդիպումը` Փարիզում

Ղարաբաղը, սիրահայերը, հայ-ֆրանսիական ջերմ հարաբերություններն ու ավելին.  Օլանդի ու Սարգսյանի հանդիպումը` Փարիզում
Ղարաբաղը, սիրահայերը, հայ-ֆրանսիական ջերմ հարաբերություններն ու ավելին. Օլանդի ու Սարգսյանի հանդիպումը` Փարիզում

Պաշտոնական այցով Ֆրանսիայի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ:
Ըստ ՀՀ նախագահի կայքէջի պաշտոնական հաղորդագրության, «նախագահները գոհունակությամբ փաստել են հայ-ֆրանսիական հարաբերությունների բարձր մակարդակը, ընդգծելով, որ երկու ժողովուրդների միջև պատմականորեն ձևավորված ջերմ բարեկամական առնչությունները ամուր հիմք են միջպետական առանձնաշնորհյալ հարաբերություններ զարգացնելու և ավելի ամրապնդելու գործում»:
«Երկուստեք շեշտվել է քաղաքական երկխոսության բարձր մակարդակը պահպանելու, Հայաստանում Ֆրանսիայի տնտեսական ներկայությունն ընդլայնելու և երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների աճը խթանելու կարևորությունը»,-նշված է հաղորդագրության մեջ` հավելելով, որ երկու նախագահները մտքեր են փոխանակել տարածաշրջանային խնդիրների, ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացների շուրջ:
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների համար հանդիպման արդյունքներով հանդես են եկել հայտարարություններով:

«Կցանկանայինք, որպեսզի ֆրանսիական կապիտալն ընդլայնվեր Հայաստանում, որովհետև այսօր և՛ Հայաստանն ունի դրա կարիքը, և՛ իհարկե համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքները վերացնելու համար սա միգուցե շատ փոքր, բայց լավ հնարավորություն է»,-մասնավորապես ասել է Սերժ Սարգսյանը`շնորհակալություն հայտնելով «Ֆրանսիայի ժողովրդին, Ֆրանսիայի իշխանություններին՝ հայոց ցեղասպանության նկատմամբ այդքան ուշադիր և սկզբունքային դիրքորոշում ունենալու համար»:

«Ես գիտեմ, որ պարոն Օլանդը օրինագծի ակունքներում էր կանգնած և ես գիտեմ, թե որքան ուշադիր և ջերմ է նա հայկական հարցերի նկատմամբ, ընդհանրապես հայերի նկատմամբ: Մենք հպարտ ենք, որ Ֆրանսիայում ապրում է շուրջ 500.000 հայ և այդ հայերից շատ-շատերն ակտիվ մասնակցություն են ունեցել Ֆրանսիայի զարգացման գործում: Նրանք հավասարապես և՛ հայ են, և՛ ֆրանսիացի: Նրանք հավասարապես սիրում են և՛ Հայաստանը, և՛ Ֆրանսիան: Եվ մեր խնդիրն է, որպեսզի մենք կարողանանք նրանց ողջ ներուժը օգտագործել մեր բարեկամությունը հավերժ պահելու համար»,-նշել է Սերժ Սարգսյանը:

Ֆրանսուա Օլանդն իր հերթին խոսել է երկու երկրների եւ ժողովրդների «ամուր կապերի մասին»: Նա նշել է, որ հանդիպման ժամանակ հիմնականում խոսել են «ամենակարեւորի»` Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի մասին:

«Քանի որ Ֆրանսիան Մինսկի խմբի համանախագահն է, ես վերահաստատեցի, որ մենք պիտի ամեն ինչ անենք, և որ Ֆրանսիան ամեն ինչ կանի, որպեսզի բանակցությունները հասնեն իրենց վերջնական հանգրվանին։ Դրանք ինչ-որ պահի դադարել էին, պիտի վերսկսվեն և ընթանան մինչև վերջ, ընդ որում՝ մեզ հայտնի սկզբունքների հիման վրա՝ Մադրիդյան սկզբունքների հիման վրա, որպեսզի այս հիմնահարցը գտնի տևական, ես կասեի՝ վերջնական լուծում»,-նշել է նա:

Ֆրանսիայի նախագահը նշել է, որ Սերժ Սարգսյանի հետ քննարկել են նաեւ միջազգային այլ խնդիրները` խոսելով Սիրիայի մասին, նկատի ունենալով, որ տարածաշրջանային խնդիրներն առնչվում են նաեւ Հայաստանին, եւ քանի որ այնտեղ գոյություն ունի հայկական համայնք:

«Իհարկե, գիտեմ, թե Հայաստանն իր դիրքից ելնելով՝ ինչքան զգույշ կեցվածք պետք է ցուցաբերի, բայց նաև պետք է ջանանք քաղաքական անցման խնդիրը միասին լուծել,-նշել է Օլանդը`անդրադառնալով նաեւ «իրենց ողջ տաղանդը իրենց հետ» Ֆրանսիա բերած շուրջ 500,000 ֆրանսահայերի մասին:

Հանդիպման վերջում, ինչպես տեղեկացնում ենք պաշտոնական հաղորդագրությունից, Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար եւ 2013թ-ին Ֆրանսիայի նախագահին հրավիրել պետական այց կատարել Հայաստանի, ինչը «հաճույքով» ընդունել է Ֆրանսիայի նախագահը:

© Medialab.am