Արևմուտքից շատ պարզ ասում են, որ երաշխիքը Ադրբեջանի հետ պայմանավորվածությունն է, այլ երաշխիք պարզապես չի տրվում. Բադալյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը

– Պարո՛ն Բադալյան, Հայաստանի իշխանությունը հույս է հայտնում, որ մինչև տարեվերջ Ադրբեջանի հետ կարող է կնքել խաղաղության պայմանագիր: Ադրբեջանը կոչ է անում Հայաստանին «բաց չթողնել պատմական հնարավորությունը» դրան հասնելու համար, Թուրքիան էլ իր հերթին հայտարարում է, որ Հայաստանը պետք է կատարի թե՛ իրենց, թե՛ Ադրբեջանին տված խոստումները, որ հարաբերությունների կարգավորումը հնարավոր լինի: Որքանո՞վ են համապատասխանում կողմերի պատկերացումները խաղաղություն ասվածի վերաբերյալ:

– Ադրբեջանի պատկերացումները չեն կարող համընկնել Հայաստանի իշխանության պատկերացումների հետ, եթե Հայաստանի իշխանությունն առաջնորդվում է Հայաստանի շահով, որովհետև մենք գիտենք, որ Ադրբեջանը հարցին մոտենում է առավելապաշտական դիրքերից ու ձգտում է ներկայիս իրադրության պայմաններում որքան կարողանա առավել քաղաքական պայմաններ թելադրել Հայաստանին, հետևաբար դժվարությամբ եմ պատկերացնում, որ Հայաստանի շահով առաջնորդվելու դեպքում կարող են համընկնել Հայաստանի ու Ադրբեջանի պատկերացումները: 

Բայց խնդիրը միայն Հայաստանի ու Ադրբեջանի պատկերացումները չեն, որովհետև եթե անգամ դրանք համընկնեն, հարց է առաջանում, թե ինչպիսի՞ն կլինեն ուժային կենտրոնների մոտեցումները: Իմ խորին համոզմամբ՝ Հարավային Կովկասում ուժերի հարաբերակցությունը, ստատուս քվոն ու ընդհանրապես զարգացումների տրամաբանությունն ու միտումները ձևավորվելու են նաև ուժային կենտրոնների միջև փոխհարաբերությամբ:

Մենք գտնվում ենք համաշխարհային տնտեսական-քաղաքական ազդեցության համար միջազգային պայքարում, ու Կովկասն անկասկած այդ պայքարի թիրախներից մեկն է, հետևաբար մենք չենք կարող հայ-ադրբեջանական խնդիրները դիտարկել այդ ամենից անկախ ու դրանից դուրս: Հակառակը՝ հարցն ինքնին ենթակա է ուժային կենտրոնների միջև դիմակայությանը, մրցակցությանը, ուստի կարևոր է, թե նրանց պատկերացումներն ինչպիսին են՝ համընկնո՞ւմ են արդյոք, որքանո՞վ են համընկնում, և եթե չեն համընկնում, կա՞ արդյոք հնարավորություն, որ նրանցից մեկի մոտեցումները գերակայեն, ու գործընթացն առաջ շարժվի հենց այդ գերակայության տրամաբանությամբ: 

– Կդժվարանա՞ք ասել՝ ուժային կենտրոնների պատկերացումները համընկնո՞ւմ են Հայաստանի պատկերացումների հետ, թե՞ ոչ: 

– Կարծում եմ, որ համընկնումներ կարող են լինել, բայց ամբողջապես, երևի թե ոչ, որովհետև կա նաև շատ պարզ մի բան. որքան այդ ուժային կենտրոնները Հայաստանի հետ հարաբերության առումով հետաքրքրվածություն ունեն, նույնքան նաև՝ Ադրբեջանի հետ ու Ադրբեջանի պարագայում ինչ-որ իմաստով նույնիսկ ավելի, հետևաբար նրանց մոտեցումները, բնականաբար, ինչ-որ իմաստով պետք է համադրվեն Ադրբեջանի մոտեցումների հետ: 

Այս իմաստով, կարծում եմ, առանցքայինն այն է, որ այդ ուժային կենտրոններին թերևս շատ քիչ է հետաքրքրում, թե իրենց մոտեցումները որքանով են համընկնում այս կամ այն ավելի համեստ ռեսուրսներով խաղացողների հետ: Մեր խնդիրն է հասկանալ այդ ուժային կենտրոնների մոտեցումները և առավելագույնն անել՝ դրանց հետ կոշտ հակադրություններից խուսափելու համար, որովհետև կոշտ հակադրությունները հղի են անվտանգության սպառնալիքներով:

– Այսօր հայկական կողմն ունի՞ կոշտ հակադրություն այդ ուժային խաղացողներից ինչ-որ մեկի հետ, թե՞ ոչ, պարո՛ն Բադալյան:

– Մենք տեսնում ենք հայ-ռուսական հարաբերության բավական սուր արտահայտվող ճգնաժամ, թեև, կարծում եմ, որ խորքային իմաստով այստեղ պատկերը Ռուսաստանի կամ Արևմուտքի ուղղությամբ առանձնապես տարբեր չէ: Ես հակված եմ մտածելու, որ Ռուսաստանի առնչությամբ այս բավական ընդգծված ճգնաժամային կամ հակադիր ռեժիմն ավելի շատ տեղեկատվա-քարոզչական բնույթի է՝ պայմանավորված այդ շարժառիթներով: 

Խորքային առումով՝ հավասարապես խնդիրներ կան թե՛ Արևմուտքում, թե՛ Ռուսաստանում այնքանով, որքանով Արևմուտքն էլ, Ռուսաստանն էլ ունեն Ադրբեջանի հետ աշխատելու ու նրան չհակադրվելու շահագրգռություն: Ադրբեջանը օգտագործելով հենց այդ հանգամանքը՝ փորձում է օրակարգ բերել Հայաստանի հանդեպ քաղաքական պայմաններ, և սա խնդիր է ստեղծում Երևանի համար թե՛ ռուսական, թե՛ արևմտյան ուղղությամբ: 

– Հայաստանում առկա այսպես կոչված արևմտամետ ուժերը վստահ են, համենայնդեպս այս վերջին իրադրաձություններից հետո՝ Ֆրանսիայից զենքի գնում, Գերմանիայի արտգործնախարարի այցը Հայաստան, որ Արևմուտքը Հայաստանին տալիս է անվտանգության ապահովման համար այդ հստակ երաշխիքները: Համակարծի՞ք եք, որ Արևմուտքը տալիս է Հայաստանին երաշխիքներ: 

– Ես չգիտեմ՝ այդ խումբն ինչի՛ վրա է կառուցում իր այդ եզրակացությունը, նաև առանձնապես չեմ հետևում, թե ի՛նչ երաշխիքների մասին են խոսում, բայց Արևմուտքից շատ պարզ ու մատչելի ձևով ասում են, որ երաշխիքը Ադրբեջանի հետ պայմանավորվածությունն է, ու որևէ այլ երաշխիք Հայաստանին պարզապես չի տրվում:

Ընդ որում՝ ամենևին պետք չէ նեղանալ կամ դժգոհել, որ որևէ երաշխիք Հայաստանին չի տրվում, որովհետև այդ երաշխիքները առավելապես Հայաստանի պատասխանատվության դաշտում են, ինչը ենթադրում է նաև արդյունավետ աշխատանք արտաքին խաղացողների հետ, որոնք ձևավորում են մեր անվտանգության միջավայրը, բայց իր անվտանգության առնչությամբ երաշխիքներ կարող է ձևավորել միայն Հայաստանը: 

Եթե խոսում ենք կոնկրետ Արևմուտքի մասին, թեպետ այստեղ տարբերություն սկզբունքորեն չկա Արևմուտքի ու Ռուսաստանի միջև մոտեցումների առումով, մեզ պարզապես ասում են, որ անվտանգությունը Ադրբեջանի հետ պայմանավորվելն է, կոնֆլիկտային լիցքերը չեզոքացնելն ու այդ պայմանավորվածության շրջանակներում տարածաշրջանային համակեցությունը: 

Բացարձակապես օրեր առաջ այդ նույն բանը շատ պարզ ասաց Գերմանիայի արտաքին գործերի նախարարը, երբ նրան շատ ուղիղ հարցեր տվեցին Ադրբեջանի հանդեպ պատժամիջոցներ կիրառելու մասին: Երբ ուղիղ հարց տվեցին, թե ԵՄ-ն որքանո՞վ կարող է ավելի խոր դիտարկել Հայաստանի հետ հարաբերությունը, շատ պարզ պատասխան հնչեց, որ ԵՄ-ն դա դիտարկում է ոչ թե Հայաստանի հետ առանձին, այլ Հայաստանի ու Ադրբեջանի հետ, ու այդ հարաբերությունից է կախված, թե ինչպիսին կլինի հետագա մերձեցումը ԵՄ-ի հետ: 

ԱՄՆ նախագահը ՀՀ անկախության տոնի առիթով շատ պարզ ուղերձ էր հղել Նիկոլ Փաշինյանին, որում ասվում էր, որ Հայաստանի անվտանգության ու ինքնիշխանության երաշխիքը խաղաղությունն է, այլ ոչ թե, օրինակ՝ ԱՄՆ-ն կամ Արևմուտքը: Այսինքն՝ այստեղ պետք է հասկանալ, թե մեզ ինչ են ասում, որ ավելորդ հույսեր չունենանք ու հետո ավելորդ հիասթափություններ չունենանք: Այդ առնչությամբ մեզ շատ պարզ են ասում, այնքան պարզ, որքան դա հնարավոր է ասել դիվանագիտական լեզվով, շատ պարզ ասում են՝ ձեզ մի խաբեք, թե մենք երաշխիքներ ենք տվել, որպեսզի հուսախաբ լինելու դեպքում մեզ չմեղադրեք, թե մենք խաբել ենք: 

Այս տեսանկյունից Արևմուտքը բավական պարզ է, այնքան պարզ, որ դրանից այն կողմ ավելի պարզությամբ ասում են միայն չհասկացողներին, թեպետ չհասկացողների դեպքում ավելի պարզն էլ իմաստ չի ունենա:

– Գոնե իշխանական մակարդակով այդ պարզ դիվանագիտական հայտարարությունները հասկանո՞ւմ են, թե՞ ոչ:

– Կարծում եմ, որ իշխանությունն այդ տեսանկյունից շատ ավելի լավ է պատկերացնում իրավիճակը ու շատ ավելի լավ է պատկերացնում հնարավորությունները կամ «այդ երաշխիքների» աստիճանը: Չեմ բացառում, որ շատերը, որոնք խոսում են այդ երաշխիքների և այլնի մասին, իրենք էլ լավ են պատկերացնում, պարզապես կա նմանատիպ խոսակցության շահագրգռվածության այլ մոտիվներ: 

Նույն Ռուսաստանի համար միանգամայն շահեկան կլինի, եթե այսօրվա իրողությունների պայմաններում Հայաստանում ձևավորվեն Արևմուտքի նկատմամբ այդ չափազանցված սպասումները, որովհետև իքս պահի ակնհայտ կլինի, որ դրանք չեն իրականանալու, ու Արևմուտքը սկզբունքորեն որևէ էական տարբերություն չի դնում Հայաստանի ու Ադրբեջանի շահերի միջև, և շատ բնական է, նրանք առաջնորդվում են իրենց շահերով: 

Ռուսաստանի համար դա բավական ցանկալի տարբերակ կլինի՝ ցույց տալու համար, որ Արևմուտքը իրենցից ավելին չի տալու, ու խնդիրը պարզապես դրված է հետևյալ կերպ՝ պետք է պայմանավորվեք Ադրբեջանի հետ: Այստեղ հարցն այն է, թե մենք ինչպես կարող ենք, աշխատելով Արևմուտքի ու Ռուսաստանի ուղղությամբ, և ոչ միայն այդ երկու ուղղությամբ, առավելագույնը ստանալ մեր քաղաքական հարցերի սպասարկման ու մեր խնդիրների լուծման իմաստով:

– Այս համատեքստում խաղաղության պայմանագրի կնքումը մինչև տարեվերջ հնարավոր համարո՞ւմ եք:

– Հավանականությունը բավականին ցածր է, եթե ուժային կենտրոնների միջև չձևավորվի այդ ստորագրության համար անհրաժեշտ նվազագույն կոնսենսուս, բայց նաև կարծում եմ, որ խաղաղությունը այդ փաստաթուղթը ստորագրելով չէ, ու կախված է քաղաքական բազմաթիվ գործոններից, այդ թվում՝ աշխարհաքաղաքական իրողություններից:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am