«Քոչարյանը չունի այն սոցիալական բազան, որի վրա հենվելով կկարողանա իրական ընդդիմություն ձևավորել». քաղաքագետ

«Քոչարյանը չունի այն սոցիալական բազան, որի վրա հենվելով կկարողանա իրական ընդդիմություն ձևավորել». քաղաքագետ
«Քոչարյանը չունի այն սոցիալական բազան, որի վրա հենվելով կկարողանա իրական ընդդիմություն ձևավորել». քաղաքագետ

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը:

– Պարո՛ն Ղևոնդյան, Վերաքննիչ քրեական դատարանը Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու որոշում կայացրեց, իսկ դրանից մեկ օր առաջ նա ծավալուն հարցազրույցով էր հանդես եկել, որտեղ ըստ էության արդեն կանխորոշում էր, որ իրեն կկալանավորեն։ Ինչպե՞ս եք գնահատում այս զարգացումները:

– Դատավարության ընթացքից հստակ երևում էր, որ դատարանը հակված է բավարարելու դատախազների բողոքը: Ինչ վերաբերում է հարցազրույցին, այն ցույց տվեց, որ Ռոբերտ Քոչարյանի վերադարձը որպես քաղաքական գործոն ՀՀ քաղաքական դաշտում բավական խնդիրների հետ է կապված: Նախ՝ Ռոբերտ Քոչարյանը չունի այնպիսի սոցիալական բազա, որը նրան հնարավորություն կտար դառնալ քաղաքական գործոն, առավել ևս՝ դառնալ միակ այլընտրանք գործող իշխանություններին, ինչպես փորձում են ներկայացնել քոչարյանամերձ ուժերը: Կարծում եմ՝ այսօրվա քաղաքական իրականությունում այդպիսի հեռանկարը հավանական չէ:

Քոչարյանի հարցազրույցը նաև միտված էր որոշակի ուղերձներ հղելու թե՛ իշխանություններին, թե՛ իրեն ակնհայտ կամ թաքնված աջակցող ուժերին: Դրանցից մեկն այն էր, որ տնտեսության զարգացումը Քոչարյանը կապեց հետ չնայելու հետ: Երբ լրագրողը հարցրեց, թե ինչու քաղաքական գնահատական չտրվեց Լևոն Տեր-Պետրոսյաին իշխանությանը, նա պատասխանեց, որ այդ դեպքում տնտեսական զարգացումը չէր լինի այդքան արդյունավետ: Սա մեսիջ էր իշխանություններին, որ անցյալը փակելու դեպքում հնարավոր է տնտեսության զարգացման հարցում որոշակի դերակատարում ունենան Քոչարյանը և քոչարյանամերձ ուժերը:

Մեկ այլ մեսիջ կար՝ ուղղված Արցախի իշխանություններին, որում նշում էր, որ այն տեսակը, որ այսօր կառավարում է Արցախում, նա նույնացնում էր իր հետ և դրանով մեսիջ էր հղում, որ ես ամեն դեպքում մնում եմ որոշակի դիրքերում: Նա առաջարկ էր անում չհանձնվել Հայաստանի նոր իշխանությունների որդեգրած կուրսին և շարունակել այն քաղաքականությունը, որը տարվել է մինչև հիմա: Նաև ուզում եմ նշել, որ «իզմ»-երի մասին Քոչարյանի խոսքը բավականին հիմնավորված էր, և կարծում եմ՝ գործող իշխանության բացթողումն է, որ երկրորդ նախագահն ունեցավ այդ հնարավորությունը՝ խոսել «իզմ»-երի բացակայությունից, քանի որ ժամանակակից աշխարհում «իզմ»-երի բացակայություն հասկացություն չկա: Ցանկացած ուժ, որ գործում է որոշակի դաշտում, այսպես թե այնպես առաջ է շարժվում որոշակի «իզմ»-երով:

– Քոչարյանն այդ հարցազրույցում նշեց, որ դառնում է իշխանության հիմնական հակառակորդը: Որքանո՞վ Քոչարյանը կարող է դառնալ իրական հակառակորդ գործող իշխանություններին:

– Ես արդեն ասացի, որ այս պահի դրությամբ գործող իշխանության համար միակ ընդդիմություն հասկացություն գոյություն չունի: Քոչարյանը չունի այն սոցիալական բազան, որի վրա հենվելով կկարողանա իրական ընդդիմություն ձևավորել: Դրա համար պետք է հասարակության որոշակի հատված, որը կպաշտպանի Քոչարյանին, որը կունենա գոնե համադրելի հարաբերակցություն իշխանությանը պաշտպանող ուժերի հետ: Մենք այսօր ունենք իրավիճակ, երբ Ռոբերտ Քոչարյանին պաշտպանող ուժերն ակնհայտ փոքրամասնություն են:

Բացի այդ, կան նաև այլ ուժեր, որոնք միտում ունեն աճելու և մինչև ընտրական հաջորդ փուլը՝ 2023 թվականը, կարծում եմ՝ կլինեն 3-4 բևեռներ, որոնք առողջ մրցակցության պայմաններում կորոշեն Հայաստանի հետագա քաղաքական իշխանության տեսակն ու որակը: Կոնկրետ Քոչարյանն ու քոչարյանամերձ ուժերը այսօր, այս պահին հնարավորություն չունեն լինելու այն սևը, որոնք նրանք փորձում են հակադրել սպիտակին, որպեսզի իմ ասած ընտրական շրջափուլի ավարտից հետո իրենք լինեն միակ այլընտրանք: Կարծում եմ՝ իշխանությունների շահերից էլ է բխում թույլ չտալ այսպիսի զարգացում, և հնարավորություն տալ քաղաքական դաշտում տարբեր բևեռների զարգացում:

– Քոչարյանն անդրադարձավ նաև Արցախի խնդրի կարգավորմանը՝ իշխանություններին մեղադրելով խնդիրը չպատկերացնելու, սկզբունքներ չունենալու մեջ: Նա նաև նշեց, որ ինքը հող հանձնող չի, հող գրավող է եղել։ Ինչպե՞ս եք գնահատում Ղարաբաղի խնդրի լուծման իր մեկնաբանությունը։

– Եթե նայենք փաստերին, ապա թե՛ Քոչարյանի իշխանության օրոք, թե՛ այս մեկ տարվա ընթացքում Արցախի հարցում որևէ հետընթաց քայլ չի եղել։ Եղել է մեկ բան, որ Քոչարյանի ժամանակ Հայաստանը սկսեց ուղիղ բանակցություններ Ադրբեջանի հետ։ Հարցազրույցում Քոչարյանն ասաց, որ Լիսաբոնից հետ մինչև 1998 թվականը բանակցություններ չեն եղել։

Հավանաբար ճիշտ կլիներ, որ Քոչարյանը բանակցությունների սեղանի շուրջ նստելուց առաջ դներ նաև Արցախի մասնակցության պայմանը, սակայն չեմ կարծում, որ հիմա իմաստ ունի դա քննարկել։ Եղել է այն, ինչ եղել է։ Այս մեկ տարվա ընթացքում էլ նոր իշխանությունը որևէ քայլ չի արել, որը հնարավոր լիներ հետընթաց քայլ համարել։

Բոլոր այն խոսակցությունները, թե այս իշխանությունը պետք է հող հանձնի, անիմաստ են։ Առավել ևս վարչապետը քանիցս նշել է, որ Հայաստանը ոչ մի դեպքում փոխզիջումների մասին չի խոսի, քանի դեռ Ադրբեջանը չի պատկերացնում և չի առաջարկում իր կողմից ենթադրվող զիջումները։ Արցախում հող հանձնելու մասին փոխադարձ մեղադրանքներն ավելի շատ միտված են ներքին լսարանում որոշակի միավորներ ստանալուն և չունեն որևէ հիմնավորում։

– Արդեն կարծես ավանդույթ է դարձել, երբ Քոչարյանին մեկ բռնում են, մեկ՝ բաց թողնում։ Նոր կալանավորումը որքանո՞վ կարող է վերջնական լինել՝ հաշվի առնելով, որ թե՛ հանրության արձագանքը, թե՛ դատական բարեփոխումներին միտված իշխանության ջանքերը։ Որքանո՞վ իշխանությունը կհասցնի այդ փոփոխություններն արագ իրականացնել և ունենալ հանրության վստահությունը վայելող դատական իշխանություն, որ Քոչարյանի մասով ևս արդար վճիռ կկայացնի։

– Ես կարծում եմ, որ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը վերջնական համարել հնարավոր չէ, առաջին հերթին այն պատճառով, որ դատական գործընթացը բավական բազմաշերտ է, որը պետք է հասնի իր հանգուցալուծմանը։ Ի վերջո, պետք է լինի դատարանի որոշում մեղավորության կամ անմեղության մասին։ Ես իրավաբան չեմ, չեմ ցանկանում իրավական գնահատական տալ, առավելևս չեմ ցանկանում խախտել երկրորդ նախագահի անմեղության կանխավարկածը։

Գործընթացը շարունակական է, դեռ կլինեն բողոքարկումներ Վճռաբեկ դատարանում, գուցե հնարավոր է պաշտպանները դիմեն ՄԻԵԴ։ Հնարավոր է՝ Քոչարյանի պաշտպանական խումբը պարտություններ կրի բոլոր ատյաններում, սակայն հետագայում Հայաստանի դատարանը որոշի, որ սխալ էր Քոչարյանի մեղադրանքը և արդարացնի նրան։ Այնպես որ, վերջնական կալանավորման մասին խոսելը դեռ վաղ է։ Բայց այն, որ դատական բարեփոխումների արդյունքում պետք է ունենանք հանրության վստահությունը վայելող դատարաններ, դա կարծում եմ՝ այլընտրանք չունի։

Մանե Հարությունյան

MediaLab.am