«Ռուսական դպրոց բացելու համար պետք չէ դիմել ռուսական կողմին». Հայաստանում ռուսերենը խորացված անցնում են 63 դպրոցում, 45-ում ուսուցումը ռուսերեն է

Հայաստանի հանրակրթական ուսումնական հաստատություններում ռուսաց լեզուն պարտադիր դասավանդվում է 2-րդ դասարանից: Մեր երկրի 63 դպրոցում իրականացվում է ռուսերենի խորացված ուսուցում, որից 33-ը` Երևանում, 30-ը՝ մարզերում, իսկ ռուսերենով ուսուցմամբ դասարաններ ունեցող դպրոցների թիվը 45 է:

Այդ մասին տեղեկացնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը՝ պատասխանելով «Մեդիալաբի» գրավոր հարցմանը:

Հայաստանում ռուսական դպրոցների թիվն ավելացնելու կամ ռուսերենի ուսուցումը խորացնելու մասին պարբերաբար հայտարարում է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Օրերս նույնպես նա Երևանում արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ ասուլիսում շեշտեց. «Հաշվի առնելով հայկական կողմի ցանկությունը, աշխատում ենք հանրապետությունում ավելացնել ռուսական դպրոցների քանակը, օգնում ենք բարձրացնել հայկական դպրոցների ռուսաց լեզվի ուսուցիչների որակավորումը»։

Այս հայտարարությունը ակտիվ քննարկման առիթ դարձավ, իսկ իշխանությունները հայտնվեցին քննադատությունների թիրախում, քանզի գործող բարձրագույն իշխանության շարքերում այնպիսի անձինք, են, ովքեր նախկինում պայքարել են ընդդեմ Հայաստանում օտարալեզու դպրոցների բացման: Օրինակ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, որն այդպես էլ որևէ դիրքորոշում չի հայտնել Լավրովի հայտարարության կապակցությամբ:

Այդուհանդերձ, Կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարությունից, պատասխանելով «Մեդիալաբի» հարցմանը, տեղեկացնում են, որ հայկական կողմը ռուսական դպրոցների մասին որևէ հարցով չի դիմել ռուսական կողմին:

«Եթե մեզ պետք լինի, օրինակ՝ որևէ դպրոց բացել, այդ թվում նաև՝ ռուսերենի դասարան ավելացնել Հայաստանում, մեզ պետք չէ ռուսական կողմին դիմել, մեր օրենսդրությունն այդ լիազորությունը տալիս է նախարարությանը: Մեր օրենսդրությամբ Հայաստանում ունենք հայկական դպրոցներ, որոնցում կան ռուսերենով ուսուցմամբ դասարաններ: Այդպիսի 45 դպրոց կա, որտեղ ուսուցումը կազմակերպվում է ռուսաց լեզվով, դրա կողքին կա նաև հայերեն դասարան»,- փոխանցել են ԿԳՄՍ նախարարությունից:

Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ռուսերենով ուսուցմամբ դասարաններ ունեցող 45 դպրոցների թիվը, ըստ նախարարության, բավարար է Հայաստան տեղափոխված սովորողների կրթությունն ապահովելու համար:

Ռուսաց լեզվով ուսուցմամբ դասարան ընդունելությունն իրականացվում է սահմանված կարգով: Ռուսերենով ուսուցմամբ դասարաններ ունեցող դպրոցները ֆինանսավորվում են ընդհանուր հիմունքներով:

«Չեխովի, Մայակովսկու, Պուշկինի անվան դպրոցները հիմա հայկակա՞ն են, թե՞ ռուսական: Այնտեղ կան ռուսերենով ուսուցմամբ դասարաններ, բայց դպրոցը հայկական է: Նոր ռուսական դասարաններ կարող են բացվել, եթե դրանց անհրաժեշտությունը լինի, բայց այս պահին դեռ հստակ որոշում չկա: Ռուսական դասարանների բացման հարցը կքննարկվի ըստ անհրաժեշտության, բայց, ընդգծենք, որ սա չի ենթադրում իրավական կարգավորման փոփոխություն, այսինքն՝ հստակ է ու անփոփոխ, թե ովքեր կարող են սովորել այդ դասարաններում: Կգա սեպտեմբերը, կհաշվարկենք՝ հաշվի առնելով մեր երկիր եկած ռուսական հոսքը: Եթե անհրաժեշտ լինի՝ կբացվեն նոր դասարաններ, բայց այստեղ ողբերգություն չկա, որովհետև միշտ էլ ըստ անհրաժեշտության բացվել են դասարաններ», -նշել են նախարարությունից՝ ընդգծելով, որ իրավական ակտի փոփոխություն չի լինելու, այսինքն՝ երեխան, որի ծնողները ՀՀ քաղաքացի են, չի կարող սովորել ռուսական դասարաններում:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am