«Դա մի չարիք է, որ յուրաքանչյուրին կարող է գալ ու կպնել». Յուրի Վարդանյանը` որդու եւ թմրանյութերի մասին

«Դա մի չարիք է, որ յուրաքանչյուրին կարող է գալ ու կպնել». Յուրի Վարդանյանը` որդու եւ թմրանյութերի մասին
«Դա մի չարիք է, որ յուրաքանչյուրին կարող է գալ ու կպնել». Յուրի Վարդանյանը` որդու եւ թմրանյութերի մասին

«Ի՞նչ է նշանակում մարիխուանա ծխել, դա շատ վատ երևույթ է, առավել ևս իմ տղան չպետք է անի նման բան»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հարցերին ի պատասխան ասաց Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը: 

Հիշեցնենք, որ Յուրի Վարդանյանի որդու՝ Դավիթ Վարդանյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել Իրանից առանց իրացնելու նպատակով թմրանյութ ձեռք բերելու և մաքսանենգ ճանապարհով Հայաստան տեղափոխելու փորձի համար:

Այս փուլում ընթանում է դատավարությունը:

Յուրի Վարդանյանը լրագրողներին  ասաց, որ չի միջամտում իր որդու դեմ իրականացվող դատավարության գործընթացին:

«Ոնց որ դատը պիտի գնար, այդպես էլ գնում է: Ինքն իր պատիժը պետք է կրի օրենքին համապատասխան»,- ասաց նա:

Յուրի Վարդանյանը նշեց, որ եթե ասում է չի միջամտում այդ գործընթացին, դա չի նշանակում, անտարբեր է:

«Իմ որդին է, իմ որդին իմ համար ամենաթանկն է, բաց ինչի՞ն միջամտեմ, որպես ի՞նչ միջատեմ, եթե սխալն ինքն է թույլ տվել, իր սխալի համար ինքը պետք է պատասխան տա»,- ասաց նա:

Լրագրողների դիտարկմանը, որ մյուս պաշտոնյաները նման դեպքերում օգտագործում են իրենց պաշտոնեական դիրքը, Յուրի Վարդանյանը պատասխանեց.

«Բայց նախարարական դիրքը ես օգտագործեմ իմ տղայի անձնական հարցերը լուծելու համար, էդ ինչքանո՞վ ճիշտ կլինի: Մանավանդ, որ սխալ է թույլ տվել: Ուրիշ բան՝ իմ դիրքը, իմ անունն օգտագործեի, մի հատ աշխատանքի տեղավորեի, վատ բանի համար միջամտե՞մ»:

Նա նշեց, որ նախատել է որդուն, քանի որ նա լավ բան չի արել: Նախարարը նշեց, որ ոչ ոքի նման բան չի ցանկանում:

Յուրի Վարդանյանն ասաց, որ  ինքն անընդհատ զբաղված է եղել, 16 տարի շարունակ ԱՄՆ-ում է ապրել:

«Էդ Ամերիկայում գիտեք 13 տարեկանից էդ գործերով զբաղվում են դպրոցներում, ես էլ ամբողջ ժամանակս զբաղված եմ եղել և հասարակական, և քաղաքական գործերով: Ես էլ էդ ուղղությամբ ընդհանրապես փակ մարդ եմ, իմ կյանքի մեջ մինչև էսօր չեմ տեսել, չգիտեմ, թե էդ մարիխուանան իրենից ինչ է ներկայացնում: Ես ո՞նց կարող էի ուշադիր լինեի, եթե իմ կյանքում չի եղել նման բան, եթե էդ ճանապարհն անցած լինեի, իհարկե, ուշադիր կլինի, որ իմ երեխեն չընկներ այդ գործերի մեջ»,- ասաց նա:

Յուրի Վարդանյանն ասաց, որ ընդունում է իր սխալը, պետք է ավելի ուշադիր լիներ՝ միաժամանակ նշելով, որ մյուս երկու որդիները նման արարքներ թույլ չեն տալիս:

«Դա մի չարիք է, որ յուրաքանչյուրին կարող է գալ ու կպնել: Բայց ես ուրախ եմ նրա համար, ինչ եղավ և ուրախ եմ, որ իմ տղան այսօր հասկացել է: Եվ ամենակարևորն բանն եմ ասում, ուզում եմ բոլորդ իմանաք, որ բացի ծխելուց ուրիշ ոչ մի բան չի եղել: Հլա մի բան էլ կավելացնեմ՝ նաև եղել է ցավազրկիչ, այն ինչ ապտեկայում վաճառվում է: Ոչ էլ դրսից է բերված եղել, էստեղ է ինքը ձեռք բերել: Եթե ես փողոցային լինեի ու ոչ թե սպորտսմեն, էդ գործերով էլ զբաղված լինեի, այնպես կնկատեի, որ ավելի լավ, քան որևէ մեկը: Բայց ես այդ հարցերում անտեղյակ մարդ եմ, մինչ այսօր չեմ տեսել էդ, իրան էլ ասեցի՝ բեր, մի հատ աչքովս տեսնեմ, հասկանամ, թե իրանից ինչ է ներկայացնում էդ անտերը»,- նշեց նախարարը:

© Medialab.am