ԱՄՆ-ն անմիջապես պետք է դադարեցնի ռազմական աջակցության տրամադրումն Ադրբեջանին․ կոնգրեսական

Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի իրականացրած հարձակումները հերթական վկայությունն են նրա, որ Միացյալ Նահանգները պետք է դադարեցնի ռազմական օգնության տրամադրումն այդ երկրին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին «Թվիթեր»-ի իր էջում հայտնել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Գրեյս Նապոլիտանոն։

«Ես խստորեն դատապարտում եմ Ադրբեջանի վերջին հարձակումները Հայաստանի դեմ։ Սա հրադադարի ուղիղ խախտում է և վերահաստատում է այն համոզմունքը, որը մենք միշտ ենք իմացել՝ մենք պետք է անմիջապես դադարեցնենք ռազմական աջակցություն ուղարկել Ադրբեջանին»,- մասնավորապես գրել է Նապոլիտանոն։

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը սեպտեմբերի 14-ին հայտնել էր, որ միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ հաջողվել է ձեռք բերել հրադադարի պայմանավորվածություն։

Սեպտեմբերի 13-ին ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ: Ավելի ուշ Ադրբեջանը հրետանային միջոցներ է կիրառել նաև այլ ուղղություններով: Հայկական կողմի զոհերի թիվն այս պահի պաշտոնական տվյալներով 105 է: Վիրավորում ստացած 6 քաղաքացիական անձանցից 4-ը շարունակում են բուժումը հիվանդանոցներում: