Արևմուտքն մտավախություն ունի, որ Ռուսաստանը նոր պատերազմ է հրահրում Հայաստանի ու Ադրբեջանի միջև. Անդրիաս Ղուկասյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ, Հայ կառուցողական կուսակցության նախագահ Անդրիաս Ղուկասյանը 

– Պարո՛ն Ղուկասյան, Նիկոլ Փաշինյանի մյունխենյան այցն ինչպե՞ս եք գնահատում, ի՞նչ առարկայական ակնկալիքներ կարելի է ունենալ այդ հանդիպումներից։

– Եվրամիության ու ԱՄՆ-ի համար շատ կարևոր էր Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներից լսել հավաստիացում, որ իրենք պատերազմ չեն նախաձեռնելու։ Արևմուտքը մտավախություն ունի, որ Ռուսաստանը հրահրում է նոր պատերազմ Հայաստանի ու Ադրբեջանի միջև՝ նպատակ ունենալով օգտագործել Հայաստանի օկուպացիան տարածաշրջանում իր դիրքերն ամրապնդելու, որպես խաղաղապահ ուժ այստեղ վերահաստատվելու և Հայաստանի ու Ադրբեջանի վրա ավելի մեծ ազդեցություն ունենալու համար։ 

– Իսկ Ադրբեջանն այդ հավաստիացումը կպահի՞։

– Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարների արձագանքը եղավ այն, որ իրենք հիմա որոշել են ժամանակ շահել ու այդ խաղաղության պայմանագիրը չկնքել երկար ժամանակ, մինչև տեսնեն, թե ինչպես կավարտվեն նախագահի ընտրություններն ԱՄՆ-ում, ինչ կլինի Եվրոպական միությունում հունիսին կայանալիք ընտրություններից հետո։

– Իսկ Ռուսաստանն իր հետագա գործողություններն ինչպե՞ս կկազմակերպի։

– Մոսկվան հերթական անգամ հանդես կգա հայտարարությամբ, որ Արևմուտքը փորձում է միջամտել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացին, և դա լի է վտանգներով ու կարող է բերել պատերազմի։ Այդ ստանդարտ տեքստը, հավանաբար, շուտով կլսենք։ 

– Լայնածավալ պատերազմի Ադրբեջանը կգնա՞, պարո՛ն Ղուկասյան։

– Իմ կարծիքով՝ Ռուսաստանի ղեկավարությունն ամեն կերպ հրահրում է Ադրբեջանին նման քայլի գնալու ու նաև նախապատրաստում է Հայաստանի իշխանություններին, որ պատրաստ լինեն ստորագրել հերթական կապիտուլյացիան։ Այն պատրվակով, որ լայնածավալ պատերազմ չլինի, հրադադար կնքեն որոշակի տարածքային կորստով, մոտ 2-3 հազար քառակուսի կիլոմետր նախատեսել են Հայաստանից օկուպացնել, խզել Հայաստանի կոմունիկացիաները՝ Նոյեմբերյան-Իջևան, Երևան-Կապան ճանապարհը, Սևանի հարակից ճանապարհները, մի խոսքով՝ ընդհանուր մտադրությունն այնպիսին է, որ Հայաստանի արևելյան հատվածներ այցելելուց ամեն տեղ կանգնած լինեն ռուսական ու ադրբեջանական զորքերը։

– Իսկ այդ ծրագրի դեմ գործող իշխանությունը հակառակ քայլեր ունի՞։

– Հայաստանի իշխանությունները սպասարկում են այդ ծրագիրը, իմ կարծիքով՝ դրա մեջ իրենք շահ են տեսնում, այդ ամբողջ ապազգայնացման ծրագիրը՝ Սահմանադրությունը փոխելու և այլն, ուղղված է ոչ թե պատերազմից խուսափելուն, այլ հենց մեր բանակը ու հասարակությունը թուլացնելուն, ինչպես Արցախի նշաձողի իջեցումն էր, Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելը, հո դրանք ուղղված չէի՞ն արցախահայությանը փրկելուն, ուղղված էին Արցախը հայաթափելուն, այնտեղ էթնիկ զտմանը օժանդակելուն։ Ներկայացվում է դա հանրությանը իբրև փրկության ճանապարհ, բայց մտադրությունը ճիշտ հակառակն է։ 

– Պարո՛ն Ղուկասյան, այդ դեպքում ինչպե՞ս կանխել այդ ծրագիրը։

– Դա պետք է առաջին հերթին ընկալի հանրությունը, որովհետև հանրությունն այսօր դա չի ընկալում։ Լակմուսի թուղթը պաշտպանական շրջանների հարցն է․ Հայաստանը չի ստեղծում երկաթբետոնե պաշտպանական շրջաններ Ադրբեջանի հետ շփման գծում, հասկանալի է, որ տեսանելի ապագայում խաղաղության պայմանագիր կնքել հնարավոր չէ, ու այդպիսի պաշտպանական շրջաններ ստեղծելն անհրաժեշտություն է, Հայաստանն այսօր իր ներուժով ի վիճակի է դա անելուն։ 

Հայ ժողովուրդը պետք է հասկանա, որ այսօր իշխանություններից՝ պաշտպանական շրջաններ ստեղծելու պահանջը այն հանգուցային կետն է, որի վրա սեղմելով կարելի է բերել Հայաստանում ընդհուպ իշխանափոխություն։ Ժողովրդի պահանջը կառավարությանը՝ իրականացնել դա, ստեղծելու է կոնֆլիկտ, որովհետև ներգրավված լինելով թշնամու այսպիսի պլանների մեջ, այս կառավարությունը, իհարկե, չի կարող բանակում պաշտպանությունն ուժեղացնող միջոցառումներ իրականացնել: 

Ժողովրդի հանրային աջակցություն ունեցող վերջնագիրը իշխանություններին՝ ստեղծել պաշտպանական շրջաններ, կարող է ստիպել այս իշխանություններին հեռանալ ու հիմք դառնալ նոր իշխանություն ձևավորելուն։ Նոր իշխանություն Հայաստանում կարող են լինել նրանք, ովքեր կստանձնեն երկիրը պաշտպանելու պատասխանատվություն, ովքեր կարող են ձախողել այդ միջազգային դավադրությունը Հայաստանի ու Արցախի դեմ։ 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am