«Դրական կլինի, որ այս պահին հարձակում լինի, որովհետև մենք կարող ենք և պետք է նվազագույն զոհերով վերջացնենք պատերազմը». Վահան Բադասյան

«Դրական կլինի, որ այս պահին հարձակում լինի, որովհետև մենք կարող ենք և պետք է նվազագույն զոհերով վերջացնենք պատերազմը». Վահան Բադասյան
«Դրական կլինի, որ այս պահին հարձակում լինի, որովհետև մենք կարող ենք և պետք է նվազագույն զոհերով վերջացնենք պատերազմը». Վահան Բադասյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Մարտական խաչի ասպետ Վահան Բադասյանը։

– Պարո՛ն Բադասյան, Ադրբեջանում զորավարժություններ են։ Շատ փորձագետներ պատերազմի վերսկսման վտանգ են տեսնում, քանի որ մոտենում է ապրիլը։ Որքանո՞վ եք Դուք հավանական համարում։

– Չեմ կարծում, որ դա հատուկ պետք է կապել նրա հետ, որ ապրիլն է մոտենում։ 91-ին նրանք պատերազմ սկսել են դեկտեմբերին, երբ սովետական զորքը դուրս եկավ։ 2016-ի ապրիլին նրանք սկսեցին, քանի որ ապրիլին նախորդել էին մի շարք գործողություններ նույնիսկ տարիներով։ Հատկապես, եթե հիշում եք, փետրվար-մարտ ամիսներին բազմաթիվ դիվերսիոն ներթափանցումներ են կատարել, որի արդյունքում նրանք որոշակի հաջողությունների հասել էին։ Եթե հիշում եք՝ փոքր ռազմական բազայի պայթեցում էր կատարվել 2016-ի մարտի 22-ին։

Դիվերսիոն գործողություններից հետո զոհեր էինք ունեցել։ Եվ պարզ երևում էր, որ Ադրբեջանն ինչ-որ բանի պատրաստվում էր։ Հիմա զորավարժությունը պարտադիր չէ, որ նախադեպ հանդիսանա, որ հարձակվեն և պատերազմ լինի, և ապրիլն էլ դոգմա չէ։ Իրականում հարցն այն է, որ զորավարժությունները կարող են վտանգներ ներկայացնել, և, անշուշտ, բանակի հրամանատարությունը դա գիտակցում է և երևի համապատասխան գործողություններ անում է, այսինքն՝ աչալուրջ հսկողություն, կուտակումների դեմ պատրաստվածության բարձրացում, զորքի համար առաջին պատրաստվածության դուրսբերում և այլն։ Չի կարելի հանգստանալ, մենք պետք է հավասարակշռված լինենք։ Եվ այստեղ, չեմ կարծում, որ արտառոց բան կա։

– Իսկ ինչպե՞ս եք գնահատում պատրաստվածությունը։ Օրերս էլ Արցախի բանակի հրամանատար Լևոն Մնացականյանը հրավիրել էր խորհրդակցություն, հանձնարարականներ տվել։

– Կարծում եմ՝ պատրաստվածությունը բավարար է, և համոզված եմ, որ յուրաքանչյուր ոտնձգություն արդեն ավելի հեշտ կարելի է կանխել, քան տարիներ առաջ էր։ Մեր բոլորի մեջ լարվածության թուլացվածություն կար, թե՛ վետերանների, թե՛ բանակի հրամանատարության կողմից կային բացթողումներ, ինչը հիմա չկա։ Հիմա աչալրջությունը շատ բարձր է, և ինչ-որ բան եղած դեպքում մենք ավելի շուտ կհասնենք առաջին գիծ և կկանխենք ցանկացած առաջխաղացման փորձ։ Եվ համոզված եմ նաև, որ հակառակորդը, բազմաթիվ զոհեր ունենալով, հետ կշպրտվի։ Եվ կարծում եմ՝ դրական կլինի, որ այս պահին հարձակում լինի, որովհետև մենք կարող ենք նվազագույն զոհերով վերջացնենք պատերազմը։

Վերջիվերջո, մեկ անգամ մենք պետք է վերջացնենք պատերազմը։ Որքան էլ իմ ասածը ծանր թվա, և որոշ մարդիկ չընդունեն, բայց պետք է մեկ անգամ վերջացնենք պատերազմը, այսինքն՝ մեկ անգամ պետք է պատժել Ադրբեջանին։ Հարձակումը դրական արդյունք կարող է ունենալ այն դեպքում, երբ մենք կճշտենք նաև մեր սահմանները։ Այսինքն՝ սահմանները դնենք բնական սահմանների վրա՝ Կուր-Արաքսից մինչև Ռուսաստանի սահմանն է, մինչև Կովկասյան լեռներ։ Եվ կարծում եմ՝ ի վերջո գալու է այդ պահը։ Ես միշտ ասել եմ, որ մեզ վրա դրված է ադրբեջանական կայսրության փլուզման խնդիրը, թալիշների, լեզգիների, ավարների, ցախուրների ազատագրումը դրված է մեզ վրա։ Համոզված եմ՝ դա մի օր գալու է։

– Պարո՛ն Բադասյան, ներքաղաքական կյանքում ընտրական փուլ է։ Առջևում վարչապետի ընտրություններն են։ ՀՀԿ-ականները շարունակում են խոսել Սերժ Սարգսյանի անփոխարինելիության մասին, սակայն, ըստ մամուլի տեղեկությունների, նա կդառնա պաշտպանության նախարար։ Որքանո՞վ է հավանական այս սցենարը։

– Ասեմ, որ կողմ եմ Հայաստանում իշխանության փոփոխության, կողմ եմ, որ լինի փոփոխություն, որ թարմ ուժեր գան, որ առաջխաղացում լինի, քանի որ իրավացի է Սերժ Սարգսյանը՝ մի անձը չի կարող մի քանի անգամ հավակնել երկրի բարձրագույն իշխանության պաշտոնին։ Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ առաջին դեմքը, որ կազմում է կաբինետը և ձևավորում իշխանություն, կարող է աշխատել 8-10 տարի։

Եվ համոզված եմ՝ մեր երկրում իշխանափոխության դեպքում մենք կարող ենք ավելի առաջնային իշխանություն ձևավորել՝ ի շահ Հայաստանի և հայ ժողովրդի։ Եվ դա հնարավոր է անել։ Կարծում եմ՝ առաջիկայում այդպես էլ կլինի։ Իսկ ՀՀԿ-ականները, որ խոսում են նրա անփոխարինելիության մասին, այնուամենայնիվ, Սերժ Սարգսյանը ունի կյանքի մեծ փորձ, և կարծում եմ՝ նրա հմտությունը և խիղճը թելադրելու են, որ, վերջին հաշվով, լավ է իշխանություն թողնի, այսինքն՝ այլ պաշտոններ զբաղեցնի, և վարչապետի պաշտոնում ՀՀԿ-ի կողմից այլ թեկնածու առաջադրվի։

– Այնուամենայնիվ, եթե հենց Սերժ Սարգսյանն առաջադրվի՞…

– Եթե ինքը լինի, որևէ փոփոխություն երկրում չի կարող լինել։ Սերժ Սարգսյանի օրոք մի քանի անգամ կառավարություն փոխվեց, բայց այդ փոփոխությունների արդյունքում ոչինչ չփոխվեց, միայն անձերը փոխվեցին, բայց քաղաքականությունը չփոխվեց, մնաց նույնը։ Իսկ նույնը մնալով, որքան էլ մարդը խելոք լինի, խղճով լինի և հայրենասեր լինի, լճացում է տեղի ունենում։

– Պարո՛ն Բադասյան, Հայաստանում արտագաղթի տեմպերը չեն նվազում։ Կա տեղեկատվություն, որ քառօրյա պատերազմից հետո հիմա ավելի վաղ հասակից են մարդիկ իրենց տղաներին հանում երկրից։ Կա՞ նման խնդիր։

– Այո՛, նման խնդիր կա, բայց համատարած չէ։ Ինչ խոսք, ցավալի է, բայց մյուս կողմից էլ կարող եմ ասել, որ ցավալի էլ չէ։ Ես մեկ անգամ արտերկրում ծանոթների հանդիպեցի, նրանք նոր էին տեղափոխվել, ափսոսացի, բայց հետո ուրախացա, քանի որ այդ մարդիկ այն ժամանակ էլ ոչինչ չեն արել, և նրանք՝ մնացած կամ գնացած, որևէ նշանակություն չունեն։

Խնդիրն այն է, որ կան փախչողներ, բայց կան արտագաղթողներ, ովքեր չեն կարողանում Հայաստանում հաց վաստակել, և սա ցավ է։ Եվ սրա մասին իշխանությունները պետք է մտածեն։ Տարեկան մի քանի տասնյակ հազար մարդ ընդմիշտ հեռանում է Հայաստանից, և սա մեծ ազդեցություն է ունենում մեր ժողովրդագրության վրա։ Ես ապրիլյան պատերազմի ժամանակ իմ որդու և զարմիկների հետ եմ գնացել առաջնագիծ և կարող էի բոլորին ասել, որ դուք էլ եկեք։ Գիտեք հե՞շտ բան է որդուն վերցնել, գնալ կրակի բերան։ Հեշտ բան չի։ Բայց ես դա արել եմ։ Եվ կարողանում էի բոլորին զանգել և ասել՝ ինչո՞ւ չեք դուք այստեղ։

Արդարություն ամեն տեղ պետք է լինի։ Եվ իշխանավորների որդիների՝ ծառայությունից խուսափելը համարում եմ իշխանության ամենամեծ արատներից մեկը։ Արցախում 94 թվականին խորհրդարանն օրենք ընդունեց՝ աշխատանքից ազատել այն դեմքերին, ում զավակները խուսափել են ծառայությունից։ Ոմանք դա ընդունեցին որպես մարդու իրավունքների կոպիտ խախտում, բայց օրենքը նախ պետք է ծառայի ժողովրդին։ Եվ եթե չես ուզում որդիդ ծառայի, ուրեմն չպետք է հավակնես պաշտոնի։

Մանե Հարությունյան

MediaLab.am