Ուր են գնում ադրբեջանական բանակին տրամադրված գումարները

Ուր են գնում ադրբեջանական բանակին տրամադրված գումարները
Ուր են գնում ադրբեջանական բանակին տրամադրված գումարները

«Մի վախեցեք ռազմական ոլորտին հատկացված մեծ գումարներից: Մեր կառավարությունը նախապես «հոգացել» է, եւ այդ գումարների մոտ 50 տոկոսը ծախսվում է վերանորոգումների, պետքական եւ անպետք գնումների վրա: Դա, ի դեպ, կոռուպցիայի մեծ բույն է»,- այսպես արձագանքեց Ադրբեջանի «Հանրապետական այլընտրանքային շարժման» ղեկավար, ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովը այն դիտարկումներին, որ վերջին շրջանում Ադրբեջանն էականորեն ավելացնում է իր ռազմական բյուջեն: Տեսակետները հնչեցին «Բարեփոխումների նախաձեռնությունը Կովկասի անվտանգության ինստիտուտներում» թեմայով Ստամբուլում կայացած քննարկումների ժամանակ:

Ծրագիրը կյանքի էր կոչվել գերմանական հայտնի՝ «Մարշալի» հիմնադրամի ֆինանսավորմամբ գործող Սեւծովյան տարածաշրջանային համագործակցություն եւ վստահություն կազմակերպության, Խաղաղության եւ հակամարտությունների կարգավորման կենտրոնի եւ Նորվեգական ատլանտյան կոմիտեի համատեղ ջանքերով: Ադրբեջանական պատվիրակության անդամներն իրենց ելույթներում էլ նշեցին, որ կոռուպցիան իրենց երկրի համար էլ ցավոտ երեւույթ է, քննարկումների ու քննադատության թիրախ: Քննարկմանը թեեւ մասնակցում էին Սեւծովյան տարածաշրջանը ներառող գրեթե բոլոր պետություններից ներկայացուցիչներ, հիմնական բանավեճերը, սակայն, հայ եւ ադրբեջանցի, ռուս եւ վրացական պատվիրակների միջեւ էին, որոնք, բնականաբար, ներառում էին ԼՂՀ հարցին եւ ռուս-վրացական կարճատեւ պատերազմին վերաբերող դրվագներ: Ադրբեջանցիները, իհարկե, հիշեցին «20 տոկոս օկուպացված» տարածքների մասին, փորձեցին հայկական կողմին մեղադրանքներ ներկայացնել վերջին սահմանային միջադեպերի առիթով: Հայաստանյան կողմը ներկայացնող «Ալյանս հանուն դեմոկրատիայի» հասարակական կազմակերպության ղեկավար Գեւորգ Մելիքյանը եւ Տարածաշրջանային հետազոտությունների եւ խորհրդատվության խմբի անդամ Սուրեն Մովսիսյանն իրենց պատասխան ռեպլիկներում հակադարձեցին, որ «Հայաստանը պատերազմ չի ուզում», որ «դեմոկրատները չեն պատերազմում»:Կարդալ ավելին