Խիստ մտահոգիչ ու կասկածելի են ազատ մամուլի կայացմանն ու հզորացմանը հասնելու Փաշինյանի ճանապարհները. Բորիս Նավասարդյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Երևանի մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանը 

– Պարո՛ն Նավասարդյան, Նիկոլ Փաշինյանը Հանուն ժողովրդավարության երկրորդ գագաթնաժողովի շրջանակում անցկացվող «Լրատվամիջոցների ազատությունը որպես ժողովրդավարության անկյունաքար» խորագրով առցանց միջոցառմանը իր ելույթում նշել է, որ Կառավարությունն ապահովում է ազատ մամուլի զարգացման համար անհրաժեշտ բոլոր մեխանիզմները։ Ընդհանուր ելույթն ինչպե՞ս եք գնահատում։

– Դրական է, եթե վարչապետն իսկապես մտադրություն ունի, որ Հայաստանում ապահովվեն ազատ մամուլի կայացումն ու հզորացումը, բայց դրան կարելի է հասնել տարբեր ճանապարհներով։ 

Վարչապետի պատկերացումներն այդ ուղղությամբ մի փոքր մտահոգություններ են առաջացնում, որովհետև նա փաստորեն շարունակում է այն պրակտիկան, որ ինչ-որ առանձին վերցրած լրագրողներ կարող են հատուկ տեղեկություններ հաղորդել, որոնք ունեն գաղտնիության ինչ-որ աստիճան, մինչև իսկ դա կարող է լինել պետական գաղտնիքի տարածում՝ խորհրդապահական խողովակներով։ 

Կամ մեկ այլ երևույթ. մամուլի ասուլիսների ժամանակ այնպիսի տեղեկություններ են տարածվում, որոնք ևս կարծես թե պետք է հանրության սեփականությունը դառնան նույնիսկ առանց մամուլի ասուլիսների, որովհետև վարչապետի մամուլի ասուլիսները կարող են լինել մի քանի ամիսը մեկ, իսկ տեղեկություն ստանալու իրավունքը միշտ պետք է գործի։ 

Ավելի նպատակահարմար կլիներ, որպեսզի ազատ ու որակյալ մամուլի զարգացման ուղի ընտրվեր հարցերի լուծումը ինստիտուցիոնալ եղանակով, բայց վերջին տարիների ու ամիսների ընթացքում մենք այդ մակարդակով տեսնում ենք հակառակը: 

Մենք արդեն հոգնել ենք այն մասին խոսելուց, որ խստացումներն ու սահմանափակումները, որոնք 2019 թվականից ի վեր իրականացվում են քրեական ու քաղաքացիական օրենսդրության մակարդակով, վերջին փոփոխությունները «Պետական գաղտնիքի մասին» և «Տեղեկատվության ազատության մասին» օրենքներում, ևս մեկ անգամ սահմանափակում են հանրային տեղեկության հասանելիությունը և՛ քաղաքացիների, և՛ լրագրողների համար։ 

Մեր մտահոգություններն են առաջացնում նաև այն քննարկումները, որոնք տեղի են ունենում «Ռազմական դրության մասին» օրինագծի շուրջ, որում կարելի է տեսնել միտումներ, որ լրատվամիջոցները և լրագրողները իշխանության կողմից դիտարկվում են որպես սպառնալիք, վնաս հասցնող կառույցներ, այլ ոչ թե պետության գործընկերներ, որոնք նպաստում են, որպեսզի արդյունավետ հանրային կառավարում տեղի ունենա տարբեր, այդ թվում նաև՝ ռազմական իրավիճակներում։ 

Այսպիսով, ընդհանուր մտադրությունը կարելի է դրական համարել, բայց դրանց հասնելու ճանապարհները խիստ մտահոգիչ ու կասկածելի են։

– Մինչ այս իշխանության կողմից արված քայլերը նպաստո՞ղ էին մամուլի ազատության համար։

– Ես կարող եմ ասել, որ մեզանում մամուլի ազատությունը մի տեսակ տարերային մակարդակով է լինում, այսինքն՝ այդ ուղղությամբ պետական քաղաքականություն չի իրականացվում, նաև մենք չենք տեսնում ինչ-որ շատ խիստ գործողություններ մամուլի նկատմամբ, ինչը բերում է նրան, որ մեր լրատվական դաշտում մի տեսակ քաոտիկ վիճակ է: 

Այնտեղ կարող են մեծ հաջողությամբ գործել այնպիսի կառույցներ, որոնք ապատեղեկատվություն են տարածում, ու նրանց և սպառողներին իսկապես որակյալ արտադրանք առաջարկող լրատվամիջոցների գործունեության համար պայմանների միջև տարբերություն չկա, ու դա է պատճառը, թե ինչու մենք այսօր տարբեր հայեցակարգային առաջարկությունների միջոցով փորձում ենք այդ հարցը կարգավորել, այսինքն՝ որպեսզի այն լրագրողներն ու լրատվամիջոցները, որոնք գործում են որակյալ ու պատասխանատու լրագրության շրջանակներում, ավելի մեծ տեղ զբաղեցնեն մեր ընդհանուր մեդիա դաշտում։ 

– Պարո՛ն Նավասարդյան, իսկ ինչո՞ւ իշխանությունը չի անում ձեր ասած համակարգային փոփոխությունը, չի՞ կարող, թե՞ ցանկություն չկա։

– Կարծում եմ, որ չկա գիտակցումը, կամ կա գիտակցման պակաս, որ դա անհրաժեշտ է, եթե մենք ուզում ենք իսկապես կազմակերպված ու ժողովրդավարական սկզբունքների վրա հիմնված պետություն ունենալ։ Դա միգուցե հասկանալի է, որովհետև քաղաքական որոշում կայացնողների մի մասն ուղղակի կարող է իրազեկ չլինել, թե ինչպիսի քաղաքականության միջոցով կարելի է լավ արդյունքի հասնել, ու այստեղ, իհարկե, կարևոր է, որ այդ խորհրդակցական գործընթացը, շփումը հանրության հետ ինտենսիվ ու հետևողական լինեն։ 

Մենք այդ ուղղությամբ ունենք կոնկրետ առաջարկներ, նույնիսկ անցյալ տարի՝ ապրիլին, առաջարկել ենք և՛ օրենսդիր, և՛ գործադիր իշխանությանը ստորագրել համատեղ հուշագիր հայեցակարգային մոտեցումներն առաջ տանելու համար: Այն ստորագրվեց, բայց առայժմ պրակտիկ մակարդակով մենք չենք տեսնում, որ իշխանության երկու թևերի ներկայացուցիչները այդ հուշագիրը լուրջ են ընդունում, թեև դեռ շարունակում ենք այդ ուղղությամբ աշխատանքը ու հուսով ենք, որ արդեն այս տարի ինչ-որ արդյունքների կհասնենք։

– Որ Հայաստանը ժողովրդավար երկիր է, իշխանության ամենատարբեր ներկայացուցիչներ, այդ թվում՝ գործադիրի ղեկավարը բազմիցս տարբեր հարթակներից հայտարարում են, իսկապե՞ս Հայաստանը կարելի է համարել ժողովրդավար երկիր՝ ձեր դիտարկմամբ։

– Եթե վերցնենք ժողովրդավարության առանձին ուղղություններ, ապա տարբեր արդյունքներ կստանանք։ Ժողովրդավարությունը շատ դեպքերում հասկացվում է բավականին նեղ իմաստով, այսինքն՝ եթե երկրում տեղի են ունենում ընտրություններ, որոնք հասանելի են տարբեր քաղաքական ուժերի համար, ու տեղի է ունենում մրցակցություն, ուրեմն այդ երկիրը ժողովրդավար է։ 

Բայց ես կարծում եմ, որ ժողովրդավարությունը շատ ավելի խոր իմաստ ունի․ բացի ընտրություններից, անհրաժեշտ է, որ ընդհանրապես ստեղծված լինեն մեխանիզմներ, որոնք թույլ են տալիս հասարակության լայն շերտերին մասնակցել որոշումների կայացման գործընթացին, բնականաբար՝ ամեն մեկն իր չափով, բայց համակարգը, որտեղ ցանկացած քաղաքացու ձայնը որոշիչ չի դառնում, իսկ դա այդպես չի կարող լինել, որովհետև առանձին քաղաքացին կամ քաղաքացիների առանձին վերցրած խումբն ինչ-որ բան որոշի, ու դա անմիջապես դառնա պետական մակարդակով որոշում, սակայն բոլորի ձայնը, շահերը պետք է հաշվի առնվեն։ 

Մենք կարող ենք խոսել իրական ժողովրդավարության մասին, միայն եթե այդ մեխանիզմն արդյունավետ է աշխատում: Հայաստանը դեռ չի հասել նման ժողովրդավարության, չէի ասի, թե այդ ուղղությամբ ինչ-որ հետևողական աշխատանք է կատարվում, բայց չեմ բացառում, որ կան հնարավորություններ զարգացնելու այդ հանրային լայն մասնակցությունը՝ որոշումների կայացման ամբողջ ընթացքում։ 

Այդ ամենում, սակայն, պետք է լինեն շահագրգռվածություն ու քաղաքական կամք, իսկ դրանք ձևավորվում են այն դեպքում, եթե ներքևից ճնշում ու պահանջ կան, որ պետական կառույցները հաշվետու լինեն։ Ցավոք, մեր հասարակությունն այնպիսի դեպրեսիվ վիճակում է, որ այդ պահանջի ձևավորման գործընթացը բավականին պասիվ է, իսկ իշխանությունը դրան ինքնակամ չի գնա։ Մարդիկ, որոնք հասկանում են նման միջավայրի անհրաժեշտությունը, պետք է ավելի վճռական ու հետևողական լինեն։ 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am