«Պյոտրը թուրք ա նկատել, ուզեցել ա գերի վերցնի, թուրքը նռնակը գցել ա, զոհվել ա». հետախույզ որդու կորստից հետո մայրն ասում է՝ կյանքը կանգ է առել

31-ամյա հետախույզ Պյոտր Սարգսյանը զոհվել է 44-օրյա պատերազմի ժամանակ Ջրականում, երբ զինակիցների հետ գնացել է հակառակորդի վերահսկողության տակ անցած դիրքերը հետ գրավելու:

«Կողքի դիրքերը որ վերցրել են Ջաբրայիլից, եկել են, ասել՝ ովքե՞ր են գալիս, մի քանիսով գնացել են՝ իմանալով, որ կարող ա հետ չգան։ Էդ ժամանակ Պյոտրը թուրք ա նկատել, ուզեցել ա բռնի, գերի վերցնի, թուրքը նռնակը գցել ա, դրանից ինքը զոհվել ա»,- հուզմունքով պատմում է Պյոտրի բարեկամուհին՝ 39-ամյա Առլետա Սարգսյանը։ 

Պյոտր Սարգսյանը ընտանիքի կրտսեր որդին էր, իր հոգածության ներքո էր մոր խնամքը։ Մայրը՝ 66-ամյա Անահիտ Սարգսյանը երիկամների անբավարարություն ունի, տասը տարի է՝ բուժում է ստանում, շաբաթական երեք անգամ հեմոդիալեզ է ստանում։ 

Տղայի զոհվելուց հետո մոր առողջական վիճակը կտրուկ վատացել է, որդու ողբերգական մահը, սթրեսային վիճակը էլ ավելի ծանրացրել են առանց այն էլ առողջական լուրջ խնդիրներ ունեցող Անահիտի վիճակը, բժիշկները թույլ չեն տալիս տուն գնալ, այժմ Ստեփանակերտի հիվանդանոցներից մեկում է բուժում ստանում։

Մայրն ասում է՝ մի կողմից առողջական լուրջ խնդիրները, մյուս կողմից՝ տղայի անդառնալի կորուստը կյանքը դարձրել են տանջանք ու տառապանք:

«Շատ վատ, շատ ծանր եմ տանում տղայիս կորուստը, ես 10 տարի է՝ հիվանդ եմ, դիալիզ եմ ստանում, ինքն էր ինձ նայում, տանում-բերում։ Թոռնիկներս մոտս են լինում, բայց տղաս իմ հենարանն էր»,- արտասվելով ասում է 66-ամյա կինը։

Անահիտ Սարգսյանը Հադրութից է, տղան՝ Պյոտրը, բանակում ծառայությունն ավարտելուց հետո ծառայության է անցնել Հադրութի հատուկ նշանակության վաշտում, այնուհետև մեկնել Ռուսաստան, սակայն ապրիլյան քառօրյա պատերազմն սկսվելուց հետո վերադարձել է հայրենիք և մտել զինծառայության։

Հարազատները պատմում են, որ Պյոտրը շատ էր սիրում հայրենիքը, ասում էր՝ հերոսների արյան գնով պահված հողերը պետք է պաշտպանել, երբեք չպետք է նահանջել: 

«Ինքն այդպես էլ վարվեց։ Գնաց՝ գիտակցելով, որ կարող է չվերադառնա։ Միշտ ասում էր, որ ծառայում ես, պետք է քո ազգին նվիրված ծառայես»,- հուզմունքով ասում է Առլետա Սարգսյանը։

Պյոտր Սարգսյանը հետմահու արժանացել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի: 

Հարազատները Պյոտրին հիշում են ժպտերես, ուրախ, ընկերասեր, հոգատար ու շատ ուշադիր։ Պյոտր Սարգսյանը տուն էր կառուցում Հադրութում, մտադիր էր ամուսնանալ, ընտանիք ստեղծել, երեխաներ ունենալ: 

«Բայց ոչ այդ տունը կա, ոչ էլ ինքը»,- հոգոց հանելով ասում է Առլետա Սարգսյանը։

Հարազատները Պյոտրի զոհվելու մասին իմանում են զոհվելու նույն օրը՝ հոկտեմբերի 1-ին։ Հուղարկավորում են Հադրութում, այնուհետև, երբ Հադրութն անցնում է Ադրբեջանի վերահսկողության տակ, վերահուղարկավորում են Ստեփանակերտի եղբայրական գերեզմանում։

Պյոտրի մահից հետո Սարգսյանների ընտանիքում կյանքը կանգ է առել, ցավն ու կսկիծը որևէ կերպ չեն սփոփվում։ 

«Չնայած ինքը շատ ուրախ ու ժպտերես տղա էր, միշտ կուզեր, որ մենք էդքան չսգանք իրա համար, կյանքը շարունակվեր, բայց մեկ ա, էլի չի ստացվում»,- արցունքները խեղդելով ասում է Առլետան։

Արփինե Արզումանյան

MediaLab.am