Հոկտեմբերի 1-ի մարտերում հայկական կողմն ունեցել է 54 զոհ, մեծ թվով վիրավորներ․ Արցախ ՊԲ․ Տեսանյութ

Հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում իրենց կյանքը զոհաբերել են Պաշտպանության բանակի 54 մարտիկներ։ Վիրավորների քանակը ճշտվում է։ Բավականին շատ վիրավորներ ունենք։ Այդ մասին այսօր առավոտյան տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարեց Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանը։

Ներկայացնելով հոկտեմբերի 1-ի մարտերի ընթացքը, Սարգսյանը հայտարարեց, որ երեկ ինտենսիվ մարտեր են ընթացել ամբողջ ռազմաճակատով, և հակառակորդը շարունակել է գրոհել ՊԲ մարտակարգերը՝ կիրառելով ինքնաթիռներ, ուղղաթիռներ, ծանր հրանետներ, հրթիռահրետանային ողջ զինանոցը, օգտագործել է նաեւ զրահատանկային եւ հատուկ նշանակության ստորաբաժանումներ։

Մարտական գործողությունների դինամիկան, կիրառված սպառազինությունը, ռազմական տեխնիկան և անձնակազմի քանակը, ըստ Սարգսյանի, աննախադեպ են եղել՝ հատկապես հյուսիսային և հարավային ուղղություններով։ Օպերատիվ-մարտավարական և մարտավարական իրադրությունում էական փոփոխություններ չեն գրանցվել։

Նա նաև ասաց, որ գիշերվա ընթացքում լարվածությունը մի փոքր թուլացել է, սակայն հրետակոծումները շարունակվել են անընդմեջ։ «ՊԲ ստորաբաժանումներն իրենց առջեւ դրված խնդիրները կատարել են փայլուն և անթերի՝ ձախողելով հակառակորդի առաջխաղացման բոլոր փորձերը», -նշեց նա։

ՊԲ հրամանատարի ղեկավարի տեղակալի խոսքով, թշնամին, անհաջողություն կրելով, այս անգամ ևս թիրախավորել է հայկական բնակավայրերը և խաղաղ բնակչությանը, մասնավորապես՝ Մարտունի, Մարտակերտ, Հադրութ քաղաքները, որի ընթացքում վիարվորվել են լրատվամիջոցների ներկայացուցիչներ։

Մանրամասն՝ տեսանյութում