Մարտունի քաղաքի մի խումբ բնակիչներ արգելել են հոգևոր հովիվին մուտք գործել եկեղեցի՝ փակելով եկեղեցու դուռը.Գեղարքունյաց թեմը մտահոգված է

Գեղարքունյաց թեմի հայտարարությունը ներկայացնում ենք ստորեւ։

«Խիստ մտահոգված ենք Գեղարքունյաց թեմի Մարտունի համայնքում տեղի ունեցած միջադեպով։ Տարվույս դեկտեմբեր 11-ին Մարտունի քաղաքի մի խումբ բնակիչներ արգելել են հոգևոր հովիվ Տեր Սիմոն քահանա Տեր-Մկրտչյանին մուտք գործել եկեղեցի՝ փակելով եկեղեցու դուռը, հայհոյելով և հրմշտելով քահանային։

Պատճառը, ինչպես նրանք են պնդել, եղել է քահանայի մասնակցությունը Երևանում տեղի ունեցած դեկտեմբեր 5-ի հանրահավաքին, քարոզներում նրա կողմից «քաղաքական հայտարարություններ» հնչեցնելը և այլ դժգոհություններ։ Միջադեպից անմիջապես հետո առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տ․ Պարթև վարդապետ Բարսեղյանն այցելել է Մարտունի համայնք՝ Սբ. Աստվածածին եկեղեցի, հանդիպել քահանայից դժգոհող անձանց հետ՝ հորդորելով զերծ մնալ անհանդուրժողականությունից և հայհոյանքներից և առաջնորդվել քրիստոնեական սիրով և գիտակցությամբ, որպեսզի խաղաղ մթնոլորտի մեջ լուծում տրվի առաջացած խնդրին։

Հայր Սուրբը անընդունելի է համարել տեղի ունեցած միջադեպը՝ եկեղեցու դուռը փակելը և քահանայի հասցեին վիրավորանքներ ու հայհոյանքներ հնչեցնելը։

Ի շարունակություն այդ հանդիպման՝ առաջնորդական տեղապահը կիրակի՝ 13.12.2020թ. Սուրբ Պատարագ է մատուցել Մարտունու Սբ. Աստվածածին եկեղեցում և հավարտ Սուրբ Պատարագի կրկին հանդիպել քահանայից դժգոհ անձանց հետ՝ նշելով, որ խնդիրը պետք է լուծել սիրո և խաղաղության մթնոլորտի մեջ՝ համաձայն եկեղեցական կարգուկանոնի։

Ըստ այդմ, եթե որևէ համայնքում եկեղեցականի հանդեպ առկա է դժգոհություն, առավել ևս քաղաքականությամբ զբաղվելու մեղադրանք, ապա համայնքի բնակիչների կողմից գրավոր, փաստարկված, բողոք է ուղղվում թեմակալ առաջնորդին, ով հարցը ներկայացնում է եկեղեցական համապատասխան կարգապահական ատյանին (Հայ եկեղեցու կարգապահական հանձնախումբ)։ Հանձնախմբի կողմից հարցի քննությունից հետո հրապարակվում է որոշումը, որով քահանայի հանդեպ մեղադրանքները հերքվում կամ հաստատվում են։

Մեղադրանքի հաստատումից հետո է միայն քահանան ենթարկվում կարգապահական տույժի։

Մեր եկեղեցին առաջնորդվում է իր կարգուկանոնով և ոչ թե փողոցային դատաստաններով և այլ մոտեցումներով։ Նկատի ունենալով հայաստանյան ներքաղաքական և հետպատերազմական լարված իրավիճակը, ուզում ենք հավատալ, որ վերոհիշյալ միջադեպը կազմակերպված և ուղղորդված չէ հակաեկեղեցական կամ այլ ուժերի կողմից։

Վերստին հորդորում ենք քահանայից դժգոհող Մարտունի համայնքի բնակիչներին սիրո և հանդուրժողականության մթնոլորտի մեջ համախմբվելու եկեղեցու շուրջ՝ դրսևորելով հարգանք և քրիստոնեական գիտակցություն՝ չխաթարելու համար համայնքային խաղաղ կյանքը։

Այսօր առավել քան երբևէ մեր ժողովրդին անհրաժեշտ է միաբան լինել, միմյանց հանդեպ փոխադարձ հարգանքով և սիրով, հանդուրժել այլակարծությունը, որպեսզի

Տիրոջ օգնականությամբ և օրհնությամբ, համերաշխ մթնոլորտի մեջ, հնարավոր լինի հաղթահարել ազգային մեր կյանքի այս դժվարին իրավիճակը։

ՄԱՄԼՈ ԴԻՎԱՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ 13.12.2020»։

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԵՂԱՐՔՈՒՆՅԱՑ ԹԵՄԻԽիստ մտահոգված ենք Գեղարքունյաց թեմի Մարտունի համայնքում տեղի ունեցած միջադեպով։…

Posted by Հայ Առաքելական Եկեղեցու Գեղարքունյաց Թեմ on Sunday, December 13, 2020